«ՄԵՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՂՔԱՏԱՑԱՎ ՄԵԿ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎՍ»
Արխիվ 12-16«ՄԵՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՂՔԱՏԱՑԱՎ ՄԵԿ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎՍ»
Կյանքի 79-րդ տարում վախճանվեց նշանավոր թատերական քննադատ և մշակույթի գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը: ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր ցավակցական ուղերձում գրել է. «Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանացից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը: Մենք կորցրեցինք բազմագիտակ, իր ճշմարիտ կեցվածքն ու նկարագիրն ունեցող Մարգարիտա Վիկտորովնային, ով մոտ 50 տարի ծառայեց հայ և ռուս թատրոններին, եղավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր բազմաթիվ հոդվածներով զարդարեց հայ և ռուսալեզու մամուլը: Շնորհիվ խոր գիտելիքների, հրաշալի բեմազգացության՝ Մարգարիտա Յախոնտովան ճշգրտորեն էր վերարտադրում ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տալիս օբյեկտիվ գնահատականներ: Մեր թատերական կյանքը աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից... Հազար ափսո՜ս...»:
ՀԹԳՄ նախագահը ցավակցել է Մ. Յախոնտովայի ընտանիքին, դստերը՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԹԳՄ քարտուղար, «ԱՐՄՄՈՆՈ» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:
Ս. թ. հուլիսի 31-ին, ժամը 18:00-ին տեղի է ունեցել Մ. Յախոնտովայի մահվան կապակցությամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորությամբ:
Նշենք, որ Մարգարիտա Յախոնտովայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Սբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 2-ին, ժամը 12:00-14:00-ը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային կենտրոնական (Թոխմախի) գերեզմանատանը:
Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երևան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ և ռուս թատրոններին: 1971 թվականից մինչև վերջին տարիները նա աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի և Ալ. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր: 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար:
Մ. Յախոնտովան միշտ աչքի է ընկել խոր գիտելիքներով, հրաշալի բեմազգացությամբ, թատերական քննադատի ճշմարիտ ու ազնիվ կեցվածքով: Տասնյակ տարիներ նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում: Հեղինակ է երկու գրքերի, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ: 2006 թ. Մ. Յախոնտովան արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Վ.Մ.

