«ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԹԵԺ ԱՇՈՒՆ, ԱՇՆԱՆԸ` ԹԵԺ ԳԱՐՈՒՆ»
Արխիվ 12-16«ԳԱՐՆԱՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ԹԵԺ ԱՇՈՒՆ, ԱՇՆԱՆԸ` ԹԵԺ ԳԱՐՈՒՆ»
Որքան ամառն իր կիզիչ արեւով փորձում է մոռացնել տալ մերօրյա բոլոր խնդիրները, այդ թվում` քաղաքական, այնուամենայնիվ աշունը այնքան էլ սարերի հետեւում չէ: Իսկ մինչ տեւական հանգստի մեջ է քաղաքական էլիտան ու հասարակության ակտիվը, այս օրերին սնկի պես աճում են աղանդավորները, համասեռամոլների լոբբիստներն ու անհայտ գրանտներից սնվող ՀԿ-ները` իրենց սեւ գործն անելով: Այս ամենի, ինչպես նաեւ ամառային, բայց քաղաքական վերջին գործընթացների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ԽՆԴԻՐ ԴՆԵՆ
-ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանձնարարել է ԱՄՆ դիվանագետներին գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղին: Ըստ Ձեզ, ինչի՞ կբերի ամերիկյան այս ակտիվությունը:
- Ճիշտն ասած, կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, թե այս պահին ինչն է նրանց ակտիվացման պատճառը, բայց, համենայնդեպս, խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացները ողջունելի են: Ավելին` այս շրջանում որքան ակտիվ աշխատեն եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, այնքան ավելի ձեռնտու է մեզ համար: Այս առումով` այդտեղ վատ բան չեմ տեսնում:
- Նույն ակտիվությամբ էլ, սակայն արդբեջանական սադրանքներ են շարունակվում, ինչի պատճառով սահմանում գրեթե ամեն օր զոհեր ենք ունենում:
- Հենց այդտեղ է խնդիրը: Եթե Մինսկի խմբի համանախագահները փորձում են հիմնախնդիրը ակտիվորեն քննարկել ու լուծումներ փնտրել, ապա պետք է նույն ակտիվությամբ էլ կարողանան Ադրբեջանին որոշ բաներ հասկացնել: Եվ ոչ միայն հայտարարություններով, այլ կոնկրետ Ադրբեջանի իշխանությունների առաջ խնդիր դնելով` հրադադարի ռեժիմը չխախտելու ուղղությամբ: Այլապես ստացվում է, որ միայն խոսքեր են հնչում:
«ՉԵՄ ԳՏՆՈՒՄ, ՈՐ ՇԱՏ ԹԵԺ ԱՇՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ»
-Թեպետ արձակուրդային շրջան է, բայց այս օրերին էլ ընդդիմությունն անընդհատ հիշեցնում է, որ թեժ քաղաքական աշուն է լինելու: Ի՞նչ կարելի է սպասել «թեժ աշնանից»:
- Ճիշտն ասած, գարնանը ընդդիմությունը հայտարարում Է թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Համենայնդեպս, ընդդիմությունը, բնական է, իր գործընթացներն ունի, բայց չեմ գտնում, որ շատ թեժ աշուն է լինելու: Իհարկե, դա նրանք պայմանավորում են քառյակի 12 կետերով, բայց այդ կետերի մասին բազմիցս խոսվել է: Դրանց մեջ կային միանշանակ անընդունելի կետեր, եւ կային մի քանի կետեր, որոնց ուղղությամբ արդեն իսկ իշխանությունները աշխատանքներ ձեռնարկել էին: Այնպես որ, ընդդիմությունը պետք է աշնանն իրենց մեջ պարզի, թե ովքեր են ընդդիմություն լինելու ու հիմա ինչ պահանջներ են առաջ քաշելու:
ՀՀ-Ի ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
-Այս օրերին ԶԼՄ-ներում մեծ խանդավառությամբ տիրաժավորվում է այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանին չի հաջողվի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը...
- Տարբեր ԶԼՄ-ներ, տարբեր լրագրողներ իրենց երեւակայությունից դուրս կարող են տարբեր հոդվածներ գրել, բայց այս հարցում, կարծում եմ, պետք է միայն հետեւել պաշտոնական տեղեկատվությանը: Իսկ պաշտոնական տեղեկատվությամբ` մինչեւ հոկտեմբերի վերջ վերջնականապես կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը: Դրանից այն կողմ ամեն մեկը կարող է իր երեւակայության շրջանակներում որոշակի բաներ գրել ու մեկնաբանել:
- Ի դեպ, վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց նաեւ ԼՂՀ վարչապետի հարցուպատասխանները, մասնավորապես այն, որ նա նշել էր, թե ԼՂՀ-ի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները: Ըստ Ձեզ, որոշակի քաղաքական գործընթացներ կարո՞ղ են բերել ԼՂՀ-ՀՀ հակասության:
- Հակասություն երբեք չի կարող լինել, որովհետեւ երկու հանրապետության ղեկավարներն էլ, եթե ինչ-որ քայլեր են անում, ապա դրանք համաձայնեցված են: Եվ սա նաեւ մեկ անգամ եւս առիթ է` ապացուցելու, որ ԼՂՀ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է լինի լիիրավ բանակցային կողմ: Եվ դա պետք է շատ արագ վերականգնվի:
«ՉՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ,ՍԱ ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է»
-Պարոն Ավետիսյան, պարզվում է` մինչ քաղաքական-հասարական կյանքը խաղաղ է ամառվա այս ամիսներին, խիստ ակտիվացել են աղանդավորները, համասեռամոլների լոբբիստներն ու գրանտակեր ՀԿ-ները: Ի վերջո, ինչպե՞ս պետք է պայքարենք այս ազգակործան ուժերի դեմ:
- Կարծում եմ, որ դա պետք է լինի ամբողջ հասարակության պայքարը, որովհետեւ սա մեր հայ ազգին հարիր չէ: Նույն ընդդիմությունը պետք է իր ակտիվությունը նաեւ այս հարցում ցուցաբերի: Այսինքն` չպետք է նայել իշխանություն-ընդդիմություն, սա ազգային խնդիր է: Գտնում եմ, որ հայի դաստիարակության մեջ նման բաներ չպետք է լինեն:
«ՆԱԽԱՏԵՍԵԼ ԵՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԼՂՀ-ՈՒՄ»
-ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանն ասել է, որ ՀՀԿ ԳՄ նիստեր կլինեն օգոստոսի 20-ից հետո: Ըստ Ձեզ, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն վստա՞հ է, որ քաղաքական դաշտում ամեն ինչ իր հունով է գնալու, թե՞ անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստեր կգումարվեն:
- Չեմ կարծում` այդչափ հրատապ խնդիրներ լինեն, որ անհրաժեշտություն լինի Գերագույն մարմնի նիստ գումարելու: Արձակուրդային շրջան է ամբողջ հանրապետությունում, բնական է, որ ԳՄ անդամների մի մասն էլ կարող է հանրապետությունում չլինել եւ, ի վերջո, նրանք էլ կարող են գոնե մի 10-15 օր հանգստանալ: Կարծում եմ` նիստեր չգումարելը այս ընթացքում դրանով է պայմանավարված:
- Իսկ հետաքրքիր է` Դուք որտե՞ղ եք պատրաստվում հանգստանալ:
- Ճիշտն ասած, եթե ժամանակ գտնեմ, ապա նախատեսել եմ մեկ շաբաթով հանգստանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

