Սեքսոպաթոլոգ. «ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԻՐԱՎԵՊՆ ԵՐԲԵՄՆ ՏԽՈՒՐ ԱՎԱՐՏ Է ՈՒՆԵՆՈՒՄ»
Արխիվ 12-16Սեքսոպաթոլոգ. «ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ ՍԻՐԱՎԵՊՆ ԵՐԲԵՄՆ ՏԽՈՒՐ ԱՎԱՐՏ Է ՈՒՆԵՆՈՒՄ»
Բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ պնդում է, որ մարդիկ սեքսոպաթոլոգի օգնության, որպես կանոն, ավելի շատ դիմում են աշնանը. հենց այդ ամիսներին է, որ իրենց մասին զգացնել են տալիս սեռավարակները: Ըստ Վ. Շահրամանյանի՝ այդ սեռավարակները մարդիկ ձեռք են բերում, սովորաբար, հանգստյան տներում, այսպես ասած, կուրորտային սիրավեպերի արդյունքում, որոնք տխուր ավարտ են ունենում: «Սեռավարակներից բացի, շատերի մոտ հայտնաբերվում են նաև սնկային ախտահարումներ: Վարակի փոխանցման աղբյուր կարող են հանդիսանալ սպիտակեղենը, որի հանդեպ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այս կամ այն հյուրանոց ընտրելիս, լողասենյակներն ու, անշուշտ, լողավազանները»,- «Իրավունքի» հետ զրույցում բացատրեց սեքսոպաթոլոգը: Ի դեպ, մասնագետի խոսքով՝ ջրում վարակվելու հավանականությունն ավելի մեծ է: Ուստի՝ պետք է ուշադրություն դարձնել ջրի մաքրությանն ու խուսափել ջրում սեռական հարաբերություն ունենալուց:
Խոսելով սեռավարկների մասին, Վ. Շահրամանյանն ասում է, որ սեռավարակներն իրենց մասին «հիշեցնում» են քորի, այրոցի, մրմռոցի, տհաճ զգացողությունների տեսքով: «Սեռավարակներից շատերն էլ ունեն գաղտնի շրջան, կարող են ընթանալ անախտանիշ և տարիներով չանհանգստացնել մարդուն: Սեռավարակների կողմից երկարատև լռությունը պայմանավորված է օրգանիզմի դիմադրողականության հետ»:
Բժիշկը հորդորում է նման ախտանշաններ ունենալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ չբուժված սեռավարակները կարող են էլ ավելի սրել իրավիճակն ու բերել ավելի լուրջ խնդիրների. հատկապես, եթե առանց ստուգվելու և բժշկի հետ խորհրդակցելու հակաբիոտիկներ եք օգտագործել: «Կան մարդիկ, որոնք առողջական խնդիր ունենալու դեպքում դիմում են իրենց հարևանի, բարեկամի, ով, հնարավոր է, որ չունի էլ որևէ բժշկական կրթություն, լավագույն դեպքում էլ՝ դեղատան աշխատակցի կամ համացանցում նյութ պեղելու օգնությանը, ինչը ևս շատ տարածված ու սխալ մեթոդ է»,- ասում է բժիշկը:
Զրույցի վերջում Վ. Շահրամանյանը զգուշացրեց, որ հանգստյան գոտի մեկնելիս մի′ անտեսեք հիգիենայի տարրական կանոնները, մի′ մոռացեք պահպանակների և մանրէազերծող լուծույթների մասին: Այս ամենը կիրառելու դեպքում միայն կարող է ամռան հանգիստը հաճելի հիշողություն դառնալ:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

