ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԼԻՆԵՆ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Արխիվ 12-16ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԼԻՆԵՆ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ վերջին երկու օրերին արցախա-ադրբեջանական սահմանում լարվածության թուլացման միտում է նկատվում, որը ողջունելի է և միանշանակ պայմանավորված է հայկական կողմի պատասխան հարվածով:
Ինչ վերաբերում է հարևան երկու պետությունների`Իրանի և Վրաստանի հայտարարություններին, որով կոչ են անում ԼՂ հակամարտությունը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակի խոսքով` այս հայտարարությունները կունենան իրենց դրական ազդեցությունը. «Հարևան երկրների այս հայտարարությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս նրանց վերաբերմունքը Ադրբեջանի խիստ ապակառուցողական մոտեցմանը»:
Չնայած սահմանում տիրող լարվածությանը, Դ. Բաբայանը վստահեցրեց`Արցախի ժողովուրդը վճռական է տրամադրված և պատրաստ է ցանկացած գնով պաշտպանել իր պետության անկախությունը:
-Պրն Բաբայան, հավանաբար օգոստոսի 8-9-ը սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում: Այն կարո՞ղ է ինչ-որ կերպ թուլացնել այս լարվածությունը և բեկում մտցնել արցախյան հակամարտության խնդրում:
-Երկու երկրների հանդիպման ժամանակ քննարկվում են բազմաթիվ կարևոր հարցեր: Մենք չպետք է ակնկալենք, որ ցանկացած հանդիպման ժամանակ պետք է բեկում մտցվի ԼՂ խնդրում: Ուղղակի նման հանդիպումները կարևոր են խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար: Մենք միշտ արժևորում ենք նման հանդիպումները, չնայած նաև ասում ենք, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին:
-Բացի Վրաստանից և Ադրբեջանից` երկու կողմերին ուժի կիրառումից հրաժարվելու և իրավիճակի կայունացման նպատակով անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ արեցին ԵԱՀԿ ՄԽ պետություններից Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Արդյոք երկու կողմերին կոչ անելու այս մոտեցումից չէ, որ պարբերաբար «ոգևորվում է» Ադրբեջանը:
-Ոչ: Գիտեք դիվանագիտական և հրապարակային հայտարարությունները մի փոքր տարբերվում են ոչ հրապարակային հայտարարություններից: Ցանկալի կլիներ, իհարկե, որ այդ հայտարարությունները հասցեատիրական լինեին: Բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ`դա հավասարակշռված ու տրաֆարետային մոտեցում է, չնայած չի արտացոլում իրականությունը: Ես համոզված եմ, որ ոչ հրապարակային հանդիպումների, քննարկումների ժամանակ միջազգային հանրությունը խոսում է Ադրբեջանի անհանդուրժողականության վերաբերյալ:
-Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես արցախյան հակամարտության ձևաչափ իրեն սպառել է: Դա հաջողվեց իրեն այս օրերի ընթացքում: Եվ ինչպես եք գնահատում ԵԱՀԿ ՄԽ-ի կեցվածքը. Արդյոք այս լարված օրերի ընթացքում թերացա՞վ, թե՞ ոչ:
-ԵԱՀԿ Մինսկի խումբն իր աշխատանքը կատարում է բավական էֆֆեկտիվ և չպետք է այդ աշխատանքից ակնկալել շուտափույթ լուծում: Մինսկի խումբն անում է ամեն ինչ, որ պահպանվի կայունությունն ու խաղաղությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա գործողություններն ուղղված չեն ԵԱՀԿ ՄԽ-ին, այլ իր ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծմանը, որոնք այս քանի օրերի ընթացքում լուծեց Ալիևը: Նա փորձեց ցույց տալ, որ մտածում է իր ազգի մասին, կասեցնում է հայերի «ագրեսիան» և իր այդ քայլով մի երկու տարի լեգիտիմացրեց իրեն և փորձեց կասեցնել իրենից դժգոհ հանրությանը:
Սոնա Դավթյան

