ՆԱՎԱՍԱՐԴ-ԹՈՆՐԱՏՈՆ-2014
Արխիվ 12-16ՆԱՎԱՍԱՐԴ-ԹՈՆՐԱՏՈՆ-2014
Այսօր Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացավ «Նավասարդ-Թոնրատոն 2014» փառատոնը: Այն նպատակ ուներ ներկայացնելու ոչ միայն թոնրում պատրաստվող հայկական կերակրատեսակները, այլև միտված էր դրանց տարածմանն ու պահպանմանը և հարմար առիթ հերթական անգամ աշխարհին ներկայացնելու հայկական ազգային խոհանոցը: Փառատոնն իսկական տոն էր նաև ազգային երգ ու պարի տեսանկյունից. երաժշտական համարներով հանդես եկան Արսեն Գրիգորյանը(Մրո), Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը(Ասո), Ալլա Լևոնյանը, Աղասի Իսպիրյանը, Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, «Կարին» ավանդական երգի ու պարի համույթը, «Ծաղկազարդ» համախումբն ու այլ երգիչ-երգչուհիներ:
«Միջոցառման մեկնարկը տրվել է դեռ 6 տարի առաջ Սպիտակի տարածաշրջանի մի գեղատեսիլ վայրում: 2012 թվականից մեզ միացավ նաև «Հայ խոհարարական ավանդույթերի զարգացման և պահպանման» ՀԿ-ն և որոշվեց միջոցառմանը կցել նաև թոնրատան բաժինը: Սա մեր ազգային ինքնության արժեքի մասնիկ է, այսպիսի միջոցառումով հնչում է ավանդական երգն ու պարը, հերթական անգամ խոսուն դառնում խոհանոցը, գեղարվեստը՝ համախմբելով ժողովրդին մի գաղափարի շուրջ, ուժեղացնելով մեր ձգտումները դեպի
արմատներ: Կարծում եմ՝ կայացել է «Նավասարդը», միակ ցանկությունս այն որպես ազգային պետական տոն տեսնելն է և հուսալ, որ օգոստոսի 11-ը մի օր կդառնա ազգային միասնության օր և կնշվի աշխարհի բոլոր ծագերում, որտեղ թեկուզ 1 հայ կա»,- «ԻՐԱՎՈՒՔՆԻ» հետ զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ:
Փառատոնի մշակութային մասի մասնակից ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ(ՄՐՈ) էլ նշեց, որ նման փառատոն-միջոցառումներն իրեն ուժ են տալիս և մեծ լիցքեր, աշխատելու ուժ փոխանցում.
«Այստեղ ներկաներն ուղղակի ժողովուրդ չեն, որ կարելի է քաղաքում կամ մեծ համերգների ժամանակ հանդիպել, նրանք ազգային տեսակ ներկայացնող մարդիկ են, պատկանելության բարձր զգացմամբ և այն, ինչ իրենք են փոխանցում, ինձ պարտավորեցնում է: Ու նաև ազգային ճաշատեսակների ու ազգային երաժշտության միությունն է հրաշալի. սա բնակյաց ժողովրդի ստեղծած է, ոչ թե քոչվորի…»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

