«ԵՍ ԿԱՆՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԴԵՊԻ ԱՅՆ ՍԵՐԸ, ՈՐ ՓԱՅԼՈՒՄ Է ՄԻՇՏ ԲՅՈՒՐԵՂԻ ՆՄԱՆ…»
Արխիվ 12-16«ԵՍ ԿԱՆՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԴԵՊԻ ԱՅՆ ՍԵՐԸ, ՈՐ ՓԱՅԼՈՒՄ Է ՄԻՇՏ ԲՅՈՒՐԵՂԻ ՆՄԱՆ…»
Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս կայացավ ջավախահայ հայտնի բանաստեղծ, բարերար ու գիտնական ՕՔՐՈ ՕՔՐՈՅԱՆԻ հոբելյանական երեկոն, ինչի առթիվ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, վիրահայ գրական-հասարակական գործիչ, Օքրո Օքրոյանի հիմնադրամի Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, կիսվել է իր մտորումներով. «Դեռեւս 1978 -ին, իր «Իմ կանչը» քերթվածում գրում էր վիրահայ նշանավոր գրող, մանկավարժ, մտածող, պրոֆեսոր, Ախալքալաքիի շրջանի կրթության բաժնի վարիչ, ազգային-հասարակական գործիչ, բարերար Օքրո Օքրոյանը (1939-2003): Եվ դեռեւս ընդամենը մեկ գրքի հեղինակ, սակայն դարձյալ բեղուն ստեղծագործող բանաստեղծի այս կանչ-հավատամքը դարձավ նրա ողջ կյանքի ու գործունեության ուղեցույց փարոսը. նրա ու իր ընթերցողի լուսատու աստղերից մեկը… Իսկ սիրել մաքրությամբ բյուրեղի՝ նշանակում է ապրե՛լ բյուրեղի մաքրությամբ , աշխատե՛լ բյուրեղի մաքրությամբ, սովորե՛լ ու սովորեցնե՛լ բյուրեղի մաքրությամբ... Իսկ նման սերը ըստ նույն քերթվածի, «փոքր խարույկից հրդեհ դարձող սերն է», այն սերը, «Որ օդ է, Ջուր է, Հաց է, Արեգակ է», այն սերը, «Որ Տեր Աստված է ու կյանք է ամբողջ»: Հենց այս գիտակցումով էլ ապրեց ու ստեղծագործեց, մատաղ սերունդ կրթեց,
գրականության պատմություն պեղեց, լրագրությամբ զբաղվեց, իր ծննդավայրի՝ Տուրցխ գյուղի դպրոցը և ապա տնտեսությունն ու հարազատ շրջանի մանկավարժական օջախը, իր հրաշալի օջախն ու նույնքան հրաշալի չորս զավակներին կրթեց ու դաստիարակեց, իր երկու պաշտելի հայրենիքներին՝ Վրաստանին ու Հայաստանին ծառայեց ու նաեւ ընչազուրկին ու նեղյալին օգնեց- սատարեց ընդամենը 64 գարուն այս կյանքից վայելած, մեր կողքին ապրած, մեզ քաջածանոթ, մեր ժամանակակից բանաստեղծ, այսօր՝ 2014 թվականին շուրջ չորս տասնյակի հասնող բազմաժանր, մեկը մյուսից բարձրամակարդակ գրքերի հեղինակ Օքրոյանը՝ իր անվան նշանակության պես (վրաց. թարգմ.օքրո-ոսկի) ոսկե հոգով Մարդը, Մտավորականը՝ որպես «վաղվա երաշխիք» երազելով «մաքրված, նոր մարդուն»...
…«Գործն է անմահ, լավ իմացեք...» -պատգամում է ամենայն հայոց հանճարը՝ Հովհ.Թումանյանը: «Ամեն շահից լավ է անշուշտ, երբ լավ անուն
ես ձեռք բերում»- պատգամում է վրաց մտքի հանճարը՝ Ռուսթավելին... Իր ծննդյան օրվա ՝ 1939 -ի հուլիսի 25-ի առիթով համանուն բանաստեղծության մեջ Օքրո Օքրոյանը գրել է. «Օրս սերմի պես ծիլեր է տվել..»: Արեւ է եղել այդ օրը, իմանում ենք ինքնակենսագրական բնույթի ադ քերթվածից, ու հորդացել է լույսն այդ օրը Տուրցխ գյուղում ու արեւի տակ կալ անող լեռնականների սրտերում՝ Մկրտիչ Օքրոյանն արու զավակ է ունեցել…Եվ ուրախությունը ոչ միայն Օքրոյաններինն է եղել,այլեւ ողջ գյուղինը...Արեւի լույսից հողն էլ բարեբեր է եղել այդ օրը, ու բարեբեր է եղել եւ ծնունդը մանկան...Երեւի հենց այդ վարարուն արեւն ու գյուղացիների հոգու արեւն էլ կանխորոշել են ճակատագիրը նորածին Օքրոյի՝ դառնալ բանաստեղծ, դառնալ իր ժողովրդի մտքերի թարգման, նրա սրտի գդալից խմել ջուր ...Ու պատահական չէ բնավ, որ արեւային լույսով էլ օծված է Օքրոյանի ողջ ստեղծագործությունը՝ բանաստեղծություն, պատմվածք, վիպակ, մանրապատում, հոդված, վեցնյակ, քառյակ, աֆորիզմ, հոդված…Որ բանաստեղծի ծննդյան օրվա ծիլերի սերմերը ապրում ու ընձյուղվում են առ այսօր ու կշարունակեն ապրել հավերժության մեջ…Կատարվել է իր իսկ՝ բանաստեղծի կանխախգուշակությունը՝ նրա հետմահու տարիները ոչ միայն
չեն խամրել մարդկանց հիշողությունը, այլեւ ավելի են լուսավորել՝ տեսնելու այն մնայունն ու արժեքավորը, այն անմեռանելին, այն հավերժականը,համամարդկային նշանակության արժեքների այն համակարգը, որ ստեղծել է Օքրոյանը...
…Օրս սերմի պես ծիլե՜ր է տվել…Հիմա, Օքրոյի մահից 12 տարի հետո, եթե, որպես նրա մի շարք գրքերի խմբագիր ու մտերիմ բարեկամուհի, փորձեմ «խմբագրել» նրա այս միտքը, ապա միայն այսպես՝ կյանքս՝ գիր, սերմի պես ահա ծիլեր է տվել…
…Այս ծիլերն այսօր, այո, գնալով ավելի են կանաչում ու զորանում...Այս ծիլերն այս տասներկու տարիներին դարձել են Օքրո Օքրոյանի անվա՛ն Տուրցխի հանրային դպրոց, Օքրո Օքրոյանի թանգարան նույն դպրոցում, Օքրո Օքրոյանի հուշարձան Ախալքալաքի կենտրոնական հրապարակում, Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամ Երեւանում, Օքրո Օքրոյանի անվան գրադարան Երեւանում...Այս ծիլերը դարձել են երեսունից ավելի գրքեր այդ թվում՝ վրացերեն (2004թ. ) ռուսերեն (2009) հրատարակված Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, դարձել են ալբոմներ, մեծադիր նկարներ, դարձել են հանդիպումներ, դարձել են գրական հետազոտություններ՝ գրախոսականներ ու հոդվածներ,
դարձել են շնորհանդեսներ, ելույթներ, դարձել են բազմաթիվ երգեր, որ նրա տողերով գրել են նրա տողերով հայ ու վրացի երգահանները, դարձել են մեծ, բազմամարդ հանդիսույթներ՝ հիմնականում բարձրակարգ հանդիսասրահներում... Ու հանդիսատեսի եւ ընթերցողի ժպիտներ են դարձել ու ծափահարություններ՝ այս ծիլերը... Եվ այս ամենը ահա արդեն 12 տարի՝ ամեն տարի, ամեն հուլիսի 25-ին՝ Օքրոյանի ծննդյան օրը...
…Ահավասիկ եւ այս տարվա՝ 2014 թվականի Օքրոյանական հանդիսույթը…Այս անգամ այն նվիրված է գրողի ծննդյան 75- ամյակին...Ինպես նախորդ 11 տարիներին, Օքրո Օքրոյանի անվան հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի հիմնադիների՝ բանաստեղծի այրու՝ մանկավարժ Անյա Մահտեսյանի, որդիների՝ Մկրտիչ եւ Հարություն Օքրոյանների, հիմնադրամի աշխատանքային կազմի՝ տնօրեն Արտակ Ոսկանանի, Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչ Անահիտ Բոստանջյանի, գրական աշխատակից Ռուզան Մահտեսյանի, հաշվապահ Անահիտ Թոփալյանի, կրկին անգամ հավուր պատշաճի է պատրաստվել՝ տոնելու համար գրողի հոբելյանը...Իր մարդկային էության պես «խաս ու խասեղեն» է ամեն ինչ՝ դահլիճը՝ Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահ, բեմահարդարումը, ծաղկեպսակերը, նկարները, լուսանկարները, բանաստեղծի
նորահրատարակ, բացառիկ շքեղազարդ գիրքը՝ «Խոսք մարդուն» ( Երեւան, «Օքրո Օքրոյան» հրատ., կազմող Արտակ Ոսկանյան), համերգասրահի նախասրահում Օքրոյանի գրքերի ցուցահանդեսը, մեծարգո հյուրերը՝ Հայաստանի տարբեր քաղաքներից Վրաստանից՝ Թբիլիսիից ու Ջավախքից, Ռուսաստանից…Ելույթները , ասմունքը, պարերը, երգը, երաժշտությունը, հյուրասիրությունը…Ամեն ինչ տեղը տեղին, բարձրամակարդակ…
Օքրոյանի՝ արեւային ջերմությամբ, Աստծո ու մարդու հանդեպ բովանդակ սիրով օծված գրականությունը դարձյալ ի մի է բերել, մեկդի հավաքել նրա ստեղծագործության սիրահարներին...Բանաստեղծի արեւային երգը հորդում է պարզապես դահլիճում...Միջանցքում լրագրողներ են, լուսանկարիչներ, տարբեր տարիքի ու ոլորտի ընթերցողներ՝ դպրոցականից մինչեւ թոշակառու , հողվորից մինչեւ գրող, գիտնական ու գործարար, պետական ու հասարակական, հոգեւոր գործիչ...Ժողովուրդը արժանվույնն է մատուցում իր կյանքը գեղեցիկ ապրած, մեր գրականության ու պատմության մեջ՝ Մարդու ու Գրողի իր լուսավոր հետքը թողած մտավորականի անմեռ հիշատակին... Մարդ, որ ապրեց այս անցավոր աշխարհում՝ արարելով իր հիանալի գիրը՝ ի փառս սիրո, բարության, ազնվության , խղճի, մեծահոգության ու ներողամտության,
ազգին ծառայության…Արժեքներ, որ նրա անմահության գրավակններից են հենց... Եվ գրական ծավալուն այն կյանքը, որ նա ժառանգեց գրականությանը, դեռ երկար կգրավի սերունդների գրականագետների ուշադրությունն ու կարժանանա ընթերցողների մեծ սիրուն ու գնահատանքին... Եվ կկատարվի գուշակումը նրա՝ «Գիտեմ, կանցնեն օրերը իմ վառման... Ես կմեռնեմ, կդառնամ հող ու քար, լոկ երգս կմնա հարատեւ ու հար...»:
...Ահա հար եւ նման մտքեր արծարծվեցին ելույթներում՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի բացման խոսքում, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների նախագահներ Մաղվալա Գոնաշվիլու եւ Էդվարդ Միլիտոնյանի, ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի ելույթներում...
Հոբելյանական հանդիսության պսակը կազմեց Վրաստանի գրողների միության կողմից Օքրո Օքրոյանին հետմահու հայ ժողովրդի մեծ բարեկամ Ակակի Ծերեթելու անվան մրցանակ շնորհելու արժանահիշատակ ու կարեւոր, երկու ժողովուրդներին եւս մի հիմնաքարով միմյանց կամրջող իրադարձությունը. «Ես լավ եմ ճանաչում սիրով լի Օքրոյանի ՝ սիրով լի պոեզիան, եւ դրա համար շնորհակալ եմ նրա «Մասրենու բուրմումք» վրացերեն գրքի թարգմանիչ Անահիտ Բոստանջանին, իր խոսքում ասաց Մաղվալա Գոնաշվիլկին,-Ինքս
էլ մի քանի բանաստեղծություն թարգմանել եմ նրանից, մեր անվանի երգահաններ՝ ժողովդական արտիստ, պրոֆեսոր Վաժա Ազարաշվիլին, Իրմա Սոխաձեն երգեր են գրել նրա տողերով...Վրաց ընթերցողին սիրելի է Օքրոյանի ստեղծագործությունը: Բարի են նրա արմատները, իսկ բարի արմատների վրա բարի սերմեր են աճում: Դրա համար էլ այսպես շնորհալի են ու երախտագետ Օքրոյանի զավակները եւս...Շնորհակալություն նրանց: Գնահատելով Օքրոյանի վաստակը եւ հայ ու վրաց գրականություններում նրա ներդրած զգալի ավանդը, նրա անունը անմահացնելու նպատակով Վրաստանի գրողների միությունը որոշում է կայացրել հետմահու շնորհելու նրան Ակակի Ծերեթելու անվան մրցանակ»: Մաղվալա Գոնաշվիլին մրցանակը հանձնեց Օքրոյանի այրուն՝ տիկին Անյա Մահտեսյանին: Նշենք, որ սա Օքրոյանի առաջին գրական մրցանակն է …Ի դեպ վրացական կողմից՝ արդեն երկրորդ պարգեւատրումը. առաջինը՝ Պատվո շքանշանը նա ստացել էդվարդ Շեվարդնաձեի ձեռքից…(մենք միասին ենք ստացել այդ պարգեւը, նույն օրը` ի դեպ).
Շնորհակալություն մեր բոլորի կողմից, այս գնահատանքի համար, պատվարժան Մաղվալա Գոնաշվիլի, մեր վրացի բարեկամներ, Վրաստանի գրողների միության քարտուղարություն...
Օքրոյան մտավորականի դերը հայ- վրացական կապերի ամրապնդման գործում, նրա նվիրումն իր հայրենի Ջավախքին, Վրաստանին ու մայր Հայաստանին կարեւորեց ու արժանվույնը գնահատեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հանդիսույթի առանցքային մասերից մեկն էր նաեւ Օքրոյանի ավագ որդու՝ ազգային բարերար Մկրտիչ Օքրոյանին պարգեւատրումը Սփյուռքի նախարարության «Նուբար փաշա» մեդալով , որը նրան հանձնեց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը...
Միջոցառմանը իրենց պատվավոր մասնակցություն էին բերել Հայաստանի ու Վրաստանի արվեստի ու մշակույթի այնպիսի երեւելիներ, ինչպիսիք ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը, Ռուբեն Կարապետյանը,Անդրանիկ Հարությունանը, Զարուհի Բաբայանը, Դավիթ Հակոբյանը, Վրաստանի ժողովրդական դերասաններ Վաժա Ազարաշվիլին, Զուրաբ Կիբեշավիձեն, Կարեն Քոչարյանը, Արման Աղաջանյանը, Սամվել Գալստյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Արսեն Պետրոսյանը, Անի Հովհաննիսյանը, Գեւորգ Մանասյանը, Իրինա Զաքիյանը, Մավր Մկրտչյանը, Հայկ Գրիգորյանը, այլք, «Տաղարան» լարային քառյակը, «Շողեր» երչախումբը, «Կարին» ազգագրական պարի համույթը ( ղեկ.
Գագիկ Գինոսան) եւ այլք… Միջոցառումը, որի բեմադրող ռեժիսորն էր Գրիգոր Տատինցյանը, վարում էին դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը...
Նշենք, որ հոբելյանական հանդիսույթին Վրաստանից հրավիրված էին «Վրաստան» թերթի խմբագիր, Օքրոյանի լավագույն բարեկամներ Վան Բայբուրթյանը, Մելիք Ռաիսյանը, Թբիլիսիի 104 դպրոցի այս տարվա շրջանավարտ Լիզա Թորոսյանը,որը հիանալի թարգմանեց Մաղվալա Գոնաշվիլու սրտաբուխ խոսքը…
Օքրո Օքրոյանն, այո, ծնվել էր արեւային լույսով: Ծնվել էր աստվածային մաքրամաքուր սիրուն , ազգին ծառայելու համար: Եվ նրա անմահության գաղտնիքը հենց դրանում է: Եվ ամենամյա օքրոյանական օրվա մեջ միշտ արեւ է հուրհրում՝ Երեւանում անցկացվի այն, Ջավախքում, թե այլուր...շենքում թե բնության գրկում...Քանզի այդ արեւը ամենից առաջ Օքրոյանի հոգու արեւն է, նրա տողերի արանքից հուրհրացող արեւը, նրա հավատն է առ այն, որ «մարդը միայն սիրով է երջանիկ ու սիրո մեջ է երջանիկ» այդ արեւը նրա ստեղծագործության հրայրքն է, որ միշտ վառվում է ու կվառվի, քանզի դա ամենազոր սիրո արեւն է , քանզի դա մարդուն ուղղված սիրո դասն է, նրա կատարելությանն ուղղված բանաստեղծի սուրբ պատգամը՝«մա՛րդիկ, թողեք ճահիճները զազիր, օազիսներում փնտրեք ձեր երազանքները հիր...մա՛րդ. բարին գործիր, եւ թույլ տուր, որ աստված քո խիղճը դառնա...»- ամփոփելով երեկոյից ստացած տպավորությունները գրում է Ա. Բոստանջյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

