Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը, որում կոչ է արվում դադարեցնել ամերիկյան եւ եվրոպական պատժամիջոցների ներքո գտնվող անձանց եւ ընկերությունների հետ գործարքները, շանտաժ է եւ դիվանագիտական ներկայացուցչության լիազորությունների շրջանակներից դուրս գործողություն, կարծում է քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: ՙԿարծում եմ, որ նման հայտարարություններից հետո հայկական դիվանագիտությունը պարտավոր է հանդես գալ գոնե բողոքի նոտայով: Վերջիվերջո, խոսքը Հայաստանի ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների մասին է՚,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, ում հետ եւ ինչ ծավալով համագործակցելու որոշումը յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է` անկախ այլ երկրների սահմանած պատժամիջոցներից:
Քաղաքագետը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանը նման խնդրի արդեն բախվել է, երբ ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին, եւ այդ ժամանակ էլ հայկական իշխանությունները լռեցին: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նախօրեին տեղեկություն է տարածել, որ տեղեկացրել է տեղական կառավարությանն ու երկրում գործող ընկերություններին` Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների մասին: Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համակարգի ութ ռուսական ընկերությունների, երկու ֆինանսական կառույցների, էներգետիկ երկու ընկերությունների եւ մի շարք ռուս եւ ուկրաինացի պաշտոնատար անձանց նկատմամբ: ՙԴրանից առաջ ԱՄՆ-ն բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել` համակարգելով քայլերը մեր գործընկերների հետ, այդ թվում` ԵՄ-ի եւ G7-ի վերաբերյալ, որոնք նույնպես մատնանշել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին եւ դրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված բոլոր ռիսկերը, որոնք կհայտնվեն պատժամիջոցների ենթարկված անձանց եւ ընկերությունների հետ փոխգործակցության դեպքում, եւ դադարեցնել այն բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների սահմանած պատժամիջոցներին՚,- ասվում է ամերիկյան դեսպանության հաղորդագրության մեջ: