ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱԽՄԱԽ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՆԻ
Արխիվ 12-16ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԱԽՄԱԽ ՄԱՐԴ ՉԿԱ, ՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՆԻ
Օգոստոսի մեկին արդեն վեցերորդ անգամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դրվեց աճուրդի: Այս անգամ ըստ օրենքի վաճառքը տեղի կունենա աճուրդի եղանակով և նախորդ գնից 10 տոկոս զեղչով՝ 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամ:
«Իրավունքի» հետ զրույցում մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ այս անգամ էլ համալիրը չեն գնելու. «Ոչ մի խելամիտ անձնավորություն չի մասնակցի այս աճուրդին, քանի որ հասկանում է` աճուրդի հետ կապված կա 6-7 հայց»:
Ինչ վերաբերում է 10 տոկոս զեղչով համալիրը աճուրդի հանելուն, ապա դա օրինաչափ է. «Նորմալ չէ այն, ինչ եղել է աճուրդային գործընթացում: Կառույցի գնահատումը տեղի է ունեցել խայտառակ ձևով: Նշված չէ, որ կառույցը նաև պատմամշակութային նշանակություն ունի»:
Անդրադառնալով համալիրում մնացած աշխատակիցների անձնական գույքին`Կորյուն Գրիգորյանն ասաց, որ դեռ պարզ չէ` կկարողանա՞ն վերցնել իրենց գույքը: « Բաներ կան, որ գույքագրված չեն, բայց համալիրի ներսում են: Եթե վաղն ինչ-որ բան կորի, չես կարող ինչ-որ բան ապացուցել»,-մանրամասնեց Կորյուն Գրիգորյանը:
Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատուն վստահեցնում է` իրենք դիմելու են եվրադատարան և հասնելու են հաջողության:
Կարեն Դեմիրճյանի մտերիմ ընկեր, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համոզված է`համալիրը գնորդ չի ունենալու, իսկ եթե անգամ ունենա, ապա չի բացառվում, որ «այդ ախմախը այն վերածի ավտոշուկայի»: «Այս երկրում հիմար մարդ չկա, որ գնի այդ կառույցը, քանի դա բիզնեսի տեսանկյունից իրեն չի արդարացնելու: ԲԱՄՕ-ի տղաները մարդասիրական քայլ արեցին, որ գնեցին կառույցը և այն վերանորոգեցին: Լավ կլիներ, որ ԲԱՄՕ-ի սեփականատերերին աջակցեն վարկը մարելու համար»,- ասաց քանդակագործը`հավելելով. «Եթե Կարեն Դեմիրճյանը ողջ լիներ, թույլ չէր տա, որ համալիրը վաճառվի»:
Սոնա Դավթյան

