ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Արխիվ 12-16ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Սննդային թունավորումների բռնկումներ 2012, 2013 թվականների համեմատ, 2014-ին չեն գրանցվել: Այս մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ: Մասնագետի փոխանցմամբ`այս տարի սննդային թունավորման եզակի դեպքեր են եղել: Հիմնական պատճառը. հիգիենայի պայմանները չեն պահպանվել:
«Իրավունքի» այն հարցին, թե ինչի հետ է մասնագետը պայմանավորում դեպքերի պակասը, Մ. Բաբայանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ազգաբնակչությունն ավելի գրագետ է դարձել, իրենց դերն ունեն մասնագիտական հորդորները»:
Այնուամենայնիվ 2014թ., ըստ բանախոսի, արձանագրվել է սննդային թունավորման բոտուլիզմի 4 դեպք` 6 տուժածով, առանց մահվան ելքի: Դեպքերը արձանագրվել էին Շիրակի, Տավուշի մարզերում:
Բանախոսը նկատեց, որ այս տարի ավելացել են սնկերից թունավորման դեպքերը: Գրանցվել է 20 դեպք` 29 տուժածով: 2013 թվականին նույն ժամանակահատվածում գրանցվել է 16 դեպք 24 տուժածով: Մ. Բաբայանի խոսքով` սնկից թունավորումներ ավելի շատ արձանագրվում են Լոռու մարզում:
Սննդային թունավորումները, ըստ Մ. Բաբայանի, առաջանում են, երբ սննդում օգտագործում են ախտածին մանրէներով վարակված սննդամթերք: «Անցյալ տարիներին դեպքեր են եղել, երբ արձանագրվել են կրեմային հրուշակեղենից թունավորման դեպքեր` տնային պայմաններում պատրաստված: Ունեցել ենք դեպքեր, երբ օգտագործել են աղցաններ, որոնք ճիշտ չեն պատրաստել եւ ճիշտ չեն պահպանել կամ հիգիենիկ պայմանները բավարար չեն եղել»,- ասաց մասնագետը:
Սննդային թունավորումներից զերծ մնալու համար, տիկին Բաբայանը խորհուրդ տվեց պահպանել սննդի անվտանգության կանոնները: «Պետք է լավ լվանալ սննդամթերքը եւ այն պարագաները, որոնք օգտագործվում են կերակուր պատրաստելու համար. դանակներ, մակերեսներ եւ այլն: Չմոռանալ նաեւ ջերմային ռեժիմի մասին»:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

