67-ԱՄՅԱ ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՑՆՑԵՑ ՄՆՋԱԽԱՂԱՑՆԵՐԻՆ (Տեսանյութ)
Արխիվ 12-1667-ԱՄՅԱ ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՑՆՑԵՑ ՄՆՋԱԽԱՂԱՑՆԵՐԻՆ (Տեսանյութ)
Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը, որին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, Ծաղկաձորի քաղաքապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ինչպես նաեւ մշակութային ու քաղաքական այլ գործիչներ: Փառատոնի բացումը նմանվեց փոքրիկ անոնսի, որի ընթացքում բեմ բարձրացան գրեթե բոլոր մասնակիցները: Ինչ խոսք, կային հետաքրքիր ու հայ հանդիսատեսի համար խորթ բեմադրություններ: Օրինակ, հարեւան Իրանից ժամանած «Փառադա» թատրոնի ներկայացուցիչները, ովքեր մի հատված բեմադրեցին «Չալիպա» ներկայացումից, բացի այն, որ գզգզված մազերով կենդանական ձայներ հանող «ձյաձյան» զվարճացրեց փոքրիկներին, առանձնապես այլ տպավորություն չթողեց: Նույնքան անբովանդակ թվաց նաեւ գերմանական ՄՄՌ թատրոնի ելույթը, որտեղ երկու հասուն տղամարդ բարձրացան բեմ ու ո՛չ ժպիտ, ո՛չ թախիծ պարգեւեցին հանդիսատեսին, այլ միայն ոմանց նյարդերը սղոցեցին: Բայց արի ու տես, որ հայ հանդիսատեսին խիստ հարազատ էր թաիլանդական «Մյութ» դուետը, որն ընդունվեց բուռն ծափերով ու բրավոներով: Ի դեպ,
Երեւանի մնջախաղի պետական թատրոնն էլ փառատոնին բավական հաջող ներկայացրեց ԼՈՒՍԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Սակայն, այս ամենի մեջ կրկին փայլեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն 67-ամյա ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, ով ցույց տվեց մեր հյուրերին ու հանդիսատեսին, թե ինչպես պետք է մնջախաղացը շարժվի եւ մինչեւ որ տարիքը կարող է շարժվել բեմում: Էլ չենք ասում, թե ինչպես վերջինս ներկայացման վերջում նետեց իրենց մոտակա շատրվանների մեջ ու իմպրովիզային յուրահատուկ էֆեկտ հաղորդեց երեկոյին: Նշենք, որ Յու. Կոստանյանի ներկայացրած «Շեքսպիրյան մետամարֆոզ» բեմադրությունը սեպտեմբերին Լեհաստանում կմասնակցի փառատոնի: Փառատոնին կրկին ներկա էր Տոկիոյից ժամանած Մատոտո Ինոյեն, ով դարձել է ենգիբարյանական փառատոնի մշտական մասնակիցը: Ինչպես փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նշեց. «Նա ամեն օր նամակներ էր գրում, որ անպայման գա եւ այս փառատոնին մասնակցի»:
Փառատոնի բացման արարողությունը ամփոփվեց ԱՐՄԵՆ ՄԽՈՅԱՆԻ ավազանկարչությամբ, ինչը նորույթ էր արդեն 6 տարեկան փառատոնում: Այս մասին Ժ.Դադասյանը ասաց. «Մենք չէինք կարող չընդգրկել այսպիսի մի ժանր այսօրվա ծրագրում մանավանդ, որ հատուկ այս պատկերը, որը պատրաստվել է, մեր փառատոնի համար է եւ լինելու է Լեոնիդ Ենգիբարյանի նովելներից մեկի հիման վրա: Իհարկե, մենք չէինք կարող անտեսել Լեոնիդ Ենգիբարյանի գրական ժառանգությունը եւ հենց այդ պատճառով ահա այսպիսի մի հետաքրքիր ու գեղեցիկ մտահաղացում առաջացավ, որ անփոփենք այս երեկոն Լ. Ենգիբարյանի «Հովանոցը» նովելի մոտիվներով»:
Բացման արարողությունից պատառիկներ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութերի տեսքով.
Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

