« «ԾԽԱԽՈՏԻ» ԳՈՒՄԱՐՈՎ ԳԻՐՔ ԷԻ ԳՆՈՒՄ…»
Արխիվ 12-16« «ԾԽԱԽՈՏԻ» ԳՈՒՄԱՐՈՎ ԳԻՐՔ ԷԻ ԳՆՈՒՄ…»
Տավուշի մարզի Կողբ գյուղի մշակույթի պալատում գործող թիվ 1 գրադարանը, որը կրում է իրանահայ բարերար ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մահացած որդու՝ լողի չեմպիոն, 17 տարեկանում ավտովթարի զոհ դարձած ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անունը, այսօր գյուղացիների համար գրքի հետ հաղորդակցման իրական անկյուն է՝ չնայած դեռևս իր ունեցած խնդիրներին:
Պարոն Ավոն, հրավեր ստանալով համագործակցել «Հաշմանդամների միություն» հասարակական կազմակերպության հետ, դարձավ նաև գրադարանի բարեկարգման աշխատանքների նախաձեռնողը, երբ տեսավ, թե որքան գրքասերներ ունի գյուղը՝ զուրկ լինելով անգամ համապատասխան պայմաններից: 2010 թվականին սկսեցվեց գրադարանի վերանորոգումը, համակարգիչների նվիրատվությունը, «հիվանդ» գրքերի առողջացումը, մոտ 500 միավոր գրականությամբ նվիրատվություն-համալրումը:
«Գիրքը երբեք միայն իմ սեփականությունը չեմ համարել. այն մի ձեռքով վերցնելով՝ նպատակ եմ ունեցել մյուս ձեռքով նվիրելու… Փառավորվում եմ, երբ մարդ ինձնից գիրք է ուզում»,- ասում է Ավո Հովհաննիսյանը, ով, ինչպես ինքն է ասում, Հայաստանում ապրում է ֆիզիկապես 10, իսկ հոգով 66 տարի և ամեն անգամ զարմանում իրեն ուղղված՝ ինչու՞ եք եկել Հայաստան հարցից, որովհետև Հայաստանը տեսնելուց հետո այլ տեղում իրեն պատկերացնել չի կարող:
Պարոն Ավոյի գրքերի հսկայական պաշարը կուտակվել է դեռևս հայրական պապի ու մայրական տատի իրեն ուղղված նվերներից: «Բավական հարուստ գրադարան ունեին, և քանզի գիտեին, թե որքան գրքի սիրահար եմ, ամենն ինձ նվիրեցին: Ինքս էլ, իհարկե, իմ հնարավոր բոլոր միջոցներով գրքեր եմ գնել. երբեք չեմ ծխել, հայրիկս իմ «ծխախոտի գումարը» շաբաթական տալիս էր, ես էլ գիրք էի գնում, հիմա էլ շատ գրքեր թոշակիս խնայողությամբ եմ ձեռք բերում: Եվ հետո մի նպատակ ևս ունեի՝ օտարից փրկել մեր ձեռագրերը. այդ ճանապարհով էլ բազմաթիվ ձեռագրեր կուտակվեցին»:
Իր կյանքի համար նման առաքելություն սահմանելով ու ամենուր գիրք-նվերներով ներկայանալով պարոն Ավոն արժանացել է Հակոբ Մեղապարտի անվան «Հայ առաջին տպագրիչ», Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալների, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրինության երախտագիտական շնորհակալագրերի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

