ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԴԱՐՁԱԾ ՄԱԿՈՏՈՅԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏԻ ՊԵՍ (Տեսանյութ)
Արխիվ 12-16ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԴԱՐՁԱԾ ՄԱԿՈՏՈՅԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏԻ ՊԵՍ (Տեսանյութ)
Ճապոնացի մնջախաղաց, պլաստիկայի վարպետ ՄԱԿՈՏՈ ԻՆՈԵՆ կրկին Հայաստանում էր եւ արդեն երկրորդ անգամ մասնակցեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնին: Ուշագրավ էր այն, որ Ծաղկաձորում, որտեղ էլ կայացավ փառատոնը, Մակոտոյին ընդունում էին հարազատի պես, նա էլ իրեն զգում էր, ինչպես տանը: Ճապոնացի երիտասարդն, ով այսքան սիրեց ու սիրվեց հայ հանդիսատեսի կողմից, այս անգամ ոչ միայն բավարարվեց հայերեն ասելով «բարեւ» եւ «շնորհակալություն», այլ շեքսպիրյան «Ռիչարդ Երկրորդ» գործից մի ամբողջ հատված հայերեն սովորեց: Թե որքան էր այն հայեցի, սա հարցի մյուս կողմն է, բայց վերջինիս հայերեն սովորելու ձգտումը, այն էլ մի քանի ժամում, իսկապես գովելի է: Էլ չենք ասում, թե ինչ մեծ հեղինակություն էր դարձել իր անմիջականությամբ Մ. Ինոեն ծաղկաձորյան փոքրիկների շրջապատում, որոնք ոչ միայն իրար հերթ չէին տալիս նրա հետ լուսանկարվելու համար, այլեւ սովորում էին նրանից մի քանի պլաստիկ շարժումներ, ինչը համբերատար ճապոնացի բարեկամը ցույց էր տալիս նրանց:
«Իրավունքը» ամփոփելով փառատոնյան հինգ օրերը, զրուցեց, ինչպես փառատոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ է բնորոշում, Ճապոնիայում Հայաստանի խորհրդանիշ ՄԱԿՈՏՈ ԻՆՈԵՅԻ հետ:
- Մակոտո, արդեն երկրորդ անգամ եք մասնակցում ենգիբարյանական փառատոնին ինչպիսի՞ն են հայաստանյան տպավորությունները:
-Շատ լավ տպավորություններ ունեմ, ամենակարեւորը` շատ լավ հանդիսատես է
հավաքված, ինչպես առաջին տարին, այնպես էլ հիմա:
- Ի՞նչը Ձեզ կրկին Հայաստան բերեց`Մնջախաղի փառատոնը, թե՞ հայ հանդիսատեսը:
- Արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում ու հայ հանդիսատեսին շատ եմ սիրում: Ինչ վերաբերում է փառատոնին, անձնակազմում բոլորն իմ ընկերներն են եւ այս փառատոնն իմ կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկն է:
- Ձեզնով Ճապոնիայում ճանաչում են նաեւ Հայաստանին, այսօր արդեն որքանո՞վ են Ձեր հարազատները տեղյակ հայերից:
- Իմ շնորհիվ Հայաստանի մասին գիտեն ե՛ւ իմ ընտանիքը, ե՛ւ իմ ընկերները, այնպես որ քիչ-քիչ ճանաչում են: Շատ եմ խոսում Հայաստանի մասին ընկերներիս
ու ընտանիքիս հետ ու պատմում եմ այստեղ տիրող ջերմ մթնոլորտի մասին: Ի դեպ, հիմա նաեւ հետաքրքրվում եմ Հայաստանի պատմությունով:
- Եթե չեմ սխալվում նախորդ անգամ, երբ Հայաստանում էիք եղել եք Գառնիում եւ Գեղարդում, ի՞նչ կասեք հայկական պատմամշակութային արժեքների մասին:
- Եղել եմ եկեղեցիներում ու տաճարում եւ յուրաքանչյուր տեղ զգացել եմ Աստծո ներկայությունը: Ես հավատում եմ Աստծուն եւ լավ զգացմունքներով ու տպավորություններ հեռացա այնտեղից: Իսկապես, շատ հետաքրքիր էր…
- Փառատոնին Ձեր գլխավոր բեմադրությունը «Կագույա»-ն էր, ինչը ծաղկաձորյան հանդիստատեսը բավական լավ ընդունեց: Մի փոքր էլ խոսենք ներկայացման ասելիքի մասին:
- Յուրաքանչյուր ճապոնացի գիտի այս պատմության մասին, որը ավանդական իմաստ է կրում իր մեջ: Այն նվիրված է բամբուկի թագուհուն: Ընդհանրապես Ճապոնիայում բամբուկը կենարար ու դրական իմաստ ունի: Այնպես որ, բամբուկն ու լուսինն ինձ համար ամենալավ կոմպոզիցիան է:
- Մենք գիտենք, որ մի շարք միջազգային փառատոններում բազմաթիվ մրցանակների եք արժանացել, իսկ ի՞նչ էիք ակնկալում մեր Մնջախաղի փառատոնից:
- Լավ հանդիսատես էի ակնկալում ու շատ ուրախ եմ, որ այստեղ ունեմ այսպիսի հանդիսատես: Հայաստանն աշխարհի լավագույն երկրներից մեկն է, իսկ հայը լավագույն հանդիսատեսն է:
- Ինչ խոսք, այս փառատոնի մեծ բարեկամն եք դարձել, 5-րդ ենգիբարյանական փառատոնին սպասե՞նք Ձեզ:
- Այո, իհարկե:
Ի դեպ, փառատոնյան հինգ օրերից հետո` փակման արարողության ժամանակ, Մակոտոն արդեն կարելի է ասել կիսահայ-կիսաճապոնացի էր, քանի որ խիստ «հայավարի» բեմ բարձրացավ ու սկսեց հայերեն երեք անգամ բղավել. «Ո՞նց ես…»: Հանդիսատեսի դրական պատասխաններից հետո` վերջինս շարունակեց էլի հայերեն, բայց այս անգամ հայկական մունաթով. «Լավ, լավ…»:
Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

