40.000 ԴՐԱՄ ՏԱՆ ՎԱՐՁԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՅՐԸ ՀԱԶԻՎ Է ՎՃԱՐՈՒՄ
Արխիվ 12-16
40.000 ԴՐԱՄ ՏԱՆ ՎԱՐՁԸ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՅՐԸ ՀԱԶԻՎ Է ՎՃԱՐՈՒՄ
Շենգավիթ համայնքի հանրակացարաններից մեկում վարձով բնակվում է Դարեջան Մնացականյանն իր 8-ամյա առողջական խնդիրներ ունեցող դստեր հետ:
«Իրավունքի» հետ զրույցում տիկին Մնացականյանն ասաց, որ մեծ դժվարությամբ է վճարում 40.000 դրամը, քանի որ տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս է աշխատում. «Ձախ աչքս վիրահատման կարիք ունի, ինձ անհագստացնում է, ցավեր եմ ունենում, որի պատճառով էլ տարվա ընթացքում մի քանի ամիս եմ կարողանում աշխատել: Զեյթունի աչքի հիվանդանոցում հերթագրել էին վիրահատության համար, երբ գնացի, ասացին` ակցիան ավարտվել է: Բայց դա ակցիայի հետ կապ չուներ: Գիշերվա ժամերին չեմ կարողանում տանից դուրս գալ»:
Սակայն տիկնոջը իր առողջական խնդրից ավելի մտահոգում է դստեր`Էլեն Մնացականյանի առողջական վիճակը. «Աղջիկս էպիլեպսիայով հիվանդ է, ունի մտավոր խնդիրներ, որոնց պատճառով էլ երեխաս Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցում է սովորում, բայց չեմ ցանկանում, որ նա այնտեղ մնա, քանի որ առաջընթաց չեմ նկատում»:
Տիկին Դարեջանի խոսքով`ոչ բոլորն են իր դստերը նորմալ
ընդունում. շատերը ծիծաղում են, կոպտում, անլուրջ են վերաբերվում երեխային: «Վախենում եմ երեխաս հանրակրթական դպրոցում սովորելիս չկարողանա հարմարվել նոր շրջապատին»,- ասաց մեր զրուցակիցը:
Երեխան հիմա Արաբկիր բժշկական կենտրոնից դեղորայք է ստանում, բայց դեղերը մոր խոսքով չեն օգնում: 
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

