ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է.ԹՈՒՐՔԱԳԵՏ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է.ԹՈՒՐՔԱԳԵՏ
Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթանակ տարավ Թուրքիայի վարչապետ, նախագահի աթոռի համար պայքարող, «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա մրցակիցներ էին ընդդիմադիր մի քանի կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդամետ թեկնածու Սելահեդդդին Դեմիրթաշին:
Ինչ սպասելիքներ կարող է ունենալ Թուրքիայի հայկական համայնքը նախագահ Էրդողանից, արդյոք հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում կլինեն փոփոխություններ: Այս և այլ հարցերի շուրջ «Իրավունքի» թղթակիցը զրուցեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:
-Պրն Մելքոնյան, Էրդողանը ձայների մեծամասնությամբ հաղթանակ տարավ այն դեպքում, երբ եղան հրապարակումներ ընտրախախտումների ու կեղծիքների մասին, իսկ ամիսներ առաջ Էրդողանը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:
-Էրդողանի թիմը տարիներ շարունակ հետևողական աշխատանք է տարել, որի շնորհիվ կրոնամետ թուրքական հասարակությունում ԱԶԿ-ի ղեկավարը մեծ հեղինակություն է ձեռք բերել: Բացի այդ՝ իշխող ԱԶԿ-ի կուսակցության տարիներին դրական փոփոխություններ են նկատվել սոցիալ-տնտեսական կյանքի բարելավման առումով: Էրդողանի ընտրվելու օգտին պետք է նսպաստեր երկրի վարչական ռեսուրսը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն սկանդալին, նախկին վարչապետը կարողացավ լրատվամիջոցներով դա հերքել: Թուրք հասարակության այն հատվածը, որը տրամադրված էր ընտրելու Էրդողանին, շատ արագ մոռացավ կոռուպցիոն սկանդալը: Ընտրախախտումներ ու ընտրակեղծիքների մասով կարող եմ ասել, որ Թուրքիայում ընտրախախտումներ շատ չեն եղել:
-Էրդողանը հաղթելուց հետո հայտարարությամբ հանդես եկավ և հայտարարեց, որ իրենք շարունակելու են Թուրքիայում բարելավվել ժողովրդավարական գործընթացները: Նախ ինչ ասել է «ժողովրդավարական գործընթացներ» բառակապակցությունը Թուրքիայի նախագահի ընկալմամբ, և հայկական համայնքը ի՞նչ կարող է շահել այդ գործընթացներից:
-Էրդողանի ղեկավարած ԱԶԿ-ի հնչեցրած «ժողովրդավարություն» հասկացությունը կապ չունի համամարդկային, ժողովրդավարական ընկալումների հետ: Հայ համայնքի համար ժողովրդավարական գործընթացներ են համարվում համայնքի մի քանի անդամներից խլված գույքի վերադարձը, երբ հայկական համայնքի շատ անդամներ ունեն այդ խնդիրը: Էրդողանի թիմը «ժողովրդավարություն» ասելով նկատի այն, որ հայկական դպրոցներում հայոց լեզվով տպագրվում է դասագիրք, այն դեպքում, երբ դա մեր իրավունքն է: Թուրքիայի նորընտիր նախագահն իր բնույթով հեռու է ժողովրդավարությունից: Նա ընդգծված ազգայնամոլ, հակահայ, ընդգծված հակաքրիստոնյա, կրոնամոլ, կրոնական թշնամանք սերմանող գործիչ է, ում Թուրքիայի դատարաններից մեկը 1990-ին դատապարտեց ազատազրման կրոնական մոլեռանդություն տարածելու համար: Գուցե մեկ-երկու իմիտացիոն քայլեր կարվեն ազգային փոքրամասնությունների համար, բայց խորքային ոչինչ չի արվի:
-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի պատասխան Էրդողանի՝«Ինձ վրացի են անվանել: Ներողություն եմ խնդրում, բայց հետո ավելի վատ բան էին արել. ինձ հայ էին անվանել» հայտարարությանն ասել էր, որ հայերի համար վիրավորական կլիներ, եթե պարզվեր՝Էրդողանը հայ է: Արդյոք այսքանից հետո, ըստ Ձեզ, ուժի մեջ է Սարգսյանի այն հայտարարությունը, թե ով էլ դառնա Թուրքիայի նախագահը, ինքը նրան 2015-ի ապրիլի 24-ին հրավիրում է Հայաստան:
