ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՐԶՎԵՐ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅ Է
Արխիվ 12-16ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՊԱՐԶՎԵՐ, ՈՐ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅ Է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում խոսելով Թուրքիայի վերաբերմունքի մասին արցախա-ադրբեջանական սահմանային միջադեպերի առնչությամբ, ինչպես նաև Էրդողանի այն հայտարարության մասին, որ հայ լինելն իր համար վիրավորական է, ասաց, որ պետք չէ զարմանալ Թուրքիայի նման վերաբերմունքից: «Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: «Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Թուրքիան, դառնալով տարածաշրջանային առաջնորդ, կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել, նախագահՍարգսյանը նման տեսակետ ունեցողներին միամիտներ համարեց:

