«Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ՍԵՐԸ ՄԵՐ… » (Պրեմիերա)
Արխիվ 12-16«Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ ՍԵՐԸ ՄԵՐ… » (Պրեմիերա)
Քիչ առաջ կայացավ երգչուհի Նանայի եւ երգիչ Սարո Թովմասյանի «Կարոտ» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այս առթիվ ՆԱՆԱՆ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Ճակատագրի բերումով պատահում է, որ սիրող սրտերը բաժանվում են: Յուրաքանչյուրը սկսում է իր կյանքը նոր, մաքուր էջից` ուրիշի հետ: Ամուսնանալուց հետո անվերջ հարցեր են տանջում, բայց գլխումդ պտտվում է գլխավոր հարցը` Ո՞ւր Կորավ Սերը Մեր… Տարիները սերը չեն մարում, հիշողությունները հանգիստ չեն տալիս եւ սկսվում է ԿԱՐՈՏԸ, իսկ հանդիպման վայրն ու օրը անփոփոխ են մնում: Պետք է գնալ այդ հանդիպմանը, անգամ եթե այն վտանգում է սեփական ընտանիքի անդորրը: Հասնում ես հանդիպման վայր, սպասում , բայց նա չկա: Գլխումդ խելահեղ մտքեր են պտտվում` գուցե նա մոռացել է հանդիպման օրն ու վայրը, մոռացել է մեծ սերը: Քայլում ես մենակ այն տան մեջ, որտեղ երջանիկ ես եղել եւ մտքովդ անգամ չի էլ անցնում, որ գուցե նա այլեւս չկա…»: Հիշեցնենք, որ պրեմիերայից առաջ «Իրավունքի» հետ զրույցում «Կարոտ» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակ ԱՐՄԱՆ ԱՆՏՈՆՅԱՆՆ ասել էր. «Այս երգը կլինի ոմանց համար նաեւ մխիթարանք: Չէ՞ որ մխիթարանքը նաեւ այն է, որ նստած լսում ես ինչ-որ մի երաժշտություն, որը քո սրտին հոգեհարազատ է: Եվ եթե այս երգը լսելով մարդիկ թեկուզեւ մի քանի վայրկյանով մտովի հասնեն այն կետին, որ իր նախկին սիրեցյալի հետ են, երջանիկ են, կարծում եմ` դա արդեն կլինի Նանայի ու Սարոյի հաջողության գրավականներից մեկը: Իհարկե, չեմ կարծում, որ այս երգի պրեմիերայից հետո հանրությունը համատարած կասի` բրավո, շատ լավ է, բայց չեմ էլ կարծում, որ միանշանակ կասեն, թե վատ է: Թեպետ այս պարագայում կարծում եմ դրական արձագանքները շատ ավելի կլինի, քան բացասականը: Ես կողմ եմ ցանկացած առողջ քննադատության, սա հայկական շոու-բիզնեսն է, որտեղ ամեն ինչ անկանխատեսելի է»: Իսկ տեսահոլովակի ռեժիսոր, դերասանուհի ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆՆ էլ վստահեցրել էր. «Ես իմ հնարավորությունների չափով փորձեցի գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Այնպես որ, համոզված եմ` այն, ինչ որ մենք պատկերացրել ենք, ես ստացել եմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

