ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԿԾԻԿԸ
Արխիվ 12-16ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԿԾԻԿԸ
ՄԱԿ-ի մարդաբանական հիմնադրամի տվյալներով դարավերջում Հայաստանում կմնա 1 մլն 750 հազար բնակիչ, եւ դեռ պարզ չէ, թե դրա քանի տոկոսը կլինեն հայերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով վերջերս կատարած ՙԱրտագաղթի աշխարհագրությունը՚ թեմայով հարցման արդյունքները: Սոցիոլոգի տվյալներով` Հայաստանի բնակչության 40 տոկոսը պոտենցիալ արտագաղթող է: Իսկ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, թեեւ այս տարվա առաջին կիսամյակում ծնելիությունը 30 տոկոսով գերազանցել է մահացությունը, բայց, այնուամենայնիվ, արտագաղթի պատճառով ունենք բնակչության որոշակի նվազում:
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՆ
Ազգի օրգանիզմը բնազդի մակարդակով է արձագանքել կենսաբանական անհրաժեշտությանը, եւ դրա շնորհիվ է տեղի ունեցել ծնելիության աճը: Իսկ կենսաբանական մարտահրավերները առավել քան ակնհայտ են. շրջապատված ենք կենսաբանական թշնամու հսկայական զանգվածով` շուրջ 100 միլիոնի հասնող թուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներով, իսկ ամբողջովին ինքնուրույն մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է նվազագույնը 200-250 հազարանոց բանակ ունենալ: Դե, ցանկացած ընթերցող կարող է պարզագույն հաշվարկ կատարել, թե ինչքան բնակչություն է պետք մեր երկրին` մեզ անհրաժեշտ զորակոչային ռեսուրսն ապահովելու համար...
Վիճակագիրների արձանագրած ծնելիության աճն ունի խորքային ու շատ բնական պատճառներ: Եվ հարց է ծագում` իսկ ինչո±վ է պայմանավորված ամեն ինչ փչացնող եւ ռազմավարական հեռանկարում հայաթափումով սպառնացող արտագաղթը: Արդյո±ք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով, արդյո±ք արդարության եւ օրինականության սրագույն պակասով... Սակայն աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունում այդ ցուցանիշները ավելի վատ են, բայց շատ դեպքերում փախեփախի այդ մղումը չկա: Հետեւաբար` պատճառները ոչ թե սոցիալ-տնտեսական են, այլ բարոյահոգեբանական հարթությունում են: Ի դեպ, այժմ եւ ԽՍՀՄ մայրամուտին` 1985-1990թթ. արտագաղթի տեմպերը նույնն են, թեեւ խորհրդային վերջին տարիներին ոչ ահավոր սոցիալ-տնտեսական խնդիրներ կային, ոչ էլ առանձնապես արդարության եւ օրինականության պակաս գոյություն ուներ: Պարզապես, հենց այդ տարիներին մուտք գործեց այն վարակը, որը նաեւ նույն ԽՍՀՄ-ի փլուզման պատճառ դարձավ` սպառողական հասարակության չափանիշները: Հանկարծ առաջնահերթ խնդիր դարձավ ունենալ թուրքական արտադրության ջինս եւ 200 տեսակի երշիկ: Ու սպառողական հասարակության չափանիշները չէին կարող չբերել արտագաղթի, քանի որ միշտ էլ կգտնվի մեկ այլ երկիր, ուր սպառման մակարդակն ավելի բարձր է:
Ի դեպ, հետաքրքիր դիտարկում ունի Մերուժան Տեր-Գուլայանը. ՙՄենք ազատագրեցինք մեր սրբազան հայրենիքը, որը նաեւ շատ լավ գիտեն հենց ադրբեջանցիները, ես առիթ ունեցել եմ խոսել նույն ադրբեջանցի գրողների հետ, ովքեր առանձին զրույցներում համաձայնում են, որ Արցախն իրենց հողը չէ: Հիմա մենք դա գիտենք, ու եթե Պյոտր Մեծի նվաճած հողերը ռուս գրողները դարձրեցին հայրենիք, մենք մինչեւ այսօր մեր իսկ սեփական հարազատ տարածքները չենք կարողանում հայրենիք ձեւակերպել: Խոսքս մտավորականության, հոգեւորականության մասին է, հոգեւոր գործով զբաղվողների մասին է: Ինչ-որ անիմաստ մոտիվներ ենք քննարկում` իրական նյութը թողած՚: Եվ, իրոք, ինչով են հիմա զբաղված մեր գրողները: Իրական խնդիրներ բարձրացնելու, ժողովրդին կրթելու ու վեհացնելու փոխարեն` գրչի մարդիկ մեծամասամբ արտադրում են աղբ: Բարձր մրցանակների են արժանանում պոստմոդեռնիստական` անբարոյականություն տարածող եւ ծայրահեղ էգոիզմ քարոզող ստեղծագործությունները, իսկ իր մեծամասնությամբ մտավորականությունը քաշված է մի կողմ: Յուրաքանչյուրը գերադասում է ընդհանուր հոսանքի դեմ չգնալ, քանզի հատկապես համացանցի եւ ՙՖեյսբուքի՚ դարում կենթարկվեն հոշոտման ոհմակների կողմից: Հենց նեգատիվի անվերջ տիրաժավորումն ու շրջանառությունը տեղեկատվական բոլոր կրիչներով եւ բանավոր շփումների ժամանակ ստեղծում է փախեփախի այն ահավոր պոտենցիալը, որը չափել է Ահարոն Ադիբեկյանի ՙՍոցիոմետրը՚:
ՉԱՐԻՔԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԵՐԸ
Կրկին հերթական դիվերսիա, ու, թեեւ, լեռնալանջերը պատված են թուրքի լեշերով, ունենք 2 զոհ: Այսինքն` մի վիճակ է, երբ չգիտես` արդեն պատերազմի մեջ ենք, թե` ոչ: Թե ով է քաջալերում մազութային սուլթանատին նորանոր զինյալ սադրանքների եւ ինչ նպատակով` վաղուց հայտնի է: Դա չարիքի կայսրություն ԱՄՆ-ն է, ու դրանով նպատակ ունի ազդել ներքին բարոյահոգեբանական վիճակի վրա, ապակայունացնել երկիրը, փորձել այդ արտաքին ՙեվրամայդաններով՚ ստանալ ներքին ՙեվրամայդան՚: Ու քանի որ դեռեւս վերջնականապես ողջ ծավալով ամրագրված չէ մեր ընդգրկումը Եվրասիական քաղաքակրթության շրջանակում, դեռեւս չենք կարող ամեն մի դիվերսիային պատասխանել այնպիսի ծանր հարվածով, որ հակառակորդի համար դա դառնա բացարձակապես անընդունելի գին: Եվ հենց դա է ստեղծում այսօրվա վիճակը` կրկնվող դիվերսիաները, որ լարվածության մեջ են պահում հանրությանը: Այդ վիճակը շարունակվելու է օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, առավելագույնը` մինչեւ տարվա վերջ: Սակայն վերջնական ինտեգրումը եվրասիական տարածք հեռու չէ: Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավարովը. ՙՄոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ՚:
Ամենահրատապ խնդիրներից է պերմանենտ սահմանային լարումների պայմաններում թույլ չտալ խուճապարար եւ վանյանական տիպի դավաճանական լրահոսերի տարածումը երկրի լրատվական տարածքում: Ու թեեւ այս պահին օրենքը դեռեւս չի տալիս ուղղակի հնարավորություն` պատժելու խուճապարարներին եւ պարտվողականություն քարոզողներին, այնուամենայնիվ, պետության համապատասխան կառույցները պարտավոր են դա անել, եւ անել անհապաղ` բանի տեղ չդնելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վայնասունը: Դա պետք է հիմա անել, իսկ իրավական ձեւակերպման մասին կարելի է եւ անելուց հետո մտածել, երբ շունչ քաշելու ժամանակ կլինի:
Եթե այսօր դիտարկենք տեղեկատվական ողջ դաշտը, ապա կտեսնենք համատարած եւ ոչնչով չսահմանափակված տեղեկատվական-հոգեբանական պատերազմի իրողությունը: Մթնոլորտի մշտական թունավորումը այժմ, այն պահին, երբ նույն ԱՄՆ-ն գործադրում է վերջին ճիգերը` թույլ չտալու մեր երկրին լիիրավորեն ի կատար ածել սեփական աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրությունը, բավականին վտանգավոր բնույթ է ստանում: Համացանցի եւ տպագիր մամուլի մակարդակով համակարգված հակահարվածը դառնում է կենսական անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է հեռուստաեթերին, ապա բարեբախտաբար, դա այն ոլորտն է, ուր պետությունը պարզ վարչահրամայական մեթոդներով ի վիճակի է դադարեցնել նեգատիվի տարածումը ամենասեղմ ժամկետում, եւ առնվազն անհասկանալի է, թե ինչու դա չի արվում:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա ԱՄՆ-ն արդեն անցել է բացահայտ շանտաժի սահմանագիծը: Բանը հասել է նրան, որ ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում հեռու մնալ ռուսական տնտեսվարող սուբյեկտներից. ՙՄենք կոչ ենք անում բոլոր երկրներին եւ նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների եւ ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, եւ դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր եւ մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին՚,- նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններից Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում մասնավորապես ՙԳազպրոմ-բանկը՚ եւ ՙՎՏԲ՚-ն: Իսկ ՙՌոսնեֆտը՚ պատրաստվում էր խոշոր ներդրում անել ՙՆաիրիտում՚: Բայց այս անգամ Ռուսաստանի դեսպանատունը արձագանքեց շատ արագ ու շատ կտրուկ, մասնավորապես. ՙԴիվանագիտական ներկայացուցչությանը չի սազում երկրի իշխանություններին մատնանշել, թե ում հետ եւ ինչպես պետք է կապ պահպանի, հատկապես` ինքնիշխան պետությանն ուղղված բառապաշարում օգտագործելով թույլ քողարկված սպառնալիք: Ենթադրում ենք, որ Հայաստանի գործարար շրջանակները նույնպես ի վիճակի են ինքնուրույն որոշել իրենց բիզնեսի հարցերը եւ օտարների հուշումների կարիքը չեն զգում՚: ՌԴ դեսպանատունը նաեւ նշում է. ՙԻսկ ռուսական ընկերությունների հետ շփումը դադարեցնելու կոչերը հերքում են ամերիկյան ներկայացուցիչների կեղծավոր հայտարարություններն այն մասին, որ պատրաստակամ են աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այստեղ ԱՄՆ գործողություններում հստակ երեւում են նաեւ առեւտրա-տնտեսական անբարեխիղճ մրցակցության տարրեր՚:
Կարելի է պատկերացնել, թե ինչպես են 5-րդ շարասյուների ամբողջ քարոզչական մեքենային այժմ քսի տալու մեր ռազմավարական դաշնակցի վրա, ու մինչեւ որ բարձունքներն է հասնելու հիսթերիայի դոզան: Չնայած, չկա չարիք առանց բարիքի` ինչքան ավելի հիսթերիկ ու բացահայտ 5-րդ շարասյուները խոսեն իրեց իրական նպատակների մասին, այնքան ավելի շուտ հանրությունը դրանց հանդեպ կլցվի կատարյալ անվստահությամբ: Ուղղակի, անհրաժեշտ են ճիշտ ժամանակին, ճիշտ շեշտադրումներով այդ ամենը պարզ հայերենով բացատրելու ազդակներ, իսկ մնացյալը հանրությունն ինքը կանի, քանզի ինչ-ինչ, բայց խելքի պակաս մեր հայրենակիցները չունեն: Բնականաբար, հանրությանը համապատասխան ազդակներ հղելու գործը մենք կշարունակենք, երբ կվերադառնանք ընդամենը 3 շաբաթից` կարճատեւ արձակուրդից հետո: Իսկ հրատապ դեպքերում, բնականաբար, դա կանենք ավելի վաղ` մեր կայքով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

