ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ`ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ԵՎ ՀՀՇ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ`ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսուհետ պարբերաբար կհրապարակենք Վանո Սիրադեղյանի կազմավորած հանցավոր բանդայի պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանի դեմ 2000թ. կայացրած դատավճիռից հատվածներ, որով կներկայացնենք Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա բանդայի` Վանո Սիրադեղյանի եւ ՀՀՇ-ի ղեկավարության պատվերով կատարած բազմաթիվ հանցագործությունները` առանձին դրվագներով: Մինչ դրվագներին անցնելը, մեջբերում ենք հատված Արմեն Տեր-Սահակյանի դատավճիռից, որտեղ մանրամասն պատկերված է հանցավոր բանդայի կազմավորման գործընթացը.ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՙԴատաքննությամբ պարզվեց, որ ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանը` առանձին քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց վրա հարձակումներ գործելու, վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ նրանց սպանելու եւ այլ հանցագործությունների կատարման նպատակով 1992թ ամռանը` ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, հովանավորությամբ ու աջակցությամբ կազմակերպել եւ ղեկավարել է կայուն զինված հանցավոր խումբ` բանդա, որը գործել է մինչեւ բանդայի անդամների ձերբակալումը` 1998թ.:
1992 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նա բանդայի կազմում հավաքագրել եւ ընդգրկել է 12 հոգու` այդ թվում` նաեւ սույն քրեական գործով ամբաստանյալներին, այնուհետեւ բանդան 1994թ վերակազմել ու համալրել է նոր անդամներով:
1992-98թթ ընթացքում նա հանդիսանալով բանդայի պարագլուխ եւ գործելով հանցավոր խմբավորման կազմում` ղեկավարել է բանդան եւ դրա հանցավոր գործունեությունը, այն զինել է տարատեսակ հրազենով ու ռազմամթերքով, ապահովել ավտոմեքենաներով, դրանք բանդայի անդամներին տրամադրել է օգտագործելու որպես հանցագործությունների կատարման գործիքներ ու միջոցներ, ձեռնարկել է միջոցառումներ բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, իր հեղինակության ուժով, հնարավոր այլ եղանակներով պահպանել է հանցավոր խմբում կարգապահությունն ու ապահովել բանդայի համախմբվածությունը եւ կայունությունը, ինչպես նաեւ մշակել է հանցագործությունների կատարման պլանները, բանդայի անդամների միջեւ կատարել դերաբաշխում եւ իրականացրել ողջ հանցավոր գործունեության ու կոնկրետ հանցագործությունների ղեկավարումը` ապահովելով հանցավոր նպատակների իրականացումը:
Նշված եղանակով նա բանդայի միջոցով կազմակերպել եւ իրագործել է բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում` ավազակային հարձակումներ, շորթումներ, ինչպես նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություններ ու սպանության փորձեր եւ միաժամանակ կազմակերպել ու իրականացրել է միջոցառումներ հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու ուղղությամբ եւ, հովանավորելով բանդայի անդամներին, նրանց հնարավորություն է ընձեռել գործելու առանձին հանդգնությամբ ու անպատժելիության համոզմամբ:
