ԱՅՍՕՐ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Այսօր մեծանուն բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ծննդյան օրն է…
«Ծնվել եմ առավոտյան շուտ, Գյումրվա մի աղքատիկ առավոտ: Ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո, երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին, որը մեկ խնդում և մեկ լալիս էր սրտակեղեք… »,-իր «Նոր տողից» ժողովածուում այսպես գրում է բանաստեղծը, ով, ափսո՜ս, նախորդ տարի 68 տարեկան հասակում հրաժեշտ տվեց կյանքին, բայցևայնպես ընթերցողին թողեց գրական մեծ ժառանգություն. 1975թ. «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն, «Բոլորովին ավելի ուշ»՝ 1979, «Անձրև մի տխուր առիթով»՝ 1982, «Դանդաղ ժամեր»՝ 1986, «Հրեշտակների մանկության երկնքից»՝ 1992, «Երկու ջրհեղեղի արանքում»՝ 1996, «Կես ժամանակ»՝ 2002, «Գիշերահավասար»՝ 2006, «Երբեք չմեռնես»՝ 2010, 2004-ին լույս տեսավ նրա արձակ առաջին`«Մաեստրո» գիրքը, իսկ 2008-ին` «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն:
Հովհաննես Գրիգորյանը նաև իսպաներենից թարգմանել է Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը»(1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983թ.) վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» (2007 թ.) դրաման: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում` «Չուղարկված նամակներ» (1985թ.), Ֆրանսիայում`«Constitution» (2007թ.), Իրանում`«Բոլորովին ուրիշ աշուն» 2009թ.: Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Իսկ 2011թ. գրված իր վերջին՝ «Երբեք չմեռնես. ահա թե ինչ կասեմ քեզ» ժողովածուի համար արժանացել էր պետական մրցանակի:
Ի դեպ, երեկ էլ երջանկահիշատակ Հովհաննես Գրիգորյանի ու նրա տիկնոջ՝ Երանուհի Առաքելյանի ամուսնության 43 ամյակն էր, ինչի կապակցությամբ զույգի դստրերը՝ Անուշն ու Սոնան, իրենց ֆեյսբուքյան էջերում կատարել էին հետևյալ գրառումները.
«Մամ ջան, շնորհավո՜ր… Շա՜տ շնորհակալ եմ ձեզ՝ իմ շատ թանկ, իմ անգին, իմ անձնազոհ, իմ շատ սիրելի մամա ու պապա ջան… Ձեր սիրո արդյունքում կանք ես ու Սոնան… Ես շատ, ահավոր շատ հպարտ եմ, որ ձեր զավակն եմ… Իմ լու՜յս պապաս ու պայծա՜ռ մամաս…»,- գրում է ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
«Ծնողներիս ամուսնության 43 ամյակն է: Շատ եմ սիրում էս նկարը, երիտասարդ սիրահարված ծնողներիս, ու շատ կուզեի կյանքի էդ հատվածի մասնակիցն էլ լինել ու շատ կուզեի հիմա հայրս էլ ներկա լիներ ու տոնեինք միասին: Օգոստոսին մեզ մոտ եռատոն էր՝ վաղն էլ հորս ծնունդը…»,- գրում է ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

