Ցավոք, Էդիկ Անդրեասյանի տարիքը միայնակ է ժամանել՝ առանց իմաստության. ՕԵԿ խոսնակի պատասխանը Էդիկ Անդր
Արխիվ 12-16|
Ցավոք, Էդիկ Անդրեասյանի տարիքը միայնակ է ժամանել՝ առանց իմաստության. ՕԵԿ խոսնակի պատասխանը Էդիկ Անդրեասյանին |

Դեռևս 2 տարի առաջ առիթ ունեցել եմ անդրադառնալ Էդիկ Անդրեասյան անուն ազգանունով լրագրողին, ով պարբերաբար ու «ջանասիրաբար» գրում է ՕԵԿ-ի մասին: Այսօր էլ է գրել: Գրում-գրում է, իր գործն է, մարդն էլ այդկերպ է փող աշխատում: Բայց այս մարդը այդպես էլ չի հասկանում, որ իր անընդհատ կրկնվող, ժանգոտած ու բթացած արգումենտները ոտքի տակի փալասի նման արդեն վաղուց քայքայվել են ու կորցրել են իրենց PR ազդեցությունը:
Տպավորություն է, թե այս մարդը շուրջ մեկ տասնամյակ ժամանակից հետ է ընկել: Այ ընկեր, ժամանակն արդեն ամեն ինչ իր տեղը դրել է, բոլոր հարցերը իրենց պատասխանները ստացել են, իսկ քաղաքական գործընթացները ժամանակի այս շղթայում ցույց տվեցին, թե ովքեր են հանուն իրենց մի պատառ պաշտոնի համար պատրաստ ծախվել մեկ իշխանությանը, մեկ ընդդիմությանը, մեկ-մեկ էլ երկուսին միասին վերցրած:
Մի հայտնի խոսք կա՝ «ընդհանրապես իմաստությունը տարիքի հետ է գալիս»: Բայց վերստին զարմանում եմ՝ ի՞նչ է, այս մարդու մոտ տարիքը միայնա՞կ է ժամանել:
Գրիչդ հեռու տար ՕԵԿ-ից, այլապես հաջորդ անգամ կմերկացնեմ քո ու քո տերերի ողջ էությունն ու տեսակը, հանգիստ զբաղվիր քո խզբզանքներով, գրիր նախևառաջ ձերոնց մասին, որոնց, որքան էլ տարօրինակ է, երբևէ, որպես «անկախ և անաչառ վերլուծաբան», ոչ մի կերպ չես անդրադառնում` անկախ նրանից. թե նրանք ճիշտ են թե` սխալ, գրիր նրանց քաղաքական անխոսուն անցյալի, լղոզված ու անհասկանալի ներկայի ու առավել ևս անխոստումնալից ապագայի մասին: Էդ դեպքում մի կարգին գործ արած կլինես հայրենիքիդ ու ժողովրդի համար: Այն նույն ժողովրդի, ով թքած ունի, թե դու ու քո նմանները ինչ են գրում, ինչպես են գրում, ում մասին են գրում և հանուն ինչի են գրում: Նրանք շատ լավ տեսնում ու հասկանում են, թե ով ով է:
Արթուր Բաղդասարյան գործչի` այս տարիների աշխատանքն ու քաղաքական կեցվածքը քո ոսպի չափ ուղեղի ընկալելու բանը չէ: Դրա համար պետք է տարիքիդ հետ գար նաև իմաստությունը:
Չեմ ուզում անդրադառնալ գրածդ հոդվածի դետալներին, քանի որ, ի տարբերություն քեզ, ես իմ ժամանակը թանկ եմ գնահատում ու այն մշտապես օգտագործում եմ ինչ-որ հանրօգուտ բան անելու համար:
Մի հանգամանք ևս. Աչքներիս առաջ է, թե ովքեր են վերածվել ապաքաղաքական կառույցի, կցորդ ՀԿ-ի, ովքեր են ուղղություն վերցել «քաղաքական գերեզմանոց», ովքեր են քաղաքականությունը դարձրել սակարկությունների ու առուծախի մեծ ու բաց շուկա, ովքեր են շունչները պահած սպասում մի փոքր առիթի դեպքում իշխանություն վերադառնալուն: Դրա համար էլ հատորներով օրակարգեր են մշակում և հրամցնում իշխանություններին: Այո, աչքներիս առաջ է ու ես էլ կարող եմ դրանց մասին բաց տեքստով խոսել, սակայն չեմ անում: Չեմ անում ոչ թե նրա համար, որ քեզնից ու քո տերերից եմ վախենում, այլ նրա համար, որ ունենք անցած ճանապարհ, ունենք խոհեմություն ու հանդուրժողականություն:
Ինչ վերաբերում է «Հրապարակ»-ին:
Պատմությունը նման է հետևյալին, լինում են չէ՞ այսպիսի իրավիճակներ՝ Էն որ թերթը կորցնում է հույսը, սպասելիքը, որի պատճառով սկսել է ջղաձգվել: Դա է:
Մյուս կողմից իրեն ընդդիմադիր համարող «Հրապարակը» «հարձակվում» է ընդդիմադիր կուսակցության վրա: Ցավալի է, բայց ինչ արած՝ ընկալումների խնդիր է:
Այդուհանդերձ, ձեր թերընկալումներն ու չարությունը մի «փաթաթեք ընթերցողների վզին»: ՕԵԿ-ի նկատմամբ ձեր կողմից իրականացվող հակաքարոզչության շահադրդումը մեզ համար պարզ ու հասկանալի է: Մի ստիպեք ինձ դա պարզ ու հասկանալի դարձնել նաև հանրության համար: Հավատացեք՝ դրանց լավ բան չի ստացվի:
Գրում է Արթուր Միսակյանը ֆեյսբուքյան իր էջում

