ՀԻՄԱ ԻՐԱՆՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՐՑԱԽ. ՏՈԻՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
Արխիվ 12-16ՀԻՄԱ ԻՐԱՆՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԳԱԼԻՍ ԱՐՑԱԽ. ՏՈԻՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ
Վերջին տարիներին Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները կազմակերպում են տուրիստական այցելություններ դեպի Արցախ: «Իրավունքի» թղթակիցը մի քանի տուրիստական գործակալությունից հետաքրքրվեց՝ Արցախ մեկնող զբոսաշրջիկների կազմում, որքան են կազմում Իրանի քաղաքացիները: Հարցադրումը պատահական չէ, քանի որ Ադրբեջանը, Հայաստանի հետ ունենալով որևէ պաշտոնական հարաբերություն,մեր երկրի մասին կարող է տեղեկատվություն ստանալ Իրանի միջոցով`մասնավորապես տեղեկություններ հավաքելու նպատակով Բաքվի լրտեսները քաղաքացիություն ստանալով Իրանում, զբոսաշրջիկի անվան տակ հանգիստ կարող են շրջել մեր երկրում:
«Բոգեմա լենդ» տուրիստական գործակալության տնօրեն Նելլի Տոնոյանն ասաց, որ իրենց հաճախորդներից Արցախը հիմնականում ցանկանում են տեսնել Հայաստանում ապրող հայերը: «Նրանց տանում ենք Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Տիգրանակերտ, Ասկերան»,- մանրամասնեց տուրիստական գործակալության ղեկավարը:
Արցախի մյուս տարածքներ, օրինակ, Քարվաճառ, Ասկերան, Հորադիզ, Ֆիզուլի, «Բոգեմա լենդը» տուրիստական այցեր չի կազմակերպվում՝ նախ և առաջ հաշվի առնելով զբոսաշրջիկների անվտանգությունը, ավելին՝ զբոսաշրջիկների մեծամասնությունը ցանկություն էլ չի հայտնել այդ տարածքներ այցելելու:
Արցախում գործող «Արմ թուր» տուրիստական գործակալության ղեկավար Արման Աբգարյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՂ-ը հիմնականում ցանկանում են տեսնել հայերը. «Ես ինքս ջավախքցի եմ, և Արցախ հիմնականում ուղղորդում ենք ջավախեցիների»:
Ինչ վերաբերում է ԼՂ-ի մյուս տարածքներ, օրինակ, Քարվաճառ, Ասկերան, Հորադիզ զբոսաշրջիկներ տանելուն, ապա այս դեպքում, ըստ Ա. Աբգարյանի, գործում է «հաճելին համատեղել օգտակարի» հետ սկզբունքը. Արցախի այս տարածքներ գալիս են հիմնականում զինծառայող ունեցող ընտանիքները:
Քանի որ գործակալությունը նոր է հիմնվել, օտարերկրյա քիչ ազբոսաշրջիկներ են առայժմ օգտվում տուրիստական այս գործակալության ծառայություններից: «Արտասահմանցիների երկու խումբ ենք դեռ ունեցել, որոնց մեջ Իրանի քաղաքացիներ չեն եղել: Բայց ասեմ ձեզ՝ ականատես եմ եղել, որ Իրանի պետհամարանիշով ավտոբուսով իրանցիները գալիս են Արցախ՝ հատկապես Շուշիում գտնվող Գյոհվար Աղայի ներքին մզկիթը տեսնելու: Կարծում եմ՝ հիմա իրանցիներն ավելի շատ են գալիս ԼՂ»:
«Հյուր սերվիս» տուրիստական գործակալության մենեջեր Մարիաննա Քոսակյանի խոսքով էլ իրենց հաճախորդներից հիմնակում օտարերկրացիներն են ցանկանում տեսնել Արցախը: Ինչպես նախորդ տուրիստական գործակալությունները, «Հյուր սերվիսը» ևս զբոսաշրջիկներին տանում է Ստեփանակերտ, Գանձասար, Ասկերան, Շուշի, Տիգրանակերտ: Ազատագրված մյուս տարածքներ զբոսաշրջիկների հոսք գրեթե չկա: Մարիաննա Քոսակյանը չհերքեց տարածված այն տեղեկությունները, թե Արցախ մեկնողների շարքում լինում են Իրանի քաղաքացիներ, պարզապես հստակ վիճակագրական տվյալներ դժվարացավ ասել:
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ կարծում է, որ մեր պետական կառույցները զբոսաշրջիկներին լիարժեք տեղեկություններ չեն տրամադրում Հայաստանի մասին: Դա է պատճառը, որ իրանցիների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրությունը քիչ է:
Անդրադառնալով տարածված այն տեսակետին, թե Իրանի Հանրապետության անձնագրերով Հայաստան են մտնում ազգությամբ ադրբեջանցիներ լրտեսության նպատակով՝ իրանահայ լրագրողն այսպես արձագանքեց. «Ադրբեջանցին իրանական անձնագիր չի կարող ունենալ: Իրանը քսան միլիոն թրքախոս բնակչություն ունի, որոնք, այսպես կոչված, Ադրբեջան պետության հետ բացարձակ կապ չունեն: Նրանց համար ավելի հեշտ է Վրաստանով մտնել Հայաստան»:
Սոնա Դավթյան

