ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՓԱԿ ԱՉՔԵՐՆ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐԸ
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՓԱԿ ԱՉՔԵՐՆ ՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳԻՐԸ
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դրական է համարում Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագիրը, որին դեմ են բնապահպանները:
Ծրագրի համաձայն ՝ նախատեսվում է ցանցավանդակային եղանակով ֆոսֆոր և ազոտ պարունակող արհեստական կերի հաշվին Սևանա լճում աճեցնել Սևանի էնդեմիկ իշխան` տարեկան քանակը մինչև 2023թ-ը հասցնելով 50 000 տոննայի:
« Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ գնահատված չեն շրջակա միջավայրի վրա ծրագրի հետևանքները. «Ներկայացրել են ծրագիր, որտեղ չկա գնահատական այն մասին, թե ինչպես կազդի ցանցավանդակային մեթոդը Սևանա լճի ու Իշխան ձկնատեսակի վրա»:
Այն, որ ծրագիրը բացասական կանդրադառնա շրջական միջավայրի վրա, բնապահպանը հիշեցնում է Ռուսաստանի ԳԱԱ-ի շրջանակներում կառավարության պատվերով անցկացված փորձարկումներն ու միջազգային փորձը. «Ռուսաստանի ոչ բոլոր լճերն են հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ ցանցավանդակային փորձի կիրառումը վատ արդյունքների է հանգեցրել՝ ձկների հիվանդությունների շատ բարձր տոկոս, սատկած ձկների մեծ քանակ, ջրերի աղտոտում: Իսկ միջազգային փորձը այս առումով ընդհանրապես ուսումնասիրված չէ»:
Տիկին Զարաֆյանի համար անհասկանալի է՝ինչպես կարելի է աչք փակել այլ երկրներում ցանցավանդակային մեթոդի թողած վատ արդյունքների վրա և հայտարարել, որ սա լավ ծրագիր է: «Անգամ տնտեսապես հաշվարկներ արված չեն»,- ասաց Զարաֆյանը՝հավելելով, ոչ սա ոչ թե բնապահպանական, այլ բիզնես ծրագիր է:
Մեր զրուցակիցը վստահ է՝ Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի իրականացման դեպքում կկորցնենք Իշխան ձկնատեսակը, քանի որ այն բազմանալու է ոչ բնական պայմաններում, հետևաբար ունենալու ենք ոչ թե Իշխան, այլ նոր ձկնատեսակ:
Ինչ վերաբերում է նախարարի այն հայտարարությանը, թե երբ մեկ տարի կամ վեց ամիս հետո որոշակի խնդիրներ ունենալու դեպքում այդ ծրագրի իրականացումը կդադարի, «Էկոլուր» ՀԿ-ի նախագահը հակադարձում է. «Բնապահպանության նախարարության խնդիրն է ոչ թե բացասական երևույթների առաջացում թույլ տալ և նոր մտածել դրան վերացնելու մասին: Հատուկ պահպանվող տարածքում, ինչպիսին է Սևանի էկոհամակարգը, օրենքի համաձայն չպետք է թույլ տալ բացասական երևույթների առաջացումը»:
Ինչն է խանգարում Իշխան ստանալ բնական եղանակով: Ըստ Զարաֆյանի՝կառավարության որոշումների համաձայն՝ իշխան ձկնատեսակի ձվադրման վայրերում կառուցվել են փոքր ՀԷԿ-եր:
Սոնա Դավթյան

