ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ. ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ՕԵԿ- ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՎԵՃԸ
Արխիվ 12-16ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻՆ. ԻՆՉՈ՞Վ ԿԱՎԱՐՏՎԻ ՕԵԿ- ԱԳՐԱՐԱՐԱՅԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՎԵՃԸ
Ագրարարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՕԵԿ-Ագրարային համալսարանի տարածքային վեճին, ասաց, որ առաջին օրվանից սկսած՝ իրենք հորդորել են «Օրինաց երկրին» առաջնորդվել օրենքով. մինչև դատարանի վճիռը պետք է շինարարությունը դադարեցվի, սակայն «մեր ներկայությամբ աշխատում են, ոստիկանների ներկայությամբ աշխատում են»:
Հիշեցնենք, որ երեկ Ագրարային համալսարանի ուսանողներն ու դասախոսները համալսարանի բակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախկին լաբորատորիայի տարածքում իրականացվող շինարարության:
Պարույր Էֆենդյանը հիշեցնում է՝ երկու անգամ տուգանել են ՕԵԿ-ին ապօրինի շինարարություն իրականացնելու համար. «Վերջին անգամ տուգանել են երեկ՝ 2 մլն 500.000 դրամի չափով»:
Պրոռեկտորի հավաստմամբ այս պահի դրությամբ շարունակվում են շինաշխատանքները՝ իսկ ավելի կոնկրետ՝ ներքին հարդարման աշխատանքները:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել` բուհին պատկանող տարածքում արգելելով շինարարական որևէ գործողություն:
Քանի որ քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է կուսակցությանն ապօրինի շինաշխատանքներ անելու համար, Էֆենդյանի խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի քրեական գործ հարուցել ՕԵԿ-ի դեմ.«Քննիչն ինձ ասաց, որ երբ քաղաքապետարանից ստանա տուգանքի որոշումները, արդեն իրավունք ունեմ քրեական գործ հարուցել: Բայց ժամանակը նրանց (նկատի ունի ՕԵԿ-ականների-խմբ.) օգտին է աշխատում, քանի որ ցանկանում են շտապ շինարարությունն ավարտել»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի առաջ քաշած այն փաստարկին, որ 2008-ին քաղաքապետարանն իրենց շինաշխատանքներ անելու թույլտվություն է տվել, Էֆենդյանը հակադարձում է. «Անցել է արդեն վեց տարի: Նախագծային առաջադրանքը տրվում է երկու տարով: Այդ ընթացքում իրենք պետք է նախագիծ պատվիրեին, որը պետք է փորձաքննություն անցներ , մտնեին քաղաքապետարան, ստանային շինթույլտվություն: Բայց իրենք դա չեն արել: Եթե քաղաքապետարանը հող է հատկացրել, դա չի նշանակում, որ կարելի է դրա վրա ապօրինի կառույց կառուցել»:
Նշենք, որ սույն գործով դատական առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:
ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Ագրարային համալսարան-ՕԵԿ վեճն իրավական հարթությունում է. «Թե ՕԵԿ-ը, թե Ագրարային համալսարանը դիմել են դատարան, որն էլ կկայացնի իր որոշումը»:
Անդրադառնալով Էֆենդյանի՝շինաշխատանքները շարունակվելու հայտարարությանը, Միսակյանը հերքեց դա՝ասելով, որ շինարարությունը դադարեցվել է: «Դատարանի որոշմամբ պետք է վերանորոգվեր շինության տանիքը, որն էլ արել է ՕԵԿ-ը»,- մանրամասնեց մամլո խոսնակը՝հավելելով, որ ՕԵԿ-ն անում է ամեն ինչ օրենքի տառին ու ոգուն համապատասխան:
Այդ դեպքում ինչո՞ւ է քաղաքապետարանը երկու անգամ տուգանել կուսակցությանը, եթե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: «Հարցրեք քաղաքապետարանին»,- եզրափակեց Միսակյանը:
Սոնա Դավթյան

