ԽՈՒԼԵՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ
Արխիվ 12-16ԽՈՒԼԵՐԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ
Աշխատանքային հերթական օր, ու ամենօրյա ճանապարհով քայլում եմ դեպի խմբագրություն: Հանկարծ նկատում եմ տարօրինակ ոտնափայտերով քայլող մարդու՝ հսկայի հասակ առած: Չգիտեմ, թե լրագրողական բնազդով, թե բնական հետաքրքրությունից դրդված՝ առանց վայրկյան կորցնելու լուսանկարչական ապարատով ֆիկսում եմ պահը: Հակառակ մայթից ժպտացող հսկային ընդառաջ եմ քայլում ու փորձում հասկանալ՝ ինչու, ինչպես… Ստացվում է հարցադրումներից կազմված մենախոսություն. խոսում եմ, խոսում ու ոչ մի պատասխան… Անշտապ քայլերով մոտենում է այլ մեկը ու ներկայանում՝ ՌՈԲԵՐՏ ԾԱՏՈՒՐՅԱՆ՝ Խուլերի մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Հարցադրումներս սկսում են պատասխաններ ստանալ:
«2 տարի առաջ Հայաստանում ստեղծեցի հսկա ոտնափայտերով քայլող ծաղրածուների կերպարներ, ովքեր գունագեղ հագուստներով, դիմակներով ու տոնական տրամադրությամբ մասնակցում են փառատոնների,կոմերցիոն բնույթի միջոցառումների: Առաջին հայացքից աշխատանքը հեշտ է թվում, բայց իրականում սարսափելի է ու չափազանց բարդ, փայտերի վրա կանգնած, ակտիվ շարժումներ անել: Նախ ինքս եմ սովորել, հետո սկսել սովորեցնել աշակերտներիս: Սկզբնական շրջանում լրացուցիչ խնդիրներ էր առաջացնում նաև խուլերի լեզուն չիմանալը, թարգամանիչների օգնությամբ էինք հաղորդակցվում, բայց հիմա ազատ տիրապետում եմ, և հիմա խնդիրները, ինչպես բոլոր թատրոններում, միայն ստեղծագործական բնույթի են»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

