ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ
Արխիվ 12-16ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԵԶԴԻ ԿԱՆԱՅՔ ԽՆԴՐԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ ԱՅՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ
ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՔ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ Շանգալի մարզի հոգևոր կենտրոնում ստեղծվել է եզդիների խնդիրները կոորդինացնող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են նաև Հայաստանում ապրող երկու եզդի: Հանձնաժողովը ղեկավարում է հոգևոր առաջնորդի որդին՝ Ազըմ բեկը: Հանձնաժողովի նպատակը հիմնականում մեկն է՝ կոորդինացնել եզդիներին հասնող հումանիտար օգնությունը:
Բացի հանձնաժողովից՝ արդեն տասն օր է՝ստեղծվել է ռազմական երեք ջոկատ, որոնց գործունեությունը ևս պետք է համակարգի վերոնշյալ հանձնաժողովը: «Երեկ եզդիները Սիրիայի քրդերի հետ միասին ազատագրել են երկու քաղաք և երեք գյուղ: Իսլամիստները Շանգալի Սինջար քաղաքում սկսել են բնակեցնել իրենց համակրող սուննի արաբներին, բայց դա Ամո Շարոյանի ժամանակավոր է: Եզդիների ջոկատներին ըստ Շարոյանի, զենք-զինամթերքով ապահովում է Չեխիան, Անգլիան և ԱՄՆ-ը, որը պատրաստում է իսլամիստ ահաբեկիչներին»,- տեղեկացրեց Ամո Շարոյանը:
Ինչ վերաբերում է Մուսուլ քաղաքի շինություններից մեկում առևանգված 500 կանանց իսլամիստներից փրկելուն, պրն Շարոյանի խոսքով այդ կանանց երեխաների հետ միասին իսլամիստները տարել են ստրկության: «Երեկվա տվյալներով՝ արաբական ինչ-որ թերթի լրագրողին եզդի կանայք խնդրել են փոխանցել, որ եզդիներից կազմված ջոկատները պետք է պայթեցնեն այդ շինությունը, բայց դեռևս այդ ուղղությամբ քայլեր չեն արվում, սակայն մոտ է ժամանակը դրան էլ հասնելու»,- մանրամասնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահը:
Անդրադառնալով եզդիների համար ճամբարներ կառուցելու մասին Թուրքիայի հայտարարությանը՝ Ամո Շարոյանը հիշեցրեց.«Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը չենք մոռացել, եզդիները կհրաժարվեն նրա օգնությունից: 20-րդ դարի1970-ականներին Թուրքիայից եզդիները արտագաղթեցին Արևմտյան Եվրոպա»:
Ամո Շարոյանի խոսքով՝ եզդիները ևս մեկ անգամ հասկացան՝ հույսը պետք է դնել զենքի վրա, այլ ոչ թե քաղաքակիրթ մարդկության վրա: Այս համատեքստում Շարոյանը հիշատակեց վերջերս հայկական բանակի հակահարվածները ադրբեջանցի դիվերսանտներին: «Հայկական բանակին ես ավելի շատ սիրեցի, քանի որ նա է այսօր մեր անվտանգության երաշխավորը: Սիրենք, փայփայենք ու նեցուկ կանգնենք մեր բանակին: Մենք նաև խնդրում ենք մեր կառավարությանը միջազգային ատյաններում եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել»,- եզրափակեց Ա. Շարոյանը:
Սոնա Դավթյան

