ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ. «ՎԱԽ ՉԱՓԵԼՈՎ` ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ»
Արխիվ 12-16ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ. «ՎԱԽ ՉԱՓԵԼՈՎ` ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ»
Վիճակագրությունը փաստում է, որ կանանց եւ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: «Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, եւ տարեցտարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները (ծխախոտ, ալկոհոլ…) եւ, իհարկե, ամենակարեւորը`անցանկալիությունը ժամանակ հատկացնել հիվանդության կանխարգելման համար»,- հստակեցրեց բժիշկը: Վ. Շահրամանյանի խոսքով` հաճախ մարդիկ մասնագետի սխալ ընտրություն են կատարում, դիմում են ոչ թե բժշկի, այլ զանզան բախտագուշակների ու վախ չափողների օգնությանը, ինչը սխալ է: «Վախ չափելով գործը գլուխ չի գա»,- նկատեց բժիշկը` հորդորելով զերծ մնալ նաեւ ժողովրդական անհեթե մեթոդներից. ընկույզ, մեղր եւ այլն: «Իրավունքը» հետաքրքրվեց, թե արհեստական վիժումը կարող է անպտղության պատճառ լինել, Վ. Շահրամանյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը: Եթե նախկինում չկային մինչամուսնական սեռական կապեր, ապա հիմա արդեն նկատելի են: Այդ կապերի արդյունքում շատ են լինում անցանկալի հղիությունները, ինչից ազատվելու համար կանայք դիմում են հղիության արհեստական ընդհատման, որը կարող է ճակատագրական լինել կնոջ համար»: Սեքսոպաթոլոգը նաեւ հավելեց, որ ողջունում է ՀՀ ԱՆ կողմից ընդունած որոշումը, համաձայն որի՝ օգոստոսի 1- ից որոշ դեղամիջոցներ այսուհետ դեղատներում կտրվեն միայն դեղատոմսի առկայության դեպքում. այդ դեղամիջոցների օգնությամբ կանայք ինքնուրույն արհեստական վիժում էին առաջացնում` չգիտակացլեով անդառնալի հետեւանքների մասին:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

