ԴԻՄԵԼ ԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
Արխիվ 12-16ԴԻՄԵԼ ԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ. ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
«Իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք արդեն դիմել են ոստիկանություն ու դատախազություն ոչ միայն իր վրա ճաղավանդակներ նետելու, այլև նախապես կազմակերպված խուլիգանության և հանցագործություն կատարելու համար: «Ագրարային համալսարանի ռեկտորի հանձնարարությամբ տասը տարվա ճաղավանդակները մի քանի հոգու կողմից ջարդվել են և շպրտվել մեզ վրա»,- հիշեցրեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Քաղաքական գործիչը վստահ է՝ իրավապահները կհարուցեն քրեական գործ. «Մենք՝ ես, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը, տեղի ունեցածի մասին տվել ենք տեղեկատվություն»:
Ինչ վերաբերում է Հովհաննես Մարգարյանի առողջական վիճակին, Բիշարյանի տեղեկացմամբ Հովհ. Մարգարյանը ստացիոնար հսկողության տակ է:
Թեև ՕԵԿ- Ագրարային համալսարան վեճը իրավական հարթությունում է, այնուամենայնիվ, հնարավո՞ր է երկու կողմերը գան ընդհանուր հայտարարի: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Այդ տարածքը մենք փաստացի օգտագործում ենք տասը տարի: Երբ մենք փորձեցինք վերանորոգման գործընթացներ սկսել (քանի որ տանիքը կաթում էր), ընթացքում Ագրարային համալսարանը հիշեց, որ դա իրենց սեփականությունն է: Որքան էլ զավեշտալի է, երբ իրենք սկսեցին պայքարել այդ տարածքի համար (մենք ունենք սեփականության վկայական, տասը տարի փաստացի օգտագործում ենք), Ագրարային համալսարանը խնդիրը սկսեց տեսնել ոչ միայն իրավական հարթության վրա, այլև անցավ բռնցքամարտի. կոտրում, ջարդում և հայհոյում էին: Անգամ չեն սպասում անգամ դատարանի որոշմանը»:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ շինաշխատանքները վաղուց ավարտված են, դահլիճն արդեն պատրաստ է շահագործման:
Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն էլ մեզ հետ զրույցում հակառակը փաստեց. «շինաշխատանքները շարունակվում են, կարող եք գալ ստուգել և համոզվել»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի դեմ քրեական գործ հարուցելուն, որի մասին բարձրաձայնել էր Էֆենդյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում, պրոռեկտորն ասաց. «Քանի որ քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ՕԵԿ-ին, բայց չեն ենթարկվում (նկատի ունի շինաշխատանքների շարունակվելը-խմբ.) քաղաքապետարանը պարտավոր է երրորդ անգամ դիմել ոստիկանություն քրեական գործ հարուցելու պահանջով»:
Սոնա Դավթյան

