«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ ԵՐԳԵՐԸ ԱՄԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱԿԱՆՋԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆ…»
Արխիվ 12-16«ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՄԲ ԵՐԳԵՐԸ ԱՄԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱԿԱՆՋԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆ…»
Օգոստոսի 17-ին բոլորս դեպի Տավուշի մարզ, դեպի Բերդ քաղաք՝ սատարելու սահմանամերձ գոտու բնակչին, մասնակցելու արդեն ավանդույթ դարձած «Մեղրի և հատապտուղների փառատոնին»: Այս տարի հատկապես տավուշեցին ունի յուրաքանչյուրիս զորակցության, իր կողքին կանգնելու, ամենքիս փոխանցած լիցքերի կարիքը: Ինչու՞…
«Որովհետև «Մեղրի և հատապտուղների» փառատոնը կարևորում է ազգային ինքնությունը, մեր արմատներին մոտենալը, ուժեղ լինելը, դիմագրավելը, իսկ ու՞մ է պետք առավել շատ ուժեղ լինել, եթե ոչ սահմանապահ ժողովրդին: Այս միջոցառումը տավուշեցու միջոցառումն է, իսկ այսօր ադրբեջանա-հայկական լարված իրավիճակի պատճառով նա ունի մեր կարիքը: Համոզված եմ, որ Տավուշում այս տարի ավելի շատ մարդ է ներկա լինելու թե Հայաստանից, թե արտերկրից, քան նախորդ տարիներին»,- կարծում է ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ , ով, «ԻՐԱՎՈՒՆՔԻ» այն հարցին, թե ինչպե՞ս կպահի այդ օրն իրեն թշնամին՝ տեսնելով այդչափ հայության, պատասխանեց. «Ես համոզված եմ, որ մարդուն հաղթում է ոչ միայն զենքը, այլ առավել վստահությունը, կամայնությունը և կյանքի նկատմամբ սերն ու ոգևորությունը. փառատոնի ժամանակ մեր ազգային հնչեղությամբ երգերը ամեն ադրբեջանցու ականջին հասնելու են, սահմանի այն կողմում, անխոս, լսվելու և իրենց հոգեբանորեն ջարդելու:
Մեր ձայնը պետք է շատ բարձր լինի, պետք է այնպես անենք, որ մեր ծափերն ու ուռաները այնտեղ հստակ ու պարզ լսվեն, ինչից մենք այնքա՜ն կուժեղանանք… Թող ոչ ոքի չթվա, թե թեթև բաներ եմ ասում. պատահական չէ, որ ճակատամարտից առաջ ֆիդայիները քոչարի էին պարում կամ ազգային երգեր երգում… »:
Փառատոնին մասնակցելու մանրամասն տեղեկությունը կարելի է գտնել «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ» և «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն» հայատառ գրված ֆեյբուքյան էջերում:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

