ՈՐՏԵՂ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Քանի որ օգոստոսը հանգստի ամենաեռուն շրջանն է, փորձեցինք ԱԺ պատգամավորներից հետաքրքրվել, թե ով որտեղ է պատրաստվում անցկացնել հանգիստը, եւ արդյոք կիսում են այն տեսակետը, որ հայաստանյան հանգիստը շատ ավելի թանկ է, քան` այլ երկրներում, թեկուզ հարեւան Վրաստանում: Այսպես, օրինակ` ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ արդեն տասը տարի է, ինչ հանգիստն անցկացնում է Ղրիմում. ՙՏասը տարի է, որ ամեն ամառ Ղրիմ եմ գնում, չեմ կարծում, որ կփոխեմ նախասիրությունս: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը գրավիչ չէ, ընդհակառակը` մեր հայրենիքը գրավիչ է թե° բնությամբ, թե° իր ռելիեֆով, մենք ունենք էքստրեմալ հանգստի բոլոր հնարավորությունները: Լեռնային երկիր լինելով` մեզ մոտ զարգացած է էկոտուրիզմը, մակրոտուրիզմը, լեռնագնացությունը: Չպետք է մոռանանք, որ Հայաստանը քրիստոնեական ակունքներ պարունակող երկիր է, եւ շատ տուրիստներ գալիս են հենց դրա համար: Անձամբ ես` առավել շատ Հայաստանում նախընտրում եմ հանգստանալ Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում եւ Աղվերանում՚: Պատգամավորը կիսում է այն տեսակետը, որ հայաստանյան հանգիստը իրոք շատ ավելի ծախսատար է. ՙԳնային առումով իրոք մեր երկրում հանգստանալը, շատ ավելի թանկ է նստում, քան, ասենք, Վրաստանում: Ծառայությունների գումարը շատ ավելի բարձր է, քան` այլ երկրներում: Ճիշտ է, լավ ծառայությունների որակ ունենք, բայց բոլոր դեպքերում գնային քաղաքականության մեջ մենք որոշակի լուրջ խնդիրներ ունենք՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ էլ, արդեն հասցրել է հանգիստը վայելել եւ վերադարձի ճանապարհին էր. ՙԵս արդեն հասցրել եմ ինչ-որ չափով հանգստանալ, եւ արդեն վերադարձի ճանապարհն եմ բռնել, հանգստանում էի Վրաստանում՚:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, չնայած դեռ աշխատանքային գրաֆիկի մեջ է եւ չի հասցրել հանգստանալ, սակայն պատրաստվում է հանգիստն անցկացնել Հայաստանում, քանի որ իրեն չի կարող թույլ տալ այլ երկրում հանգստանալ, ինչպես ինքն է ասում` շռայլությունը. ՙԿարծում եմ, Հայաստանը գրավիչ է մրցակցային տեսակետից` բացառությամբ մեկ բանի, այն է` վճարների բավական բարձր լինելը, ինչը որոշակի առումով զիջում է մրցակցությանը: Թե չէ, մնացած առումներով` անվտանգություն, սննդակարգ, սպասարկում, Հայաստանը բավական բարձր տեղում է: Ինչ վերաբերում է իմ հանգստին, ես նախընտրում եմ հանգստանալ եթե ոչ գյուղում, ապա առողջարանային քաղաք Ջերմուկում: Ցավալիորեն պետք է նշեմ, որ Հայաստանից դուրս հանգստի չեմ մեկնելու, այս անգամ չեմ կարող ինձ թույլ տալ այդ շռայլությունը, բայց կարծում եմ, որ նաեւ կարեւոր է ծովափում հանգստանալը, ինչը լրացուցիչ լիցք կարող է հաղորդել եւ թեթեւացնել ծանր, մտավոր աշխատանքը՚:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հավատարիմ մնալով իր ոճին` ասաց. ՙՏան եմ հանգստանալու, էս տարի որեւէ տեղ չեմ գնալու, լավ ա, բավարաված եք, դե, ցտեսություն՚:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ հայաստանյան հանգիստը հանգիստ չի համարում. ՙԵս Հայաստանը երբեք չեմ դիտարկում` որպես տուրիստական հանգստի երկիր, համենայնդեպս, ինձ համար: Ես Հայաստանի բնակիչ եմ եւ այստեղ ապրում եմ, ո±նց կարամ հանգստանամ: Երբ ես Դիլիջանում եմ կամ Ծաղկաձորում, ես չեմ մտածում, որ այդ տեղերում ես հանգստանում եմ, իմ երկիրն է սա, ի±նչ հանգստավայր՚: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` ինքը հանգիստը անցկացնելու է արտերկում, բայց թե որտեղ. ՙՉեմ ասի, ինչի± պետք է թերթերով հրապարակեմ, թե որտեղ կամ ում հետ եմ պատրաստվում մեկնել հանգստի: Կգնամ, հետո կգամ, նոր կհարցնեք` կասեմ՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ պլանավորում է հանգիստը անցկացնել ԼՂՀ-ում. ՙԸնտանիքիս հետ էս տարի կգնանք հանգստանալու ԼՂՀ-ում՚: Գյումրեցի պատգամավորը եւս կարծում է, որ մեզ մոտ հանգիստը այնքան էլ մատչելի չէ. ՙհատկապես սեզոնին՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ դեռեւս չի մտածել հանգիստն անցկացնելու մասին, քանզի. ՙՄի փոքր վիրահատական միջամտության պետք է ենթարկվեմ, եթե գնամ էլ հանգստի, ապա միայն տասնհինգից հետո: Երեւի կմեկնեմ արտերկիր, չնայած մեր հանգստավայրերն էլ եմ շատ սիրում եւ հաճախ եմ գնում հանգստանալու, հատկապես Դիլիջանը, Ղուկասյանը, ինչու չէ` նաեւ Ջերմուկը՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

