Ամառվա սեզոնը բացվելուն պես բոլորը ձգտում են դեպի ծովափնյա քաղաքներ կամ զով մի վայր, որտեղ հնարավոր է մի քանի օր խուսափել ամռան տապից: Հանգստի համար զբոսաշրջային գործակալությունների առաջարկները տարբեր են, դրանցից մեկն էլ` հանգիստը Անթալիայում:
Չգիտես ինչու, բոլորը լսելով Անթալիա անունը ՙհալումաշ՚ են լինում` միանգամից պատկերացնում ծով, ջուր, խաղաղություն... Սակայն մոռանում են, թե մեկնելով Անթալիա` ում գրպանն են հարստացնում, ինչ են տալիս այն պետությանը, որը դարեր ի վեր սնվել է հայի արյունով: Ինչեւէ, գուցե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` հայերն Անթալիա չմեկնելով` կարողանան ցույց տալ իրենց պատվախնդրությունը: Սա լուրջ խնդիր է, որի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց արվեստագետների հետ, ովքեր դեմ են, որպեսզի հայն իր հանգիստն անցկացնի Անթալիայում.
ՙՈՉ ՄԻ ՀԱՅ ՉՊԵՏՔ Է ՄԵԿՆԻ ԱՆԹԱԼԻԱ՚
Ժողովրդական երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՄՐՈ)- Ընդհանրապես, հանգստանալու համար ոչ մի հայ չպետք է մեկնի Անթալիա: Շատ վայրեր կան, որտեղ կարելի է մեկնել հանգստի, կոչ եմ անում բոլորին` բացի Անթալիայից, որտեղ ուզում են` թող գնան հանգստանալու: Չի կարելի, մենք իրավունք չունենք այսպիսի քայլ կատարել, գնացողները թող մտածեն, որ այդ գումարը, որը տալիս են թուրքերին, նրանք օգտագործում են զենք գնելու համար, որպեսզի ուղղեն մեր դեմ: ՙԻՆՉՈՒ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ԱՅՍ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԸ՚
Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ- Ճիշտ չեմ համարում Անթալիայում հանգստանալը, սա իմ անձնական կարծիքն է: Հանգստանալու համար շատ ավելի գեղեցիկ ու հարմարավետ վայրեր կան: Եթե մենք այսօր քաղաքականացված ենք, իսկ մեզանում յուրաքանչուրն է քաղաքականացված` սկսած կենցաղից մինչեւ քաղաքական դաշտ, ապա ինչո±ւ ենք անտեսում այս կարեւոր փաստը: Բայց գոյություն ունի մարդու իրավունքներ, որոնց վրա իրավունք չունեմ բռնանալու իմ քննադատություններով: Անձամբ ես եւ իմ ընտանիքը երբեք չենք գնա Անթալիա: Անթալիա չպետք է գնան հանգստանալու այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս չճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Եթե Թուրքիան չի ճանաչում իր վայրագությունները, ես ինչու պետք է նրան հարստացնեմ թեկուզ մեկ լումայով: Գիտեմ, մարդիկ տարբեր պատճառաբանություններ կբերեն, ասելով, թե մենք ծով չունենք, ու այնտեղ ավելի մատչելի է, սակայն պատճառաբանություններ` սխալ քայլի մեջ, միշտ էլ կգտնվի, որը այս դեպքում անընդունելի է: