Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներովª 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում):
Այս ամենը կապվում է ՙԲաշկիրնեֆտի՚ եւ ԱՖԿ ՙՍիստեմայի՚ առնչությամբ որոշ խոշոր մութ գործարքների հետ, որոնց գլխին կանգնած է եղել Ուրալ Ռախիմովըª Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդին: Հայրապետյանին մեղադրում են, որ նա այդ ամենին, ոպես միջնորդ, ունեցել է անձնական մասնակցություն եւ ստացել է մոտ 50 միլիոն դոլարի կարգի եկամուտ: Պատմությունն իրոք բավականին մութ է, շրջանառվում են տարաբնույթ վարկածներ, որոնցից մեկով նույնիսկ հիշատակվում է այն հանգամանքը, որ նույն ԱՖԿ ՙՍիստեմայում՚, որտեղ Հայրապետյանն ունի որոշ բաժնեմաս, որոշ դերակատարություն ունի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենի հետ կապված` որոշ մանրամասներ ճշտելու ակնկալիքով դիմեցինք Լ. Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանին, ով խուսափեց որեւէ պատասխան տալուց` պատճառաբանելով, որ նախաքննական մարմնին ստորագրություն է տվել, որ նախաքննության վերաբերյալ ոչինչ չհայտնի: Մենք փորձեցինք զրուցել նաեւ գործարարի վստահված անձ ֆրանսահայ ՄԱՑԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով նախաքննության ընթացքին` ասաց. - Փաստաբաններն աշխատում են մի քանի ուղղությամբ: Բժշկական հանձնաժողովը, որը պետք է հետազոտի Լեւոն Գուրգենիչի առողջական վիճակը, որի եզրակացության հիման վրա խափանման միջոցը պետք է վերանայվի, արդեն ձեւավորվել է: Շուտով կհայտարարվեն արդյունքները: Հուսով ենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նա կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց: Հանձնաժողովի տրամադրության տակ են նաեւ նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր, վիրահատությունների մասին տեղեկություններ: Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ըստ մեր զրուցակցի. - Նախքան մեղադրանքի առաջադրումը, մենք գիտեինք` ինչ հոդվածներով պետք է լիներ պաշտոնական մեղադրանքը, որի համար էլ, առաջին օրվանից չէինք ընդունում: Լրիվ սուտ մեղադրանքներ են եւ իրականությանը չեն համապատասխանում, մեր փաստաբաններն ունեն բավարար հիմքեր նրան պաշտպանելու համար: