ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆ. «ՍՐՏԱՑԱՎ ԷԻ ՄԵՐ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆ. «ՍՐՏԱՑԱՎ ԷԻ ՄԵՐ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱՐ»
Օգոստոսի 16-18-ը մանկական «Նոր ալիք» մրցությում Հայաստանը կներկայացնի 11-ամյա ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Սակայն հայկական պատվիրակությունը կմեկնի օգոստոսի 5-ին: «Իրավունքի» հետ զրույցում Դավիթի երաժշտական պրոդյուսեր, երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ տեղեկացրեց, «Արդեն ընտրված են երգերը, սակայն բոլորս էլ գիտենք, որ վերջնական ընտրությունը տեղում է լինում: Մինչեւ վերջին պահը վստահ չես, թե որ երգը կարող են ընտրել մրցույթի կազմակերպիչները, նրանք անընդհատ փոփոխում են երգերը` համերգային ծրագիր ստանալու համար: Ընտրել ենք 3 հայկական երգ. մեկը Դավիթի համար գրված հեղինակային երգն է, որով նա անցյալ տարի մասնակցեց «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին եւ գրավեց երկրորդ տեղը: Հաջորդը` Սոնա Շահգելդյանի «Կորուստ, թե գանձ» երգն է, որով Սոնան հաղթեց «Նոր ալիք» մրցույթում, եւ 3-րդ երգը` Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգն է, որոնք կներկայացվեն որպես հայկական հիթ: Արտասահմանյան երգերից նույն սկզբունքով կրկին ընտրել ենք 3 երգ»:
Անդրադառնալով այս տարի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանի ելույթներին, Գրիգորը դրական գնահատեց. «Սոնան իմ մտերիմ ընկերն է, ու իսկապես սրտացավ էի մեր այս տարվա մասնակցի համար: Կարծում եմ` կասկած չկա, որ Սոնան շատ լավ է երգում: Սպասում էի, որ ավելի լավ հորիզոնական կունենար, ափսոսում եմ, որ ընդամենը 6-րդն էր: Ինչեւէ, պետք չէ կենտրոնանալ, մենք լավ երգիչներ ենք ունեցել այդ մրցույթում, օրինակ` Ռազմիկ Ամյանը, ով կարծեմ 10-րդ հորիզոնականում էր, բայց բոլորս էլ կփաստենք, որ նա լավ է երգում: Այստեղ միայն երգիչը չէ, այլ պրոդյուսերական, թիմային լուրջ, ճիշտ աշխատանք պիտի տարվի, պիտի փորձես նորություն ասել: Իրականում մասնակցի համար հաջողությունը
որոշվում է հենց առաջին օրը, եթե չստացար ցածր միավորներ, ինչպես Սոնայի դեպքում եղավ, ոչինչ չես կարող փոխել: Նա ամենաբարձր միավորները ստացավ 2-րդ, 3-րդ օրերին, բայց արդյունքը էականորեն չփոխվեց: Ինչեւէ, մի բան փաստ է, որ մարդիկ սիրել են Սոնայի հաջորդ 2 օրերի ելույթները, ու նա ինչ-որ բան ասաց այդ մրցույթում` կարեւորը հենց դա է, որ կհիշեն Սոնային: Ովքեր չէին ճանաչում մինչ այդ, ճանաչեցին ու սիրեցին: Այսինքն` հաստատ անիմաստ չի եղել նրա մասնակցությունը: Դե, իսկ
«Հանդիսատեսի համակրանք» մրցանակի համար իսկապես ուրախ եմ: Եթե ես մասնակցեցի այդ մրցույթին եւ արժանանայի այդ մրցանակին, կարծում եմ` իսկապես ուրախ կլինեի: Այնպես որ, շնորհավորում եմ Սոնային ու ուզում եմ նրան ասել, որ ընկճվել բացարձակապես պետք չէ»:
«Իրավունքի» այն հարցին, թե Վրաստանը հաճախ մրցույթում հաղթող է դառնում, այս տարի վրացուհու ելույթը լա՞վն էր, որ հաղթեց, թե՞ Մելաձե եղբայրների գործոնը կար այդտեղ, Գրիգորը փաստեց. «Երբ Սոնա Շահգելդյանը հաղթեց, վստահ եմ, այդ տարի կարող էին այնպես անել, որ Սոնան չհաղթեր, հնարավոր էր հաղթեր այն մասնակիցը, ով երկրորդ տեղում էր: Այսինքն` եթե թողեցին, որ Սոնան հաղթի, ուրեմն այդտեղ արդարություն կա, եւ հավատում եմ դրան: Գուցե ինչ-որ հանգամանքներ, գործոններ կային, բայց անհնար է, որ լինես ամենալավը, բացարձակ անթերի ու չհաղթես: Իսկ ես կարծում եմ, որ վրացի երգչուհու առաջին օրվա մրցութային կատարումը, որը, ինչպես նշեցի, որոշող հարց է, անթերի էր: Հետեւաբար արդարացի էր, ինչպես Սոնա Շահգելդյանը, այնպես էլ վրացուհին գոնե 2-3 քայլ բարձր էր մյուս մասնակիցներից` բեմում ազատության, օրիգինալ լինելու եւ երգի օրիգինալ մեկնաբանության համար»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

