ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
Արխիվ 12-16ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
2014 թվականի մայիսին` 19 մլրդ 350 մլն դրամ նախնական գնով Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվեց աճուրդի: Մշակությաին կոթողի աճուրդը առաջացրեց զանազան մարդկանց զայրույթը, մանավանդ, երբ անհայտ էր, թե գնորդն ով է, եւ հետագայում ինչ նպատակների կծառայի այն: Առաջին աճուրդի ժամանակ այդպես էլ գնորդ չհայտնվեց, որին հետեւեց երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աճուրդները, որոնց ժամանակ համալիրի վաճառքի գինը իջեցվում էր մի քանի տոկոսով: Եթե նախկին աճուրդների ժամանակ համալիրի աշխատակիցները շարունակում էին իրենց բնականոն աշխատանքը համալիրի ներսում, ապա վերջին աճուրդի ժամանակ նրանց ԴԱՀԿ աշխատակիցները դուրս են հանել իրենց աշխատասենյակներից եւ կնիք դրել` դռների փականների համար:
Այս ամենը առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը, որոնք բողոքել են, որ ԴԱՀԿ-ի գործողությունները ապօրինի են: Սակայն այստեղ էականը, իհարկե, այն հարցն է, թե ինչ ճակատագիր է սպասվում հայաստանյան այդ եզակի կառույցին, որը, ի դեպ, ժամանակին նույնքան աղմկահարույց իրավիճակում էլ դուրս եկավ պետական սեփականությունից:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային երաժիշտ ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ մեկնաբանեց.
- Ես չգիտեմ, թե ով է այդպես որոշել շենքի ճակատագիրը, սակայն անկախ ամեն ինչից` Համալիրը մնում է պատմական նշանակության շենք, եւ հարց է առաջանում, թե ում հնարավորություններով եւ ինչպես այն կարող է պահպանվել: Անհրաժեշտ է շենքը պահպանել եւ դարձնել անձեռնմխելի: Մարզահամերգային համալիրը պետք է ծառայի այն նպատակին, որի համար կառուցվել է. այն մասսայական ներկայացումների, մեծագույն նշանակություն ունեցող երեւույթների համար է, որը փոքրերի, ինչու չէª նաեւ մեծերի համար ծառայում է որպես սառցադաշտ` սպորտային համալիր է: Ով էլ ստանձնի շենքի պահպանության պատասխանատվությունը, այն պետք է ծառայեցնի իր նպատակներին: Ճիշտ կլիներ, որ պետական հովանավորությունը վերջին դերը չխաղար նման երեւույթների ժամանակ: Շենքի պահպանության եւ ուշադրության ուժեղացման անհրաժեշտությունը այժմ, քան երբեւէ, պետք է շատ լինի:
Իրավաբան ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում նույնպես փաստեց, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցների գործողություններն ապօրինի են.
- Եթե առանց աշխատակիցներին տեղեկացնելու, եղել է դատարանի որոշում, սա իհարկե անօրինականություն է, քանի որ նրանց պետք է նախապես տեղեկացնեին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենային բողոքելու: Այս ամենից հետո չի բացառվում, որ համալիրը դառնա սուպերմարկետ կամ առեւտրի կենտրոն. այսպիսի դեպքեր Հայաստանում եղել են: Թե ինչ նպատակ է հետապնդում սեփականության վերաբաշխումի այս ձեւը, եւ սա ինչի կհանգեցնի` չեմ կարող ասել:
ՀՀ Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆՆ էլ, թեպետ ծանոթ չէ համալիրի աճուրդի մանրամասներին, սակայն ծանոթ է հայ հասարակության այն վերաբերմունքին, որը ցուցաբերում է մշակութային կոթողների հանդեպ.
- Ընդհանուր առմամբ, հայ հասարակությունը լավ չի վերաբերում մշակութային հուշարձաներին:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում`100 հոգու շրջանակներում կատարել է հարցում` պարզելու մարդկանց վերաբերմունքը` Մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված:
1. Դա Հայաստանում բացառիկ շինություն է եւ պետք է մնա պետության վերահսկողության տակ- 73%:
2. Ով էլ լինի սեփականատերը, մարզահամերգային համալիրը պետք է անխափան ծառայի իր հիմնական նպատակին, եւ հենց պետությունն է պարտավոր դա երաշխավորել- 25%:
3. Եթե շենքն ունի սեփականատեր, ապա նա կարող է որոշել, թե այն ինչ նպատակներով օգտագործի, որ եկամտաբեր լինի եւ կարողանա պահպանման ծախսեր իրականացնել- 2%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

