ՄՆՋԱԽԱՂԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՓԱՌԱՏՈՆԸ. ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ
Արխիվ 12-16ՄՆՋԱԽԱՂԻ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՓԱՌԱՏՈՆԸ. ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ
Օգոստոսի 10-14 Ծաղկաձորում իրականություն-պատմություն դարձավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, որի յուրաքանչյուր օրը հետաքրիքր էր ու առանձնահատուկ յուրովի: Ամեն օր հանդիսատեսը մշակութային ակտիվ տրամադրությամբ բաց երկնքի տակ վայելում էր դերասանական մունջ, բայց միևնույն ժամանակ ուրախության ճիչերով լի ներկայացումները. վարպետներ ժամանած Ճապոնիայից, Ֆրանսիայից, Թայլանդից, Իրանից, Գերմանիայից, Իսպանիայից և, իհարկե, Հայաստանից:
«Փառատոնի քաղաքականության մեջ է մտնում օտարերկրյա լավագույն համարները, շոու օրինակները տեղայնացնելը և մեր իրականության մեջ դրանք արմատավորելը: Օրինակ, Ֆրանսիայից ժամանած աճպարար ՎԻԼՈՈՒ ԲԱԼՈՒՆԵՐԸ , ով այս օրերի ընթացքում անչափ սիրվեց թե՛ մեծահասակաների, թե՛ հատկապես երեխաների կողմից, հրավիրվել է Երևան՝ մեր արտիստներին սովորեցնելու փուչիկների հետ արվող զվարճալի, հետաքրքիր, անգամ կախարդական թվացող ծրագրերն ու հնարները»,-ասում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ, ով նաև փառատոնի օրերին որպես հաղորդավար էր ներկայանում և իրապես տեսնում, թե հատկապես որ համարերն են հանդիսատեսի կողմից առավել ոգևորությամբ ընդունվում:
Հատկանշական էր հատկապես փառատոնի նախավերջին օրը. նախորդ օրվա եղանակային անբարենպաստ տեղումների պատճառով փառատոնի նախավերջին օրը խտացված մշակութային համարներով էր հագեցած. Ծաղկաձորի գլխավոր բեմում մեկնարկը տրվեց Գեղամ Շերոյանի բեմադրությամբ «Պլյուս-մինուս» բավականին պլաստիկ ու մոդեռն մոտեցումներով ներկայացմամբ՝ պատկերելով միմյանցից ծայրահեղ տարբեր երկվորյակների ծնունդը, մեկի սերը կյանքի նկատմամբ, մյուսի՝ ատելությունը: Ձևավորված լինելով 1 ձվաբջջից՝ նրանք ունեն ամբողջովին տարբեր աշխարհայացքներ: Այնուհետև ներկայացավ Իրանի «Փառադատա» թատրոնը «Չալիպա»
ներկայացմամբ, որը կոչ էր Միջին արևելքի իրադարձություներին և համաշխարհային խաղաղությանը: Հերթը Գերմանիայի ՄՄՌ թատրոնի «Պատկերացում» ներկայացմանն էր. հրաշալի միջոց մոռանալու ժամանակի և տարածության մասին, արթնացնելու երևակայության ննջող շերտերը: Ներկայացումը սկսվեց մի պայթյունով, որը կոտրում է սառույցը, և դերասանները սկզբում խեղկատակությամբ, հետո պոետիկ լեզվով ներկայացնում են փոխհարաբերություններ՝ հաճախակի փոփոխելով մնջախաղային ոճավորումը:
Հագեցած օրվա ավարտին էլ ներկաներին անակնկալ էր սպասվում: «Այսօր տեղի կունենա երգի պրեմիերա: Երեկոյան ինձ զանգեց կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ասաց, որ վերջերս ինքը գրել է մի չքնաղ երգ՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին, Լուսիկ Միքայելյանն էր երաժշտության համար խոսքեր է գրել ու Նաիրա Մանուչարյանի կատարմամբ նկարահանվել է տեսահոլովակ, որի աշխատանքները երեկ ավարտվել են: Սա հրաշալի զուգադիպություն էր, և մեզ համար ևս հաճելի անակնկալ»,-ասաց պարոն Դադասյանը:
Առաջին անգամ Ծաղկաձորում Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնին ներկայացվեց երգի պրեմիերա՝ նվիրված հենց իրեն՝ աշունը սրտում ծաղրածուին…
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