-Նախ ուզում եմ ասել, որ Էրդողանը էթնիկական ինքնության ճգնաժամի մեջ է: Նա հայտարարել էր, որ իր նախնիները Թուրքիա են եկել Բաթումիից և կարող են ունենալ վրացական ծագում: Հիմա հայտարարելով, որ ինքը զտարյուն թուրք է, ինքը հերքում է իր նախորդ հայտարարությունը և ևս մեկ անգամ պաշտոնապես ապացուցեց՝ ոչ թուրք լինելը վիրավորական է: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրավերին, ապա նախագահը կարծում եմ գիտեր, որ նախագահ է դառնալու Էրդողանը: Բացի այդ՝գիտեր, որ ոչ մի թուրք նախագահ չի փայլում հայասիրությամբ: Նախագահի այդ հրավերը բարդ վիճակի մեջ է դրել Թուրքիային, ավելին՝ այդ հրավերը լավ մշակված քարոզչական քայլ էր: Գնդակը հիմա Թուրքիայի դաշտում է, և իրենք պետք է որոշեն՝ այդ հրավերին ինչպես են արձագանքում: Կարծում եմ՝հրավերը դեռ ուժի մեջ է:
-Հայ-թուրքական հարաբերություններում Էրդողանի նախագահ դառնալուց հետո ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել, եթե հաշվի առնենք, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
-Հայ-թուրքական հարաբերությունները կլինեն նույն վիճակում, ինչպիսին են դրանք այսօր, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխման միտումներ չի դրսևորում: Դավութօղլուն շարունակելու է լինել ԱԳ նախարար, ավելին՝ չի բացառվում պաշտոնի բարձրացում: Միայն մի փոփոխություն կլինի՝ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ իրականացնելով ագրեսիվ ու քողարկված քայլեր, որոնցից մեկն էլ տարատեսակ դրամաշնորհներ տրամադրելն է որոշ ՀԿ-ներին: Ցավալի է, սակայն դրամաշնորհները տրվում են նաև հայկական կազմակերպություններին հայ-թուրքական իբր երկխոսությանն ու բարեկամությանն ուղղված քայլեր անելու համար: Որքան էլ զարմանալի թվա, այդ դրամաշնորհների տրման վերջնաժամկետը 2015 թ-ի ապրիլն է: Էրդողանից Հայոց ցեղասպանության մասին կլսենք ագրեսիվ, անզուսպ և վիրավորական հայտարարություններ:
-Էրդողանը վերջերս հայտարարել էր՝ եթե ապացուցվի, որ եղել է ցեղասպանություն, Թուրքիան պատրաստ է ներողություն խնդրելու: Ինչի վրա է Էրդողանի հույսը, եթե ցեղասպանությունն ապացուցող հայկական, օտար և անգամ թուրքական պատմական փաստեր ու աղբյուրներ կան:
-Թուրքիայի նախագահի ասածը վերաբերում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որը երբեք չի ձևավորվի, քանի որ դրան դեմ է հայկական կողմը:
-Թուրքիան տարիներ շարունակ փորձել է որոշակի դեր ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում և առիթի դեպքում դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ: Նորընտիր նախագահը կշարունակի՞ նույն ջատագովությամբ վարել այդ քաղաքականությունը:
-ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկվելու Թուրքիայի ջանքերը հաջողություն չեն ունենա: Բայց նա կշարունակի շահարկել այդ հարցը շահարկել և հերթապահ հայտարարություններով հանդես գալ: Թուրքիան կշարունակի միակողմանի պաշտպանել Ադրբեջանին և ցուցադրական քայլեր անել և անում է՝մասնավորապես վերջերս արցախա-ադրբեջանական սահմանում վիրավորված և հայկական կողմի ջանքերի շնորհիվ անհաջողության մատնված և Թուրքիայում բուժվող ադրբեջանցի մի քանի վիրավոր դիվերսանտների էր այցելել Թուրքիայի ԱԳ նախարարը: Սա հստակ քաղաքական մեսիջ է. Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրեջանին ամեն առումով:
Սոնա Դավթյան

