ՄԵՏԱՔՍԵ. «ՇԱՏ ԼՈՊԱԶԱՆԱԼՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷ, ԿԿԱՏԱՂԵՑՆԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ, ԻՆՉՈ՞Ւ ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ՇԱՆ ՎՐԱ ՔԱՐ ԳՑԵՆՔ»
Արխիվ 12-16ՄԵՏԱՔՍԵ. «ՇԱՏ ԼՈՊԱԶԱՆԱԼՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷ, ԿԿԱՏԱՂԵՑՆԵՍ ԹՇՆԱՄՈՒՆ, ԻՆՉՈ՞Ւ ԻԶՈՒՐ ՏԵՂԸ ՇԱՆ ՎՐԱ ՔԱՐ ԳՑԵՆՔ»
88-ի երկրաշարժը ու դրա անդառնալի կորուստները ողջ կյանքում չսպիացող վերքի պես դրոշմվեցին ծնունդով շիրակեցի բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ ՄԵՏԱՔՍԵԻ (Մետաքսե Սերոբի Պողոսյան) սրտում: Խորհրդանշական էր այն, որ կյանքի հենց 88-րդ տարում վախճանվեց մեր օրերի մեծ մտավորականը…
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ ներդրում է ունեցել արցախյան պատերազմում բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵՆ: Բայց քչերը գիտեն, թե ինչպես նա ապրեց հաղթանակի բերկրանքը: Այս մասին մի առիթով լուսահոգի բանաստեղծուհին անկեղծացել է «Իրավունքի» հետ ու Շուշիի մասին իր յուրահատուկ սիրո խոստովանությամբ էլ սկսել զրույցը. «Շուշին ինձ հոգեհարազատ է, որովհետեւ այնտեղ մնացին շատ լավ տղաներ: Չվերադարձան, քանի որ հաղթանակը զոհեր է պահանջում: Շատ տղաներ գնացին մեծ աշխարհ, որպեսզի փրկվի Շուշին: Կռվի ժամանակ մի քանի գյումրեցի տղաների հարցրեցի` բա որ հանկարծ զոհվե՞ք, ասացին, թե այդ կլինի մատաղ մեր կողմից: Իմ Շուշիս: Ես որբ եմ մեծացել, Ղարաբաղն էլ որբ էր, այդ թվում նաեւ Շուշին: Շատ եմ վառվել Շուշիիս համար, տանջված քաղաք է, հայոց ցավեր տեսած հողատարածք: Անչափ ուրախ եմ, որ անցավ մեզ, որովհետեւ առաջ տղամարդիկ իմ աչքից ընկած էին ու տղամարդկանց դեմ էի: Իմ բանաստեղծությունները, որ գրում էի ոչ սիրային էին: Ասում էի` էս ի՞նչ տղամարդիկ են, շաքարը թողել են շան բերանը: Երբ ինձ 1980 թվականին հրավիրեցին Արցախ, տեսա այդ բիբլիական երկիրը, շատ հուզվեցի, կանգնել արտասվում էի: Ասում էի, ինչպե՞ս կարելի է այս երկիրը տալ թշնամուն ու հանգիստ քնել: Մեր տղամարդիկ աչքիս բարձրացան, երբ ազատագրեցին: Այդ տարիներին գուլպաների կոչ էի արել: Հիշում եմ արտասահմանյան սիրուն զգեստներ, տաք կոշիկներ էի դրել առանձին, ուզողներ եղան, մերժեցի, ասացի, չէ տղաներ ջան, ոչ մեկի չեմ տալու, ով լուրը բերի, որ Շուշին ազատագրվել է, նա է հագնելու: Եւ մի տղա բերեց այդ լուրը, ես համբուրեցի նրա ճակատն ու ուրախությամբ դրանք տվեցի նրան: Գտնում եմ,
որ Շուշին մեր ամենամեծ նվաճումն էր, որովհետեւ մեր ամենահարուստ ու քաղաքակիրթ տարածքն է եղել, մեր շատ մտավորականներ այնտեղից են դուրս եկել: Ախր, մեր տղաները շատ խիզախ են, խորամանկ, խելոք, խելացի, ծուռ ու ծռտիկ ճանապարհով գնացին, զոհեր տալով պաշտպանեցին, ու հաղթանակը բերեցին թուրքի քթի տակ դրին: Գնահատում եմ այդ հաղթանակը ու սկսել եմ լավ վերաբերվել տղամարդկանց»: Ապա նաեւ զգուշացրել է. «Շատ լոպազանալն էլ մի բան չէ: Կկատաղեցնես թշնամուն, ինչո՞ւ իզուր տեղը շան վրա քար քցենք: Կարծում եք աշխարհում մեզ բոլորը սիրո՞ւմ են: Թուրքերից բացի ուրիշներն էլ կան, որ չեն սիրում: Աշխարհի ամենահամով կերակուրը հայերն են, դրա համար էլ մեզ անընդհատ փորձում են յուրացնել: Բայց չեն կարող, որովհետեւ Աստված մեզ հետ է: Հիսուսը միշտ գնահատում է, որ մենք առաջինն ենք իր հետեւից գնացել: Թվում է, թե մենք միասնական չենք, բայց հոգեւոր միասնություն ունենք»:
Բանաստեղծուհի Մետաքսեի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր` օգոստոսի 13-ին, ժամը 12:00-14:00, Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:
Անմահների` Սիլվա Կապուտիկյանի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Հովհաննես Շիրազի ու այլ մեծանուն գրողների կողքին, այլեւս երկնակամարում կգրվի նաեւ Մետաքսեի անունը…
Դուք միշտ կմնաք մեր հուշերում ու դեռ շատ սերունդներ կդաստիարակվեն Ձեր թողած հարուստ գրական ժառանգությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

