«ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16«ՍԵՊՏԵՄԲԵՐԸ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ». ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԸ
Օրերս հեռուստահաղորդավարներ ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու ԼՅՈՎ ԲԱԴԱԼՅԱՆՆ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել էին նոր լուսանկարներ` նկարահանման հրապարակից եւ գրառել, որ շուտով սպասվում է անակնկալ` սկանդալային հեռուստանախագիծ: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցեց հեռուստահաղորդավարների հետ պարզելով հեռուստաեթերից նրանց բացակայության և առաջիկայում սպասվող նախագծի մասին:
«Հեռուստաեթերից բացակայեցի ակամայից: Այդ ժամանակ լրատվական մեկնաբան էի` Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրն Այսօր» լրատվականում: Հայաստանից մեկնում էի ուսման նպատակով, շատ մեծ տխրությամբ հրաժեշտ տվեցի էկրանին, քանի որ հասկանում էի` վերադարձս հեշտ եւ շուտ չի լինի: Բայց ուսումն ինձ համար ամեն պարագայում եւ անկախ ամեն ինչից մեծ նշանակություն ունի: Այս աշնանը եւս կարճ ժամանակով մեկնելու եմ Նիդերլանդների Թագավորություն` մեդիաոլորտի զարգացման կրթական
ծրագրի շրջանակում: Ուսումն է, որ այսօր ամենակարեւորն է»,- ասաց ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու հավելեց. «Նոր եթերաշրջանը նաեւ մեծ ակնկալիքներով ու նոր գաղափարներով լի մի շրջան է, որն ուզում եմ սկսել միանգամայն այլ ֆորմատով: Ինքս էլ չէի կարող պատկերացնել, որ վարելով «Զինուժ» հեռուստածրագիրը, լինելով ռազմական լրագրության մեջ, ապա` աշխատելով որպես լրատվական մեկնաբան, կարող եմ ներկայանալ ուրիշ` նոր ձևաչափով, այն էլ` ոչ մենակ: Դեռ վաղ է մանրամասների մասին խոսելը, քանի որ ամեն ինչ քննարկումների, փորձնական նկարահնումների փուլում է, բայց որ սեպտեմբերը սկանդալային է լինելու, արդեն կարող եմ վստահ ասել, որովհետև մեր հեռուստաեթերը դառնալու է էլ ավելի մրցունակ ու պրոֆեսիոնալ»:
Իսկ հեռուստահաղորդավար ԼՅՈՎ ԲԱԴԱԼՅԱՆՆ էլ նշեց, որ ցանկացած ձեւաչափ պետք է հեռուստահաղորդավարին բացահայտվելու հնարավորություն տա. «Հաճախ են ինձ հարցնում, ինչու չկաս եթերում, արդեն բավական ժամանակ է անցել, բայց միեւնույն է` մարդիկ հիշում ու քննարկում են այս թեման: Այժմ ասում եմ` իհարկե վերադառնում եմ, եւ հուսամ` այս անգամ ճիշտ ֆորմատով: Այս հաղորդումն ինձ ճիշտ բացահայտվելու եւ նորովի` ինձ ավելի հոգեհարազատ եւ բնորոշ կերպարով հանդես գալու հնարավորություն կտա: Միշտ նախընտրում եմ հայտնվել ճիշտ ժամանակին` ճիշտ վայրում, կարծում եմ` սա եւս այդ դեպքն է»:
Իսկ թե ո՞ր հեռուստաընկերությամբ է լինելու հաղորդումը, տղաներն արդեն իրենց նոր` հումորային կերպարով պատասխանեցին` «Կարծում եք մենք գիտե՞նք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

