«ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ԵՆ ԻՆՁ ՎԱՐՊԵՏ ԴԱՐՁՐԵԼ». ԱՍՈՒՄ Է 75-ԱՄՅԱ ՆՎԱԳԱՐԱՆԱԳՈՐԾԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16«ԵՐԱԺԻՇՏՆԵՐՆ ԵՆ ԻՆՁ ՎԱՐՊԵՏ ԴԱՐՁՐԵԼ». ԱՍՈՒՄ Է 75-ԱՄՅԱ ՆՎԱԳԱՐԱՆԱԳՈՐԾԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս տարի լրանում է նվագարանագործ ՌՈՒԲԵՆ ՌՈՒՇԱՆՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը: Սկզբում վարպետի համար նվագարանագործությունը պարզապես զբաղմունք է եղել, սակայն արդեն հիսուն տարուց ավելի նրա համար այն դարձել է աշխատանք: Այժմ էլ վարպետը նույն եռանդով շարունակում է իր գործը` պատրաստում հայկական ազգային փողային նվագարաններ:
Այսօր, վարպետի ծննդյան 75 ամյակի առթիվ, ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ գլխավորությամբ նախարարության պատվիրակությունն այցելել էր նվագարանագործի արվեստանոց, որտեղ վարպետը 60-ից ավելի երաժշտականգործիքներ է պահում: Սակայն փոխնախարարը վարպետի արվեստանոց դատարկաձեռն չէր եկել. «Հայկական ժողովրդական փողային նվագարանների պատրաստման եւ նվագարանային գործիքների զարգացման գործում ունեցած ծանրակշիռ
ավանդի համար», ինչպես նաեւ` ծննդյան 75-ամյակի առթիվ վարպետը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Փոխնախարար Արեվ Սամուելյանը կարեւորեց այն փաստը, որ վարպետի գործն այսօր շարունակում է նրա թոռնիկը:
Բայց վարպետին մտահոգում է այն, որ գնալով մոռացության է մատնվում իր արհեստը, քանի որ չկան իր արհեստով հետաքրքրված երիտասարդներ. «Գալիս են, բայց ոչ թվաբանություն են իմանում, ոչ երկրաչափություն: Նաեւ պետք է նվագել իմանան, հնչողության ճաշակ ունենան, որ գործիքն ամենագեղեցիկ ձայնը հանի, տա երաժշտին»,- ասաց վարպետն ու ցանկացավ շեշտել. «Երաժիշտներն են ինձ վարպետ դարձրել»:
75-ամյա վարպետը նույնիսկ չզլացավ եւ իր արվեստանոց հյուրընկալված նախարարության աշխատակիցների ու լրագրողների համար, իր իսկ պատրաստած գործիքներով, մի քանի կատարում նվիրեց:
Առավել մանրամասն դիտե'ք տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