Բանդան կազմավորել է ամբաստանյալ Արմեն Տեր-Սահակյանը 1992թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում, դրա կազմում ընդգրկել է իր ազգականներ Ալիկ ու Մարզպետ Գրիգորյաններին, Արշակ Շուխյանին, ինչպես նաեւ Սուրեն Հարությունյանին, Արթուր Ալոյանին, Իսրայել Սարգսյանին, Կամո Նարիբեկյանին, Աղասի Ավետիսյանին, Ավագ Դավթյանին, Գեւորգ Դարբինյանին, Հայկազ Աշխատոյանին, որոնց նախապես տեղեկացրել է, որ իրենց խումբը ստեղծված է ՀՀՇ ղեկավարության եւ դրան հարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց հատուկ հանձնարարությունները կատարելու եւ համապատասխան առաջադրանք ստանալու դեպքում որոշակի անձանց սպանելու նպատակով:
Նախապես տեղյակ լինելով կազմավորված խմբի հանցավոր բնույթի ու նպատակների մասին, գիտակցելով զինված հանցավոր խմբավորմանը պատկանելու փաստն ու ցանկանալով լինել դրա անդամը, Արմեն Տեր-Սահակյանի կողմից հավաքագրված վերոհիշյալ անձինք, ընդգրկվել են բանդայի կազմի մեջ ու մասնակցել դրա հանցավոր գործունեությանը` քաջատեղյակ լինելով բանդայի զինվածության ու տրամադրության տակ գտնվող հրազենի ու ռազմամթերքի քանակի, տեսակի, ձեռքբերման աղբյուրների եւ թաքստոցների մասին, անձամբ կրել եւ պահել են պարագլխի կողմից իրենց տրամադրված հրազենն ու ռազմամթերքը, բանդայի մյուս անդամների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ` բանդայի գոյության ու հանցավոր գործունեության գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, մասնակցել են բանդայի հավաքներին, հանցակիցների հետ համատեղ պլանավորել եւ ըստ պարագլխի դերաբաշխման` մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, ինչպես նաեւ մասնակցել եւ օժանդակել են բանդայի կատարած հանցագործությունների բացահայտումը կանխելու, հանցակիցներին, հանցագործությունների հետքերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները պարտակելու նպատակով իրականացվող միջոցառումներին` իրենց հատկացված դերի շրջանակներում ապահովելով բանդայի հանցավոր նպատակների իրականացումը:
1992-94թթ. ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ, իր ղեկավարած բանդայի միջոցով կազմակերպել եւ իրագործել է Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի եւ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, որոնք բանդայի անդամները` Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ ու ղեկավարությամբ նախապատրաստել եւ վերջինիս կողմից տրամադրված հրազենի գործադրմամբ իրականացրել են համապատասխանաբար` 1992թ. սեպտեմբերի 18-ին եւ 1993թ. մայիսի 3-ին, իսկ 1994թ. մայիս ամսից բանդայի միջոցով նախապատրաստվել է ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը, որի նկատմամբ 1994թ. հունիսի 2-ին հրազենի գործադրմամբ կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ: Նշված բոլոր դեպքերում Արմեն Տեր-Սահակյանն ու բանդայի մյուս անդամները, տեղյակ լինելով, գիտակցել են, որ սպանությունը կատարում են տուժողների կողմից իրենց ծառայական պարտքը կատարելու կապակցությամբ:
Ի սկզբանե Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդային ՀՀՇ վարչության շենքում տրամադրվել է առանձնասենյակ, որը եւ օգտագործվել է որպես բանդայի հավաքատեղի...՚:
Հետագա հրապարակումներում հերթով կներկայացնենք բանդայի կողմից կատարված հանցագործությունների մանրամասները` առանձին դրվագներով:
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՙԻ սկզբանե Վանո Սիրադեղյանի միջոցով Արմեն Տեր-Սահակյանի բանդային ՀՀՇ վարչության շենքում տրամադրվել է առանձնասենյակ, որը եւ օգտագործվել է որպես բանդայի հավաքատեղի:
