ՔԵՍԱԲԻ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ՔԵՍԱԲԻ ԴԵՊՔԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈ՞ՒՄ
Մինչ քեսաբայերը վերադառնում են իրենց բնականոն կյանքին ու փորձում մոռանալ սիրիական չարաբաստիկ դեպքերը, այսօր էլ, կարծես թե, նույնպիսի ծանր իրավիճակում են հայտնվել Իսրայելի հայերը: Ըստ մամուլում տարածված տեղեկատվության` Երուսաղեմում ապրող պաղեստինցիները ակտիվացել են եւ հարձակվում են հայ ընտանիքների վրա: Նրանք թալանում են տները ու կտտանքների ենթարկում բնակիչներին: Ավելին` տեղի հայերը վստահ են, որ այս շարժման նպատակն է տարածքը հայաթափել ու վստահեցնում են, թե նույն իրավիճակում են հայտնվել, ինչպես քեսաբահայերը: Սակայն «Իրավունքի» հետ զրույցում Հայաստանում Հրեական համայնքի ղեկավար ՌԻՄԱ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆԸ հերքեց տեղեկատվությունը` նշելով.
-Սուտ է, երեւի դա կապում են Իսրայելում տեղի ունեցող իրավիճակի հետ: Ես նոր եմ եկել այնտեղից, նման բան չկար, շատ լավ ընդունեցին մեր պատվիրակությանը ու կարեւոր հանդիպումներ ունեցանք: Ասեմ նաեւ, որ Հայաստանում հրեական համայնքը Իսրայելում ստեղծված իրավիճակի մասին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայաստանում հրեական համայնքը իր համախոհությունն է հայտնում Իսրայելի Հանրապետությանը` իրենց կողմից արդար պայքար մղելու կապակցությամբ, որը տարվում է ընդդեմ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության: Այն վերջին 20 օրերի ընթացքում համատարած կրակ է բացել Իսրայելի քաղաքներում: Խաղաղ բնակչությունը շարունակ ապրում է վախի մթնոլորտում` սեփական կյանքի եւ սեփական երեխաների կյանքի համար: Իրականությունն այն է, որ անդադար հնչում է ազդանշանի սուր ձայնը, որը կարելի է ասել` չի էլ դադարում, այլ ահ ու սարսափ է ներշնչում մարդկային հոգիներում եւ պատառոտում սրտերը, հրթիռները տարածվում են ողջ երկրով: Կցանկանայինք, մաղթել այն բոլոր քաղաքական գործիչներին եւ ժողովուրդներին, որոնք աջակցում են ՀԱՄԱՍ-ի նենգությանը, ապրեին այսօրվա իսրայելական իրականության մեջ: Որեւէ կառավարություն աշխարհում չէր հանդուրժի նման վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ: Երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը տարվում է երկրների եւ կազմակերպությունների միջեւ, եւ որոնք կարեկցում ու արդարացնում են ՀԱՄԱՍ-ի գործողությունները, բերում են նոր զոհերի: Մենք կոչ ենք անում աշխարհի ողջախոհ հանրությանը գիտակցել ահաբեկիչների կողմից տարվող վտանգը եւ սատարել Իսրայելին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