Միաժամանակ, բանդան զինելու նպատակով Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին ապօրինի կերպով, առանց որեւէ ձեւակերպման տրամադրել է ՙԱԿ-74՚ տեսակի 5,45մմ տրամաչափի ինքնաձիգ հրազեն, որը վերջինս ապօրինի կերպով, առանց համապատասխան թույլտվության պահել է իր բնակարանում եւ բանդայի անդամներին տեղեկացրել, որ այդ ինքնաձիգն իրեն նվիրել է անձամբ ՆԳ նախարար Վանո Սիրրադեղյանը:
Նույն նպատակով, ինչպես նաեւ բանդայի քողարկման նկատառումով Արմեն Տեր-Սահակյանն ու բանդայի անդամներ Կամո Նարիբեկյանը, Ավագ Դավթյանը, Ալիկ Գրիգորյանը եւ Արթուր Ալոյանը ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի կողմից Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին տրված ցուցումով 1992թ. հուլիսի 24-ին ձեւականորեն հրամանագրվել են ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում (ՄՀՆՋ) որպես միլիցիոներներ, եւ օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել է հաշվեցուցակային հրազեն հանդիսացող ՙՄակարով՚ տեսակի հինգ ատրճանակ ու դրանցից կրակ արձակելու համար նախատեսված 16-ական փամփուշտ` երկու պահունակով, ընդ որում, ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում եւ Արմեն Տեր-Սահակյանի, Ալիկ Գրիգորյանի, Արթուր Ալոյանի, Կամո Նարիբեկյանի ու Ավագ Դավթյանի ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են ՙնախարարի թիկնապահներ՚:
Մի քանի օր անց, բանդայի անդամները պարագլուխ Արմեն Տեր-Սահակյանից հանձնարարություն են ստացել բանդայի կարիքների համար օգտագործելու նպատակով ավազակային հարձակմամբ հափշտակել ՙՈՒԱԶ՚ մակնիշի որեւէ ավտոմեքենա: Հարձակումը նախապատրաստելու ընթացքում Երեւանի Քանաքեռ թաղամասում բնակվող Իսրայել Սարգսյանը, բանդային տեղեկացրել է նույն թաղամասում տեղակայված ռուսական զորամասում ՙՈՒԱԶ՚ մակնիշի ավտոմեքենայի առկայության մասին եւ 1992թ. օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, բանդայի անդամներից Կամո Նարիբեկյանին, Ավագ Դավթյանին, Արթուր Ալոյանին, Գեւորգ Դարբինյանին եւ Աղասի Ավետիսյանին ցույց տվել զորամասի տեղն ու ավտոմեքենան: Այնուհետեւ Իսրայել Սարգսյանը` որպես թաղամասի բնակիչ չճանաչվելու եւ դրանով իսկ հանցագործության բացահայտումը կանխելու նկատառումներով հեռացել է, իսկ նրա հանցակիցները նույն օրը ՙՄակարով՚ տեսակի ատրճանակների գործադրման սպառնալիքով զուգորդված ավազակային հարձակում են կատարել Երեւանի Քանաքեռ թաղամասում տեղակայված թիվ 24431-Պ ռուսական զորամասի մի խումբ զինծառայողների նկատմամբ եւ նրանցից հափշտակել զորամասին պատկանող ՙՈՒԱԶ-469՚ մակնիշի 0007 ԴԵ պետհամարանիշի ավտոմեքենան, ինչպես նաեւ դրա մեջ եղած ՙԱԿՍ-74՚ տեսակի, 5,45մմ տրամաչափի թիվ 1185636 ինքնաձիգ հրազենը, դրանից կրակ արձակելու համար նախատեսված 120 փամփուշտով լիցքավորված չորս պահունակը եւ ՙՌԳԴ-5՚ տեսակի երկու նռնակը, որով Արմեն Տեր-Սահակյանը համալրել է բանդայի զինանոցը, իսկ հափշտակած ինքնաձիգն ու մինչ այդ Վանո Սիրադեղյանի կողմից տրամադրված նույն տրամաչափի ինքնաձիգը հետագայում տրամադրել է բանդային` որպես Հովհաննես Սուքիասյանի եւ նրա վարորդի սպանության կատարման գործիք:
Այս դրվագով նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաեւ ամբաստանյալ Գեւորգ Դարբինյանին, սակայն դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը այդ դրվագով հրաժարվեց Գեւորգ Դարբինյանի մասով մեղադրանքի պաշտպանությունից, իսկ դատարանը որոշեց այդ դրվագով ամբաստանյալ Գեւորգ Դարբինյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը...՚:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ
Շարունակելի...

