ԹՇՆԱՄՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է` ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԹՇՆԱՄՈՒ ՆՊԱՏԱԿՆ Է` ՎՆԱՍ ՀԱՍՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
Արդեն 17 տարի Հայոց բանակի N զորմասում իր ծառայությունն է իրականացնում փոխգնդապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՌԱՏՅԱՆԸ, ով սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանից է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է ինստիտուտում` որպես դասակի, այնուհետեւ վաշտի հրամանատար: Վեց տարի ծառայել է նաեւ Տավուշի մարզի տարբեր զորամասերում` արդեն որպես դիրքային ծառայող: Զինվորական հմտություններն ավելի խորացնելու համար փոխգնդապետն ուսումը շարունակել է Ռուսաստանի Դաշնության ռազմական ակադեմիայում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել N զորմասում:
ԱՅՍՕՐ ՇԱՏ ՍԵՐՏ Է ԲԱՆԱԿ-ԾՆՈՂ ԿԱՊԸ
-Զինվորականի գործն այդքան էլ հեշտ գործ չէ, բայց եթե մարդն ունի կամքի ուժ եւ գիտելիքներ, հավատացնում եմ, որ բոլոր դժվարություններն այդ դեպքում կհաղթահարի: Մենք գործ ունենք հազարավոր զինվորների հետ, նրանց ղեկավարելու համար առաջին հերթին պետք է հոգեբան լինես, որպեսզի հասկանաս, թե ինչ հոգեվիճակում է դիմացդ կանգնած զինվորը: Եթե ծնողն իր որդուն երկու տարով մեզ է վստահում, ապա մենք պարտավոր ենք նրան վերադարձնել արդեն հասուն եւ կամքի մեծ ուժ ունեցող տղամարդու: Յուրաքանչյուր ընտանիքում, եթե ծնողը տեսնում է, որ իր որդին սխալ է, նա զայրանում է, խրատներ տալիս, փորձում զրուցել ու ճիշտ ուղղու վրա դնել: Նույնն էլ այստեղ բանակում է` երկու տարով մենք ենք զինվորների համար պատասխանատու եւ պարտավոր ենք այնպես անել, որպեսզի նրանք չսխալվեն իրենց ծառայությունում: Այսօր շատ սերտ է բանակ եւ ծնող կապը, սա շատ ողջունելի է, քանի որ ծնողը, իմանալով թե ինչ պայմաններում է ծառայում իր որդին, ավելի հանգստ է լինում:
ՕՐՀԱՍԱԿԱՆ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ
Փոխգնդապետ Խառատյանը նշում է, որ հայկական բանակի հզորացումից է կախված Հայաստանի ընդհանուր վիճակը, մանավանդ այն դեպքում, երբ սահմանից այն կողմ նենգ թշնամին է.
- Սահմանամերձ շրջանների ուղղությամբ թշնամին հաճախ է կրակ բացում, բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նրա նպատակն է` վնաս հասցնել խաղաղ բնակչությանը եւ ընդհանրապես հայերին: Ահա այսպիսի անբարո թշնամի ունենք, մեր զինվորները երբեք վնաս չեն հասցնի սահմանից այն կողմ գտնվող խաղաղ բնակչությանը կամ երեխաներին: Հայ զինվորի ինքնագիտակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, այդ իսկ պատճառով էլ ցանկացած իրավիճակում, ես վստահ եմ, որ նա իր առջեւ դրած խնդիրը կկատարի անվերապահորեն: Ընդհանրապես օրհասական պահին մենք միշտ միասնական ենք դառնում: Վառ օրինակն Արցախյան հերոսամարտն էր, երբ թշնամու կանոնավոր բանակի նկատմամբ քիչ զենքով հաղթանակ տարանք, քանզի երբ միասնական է հայը, նրան հաղթելն անհնար է:
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՄ
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ ՇԱՏ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ
Ծառայության ընթացքում պրն փոխգնդապետն արդեն մի քանի սերունդ է ընդունել ծառայության եւ ճանապարհել.
- Մեր զինվորների մեջ թասիբը մեծ է, վստահ եմ` ինչպես զորամասում են իրար թիկունքի կանգնած, այնպես էլ պատերազմի դաշտում կլինեն: Կողքից նայում եւ հպարտանում եմ, թե ինչպես են դժվար պահերին իրար ՙդուխ տալիս՚, քաջալերում: Այն տարբերությունները, որ տեսնում ենք զինվորների վարքագծում` ծառայության սկզբում եւ վերջում, հսկայական են: Այստեղ են գալիս անփորձ, ինքնահաստատվելու հետ խնդիրներ ունեցող, տաքարյուն պատանիներ, իսկ երկու տարի անց` մեր առջեւ տեսնում ենք հասուն մտածելակերպով, իր ամեն մի քայլը կշռադատած, ինքնուրույն երիտասարդ: Այսպիսի երիտասարդներ են մեզ հարկավոր, ովքեր գիտակցում են` ինչ է ազգը, պետությունը, ընտանիքը եւ Հայրենիքը: Ամենակարեւորն այն է, որ այդ երիտասարդներից յուրաքանչյուրը Հայրենիքին վերաբերվում է այնպես, ինչպես իր սեփական ընտանիքին, ինչպես կպաշտպանեն ընտանիքը, երբ նրա վրա հարձակվեն կամ փորձեն վնասել, նույն ձեւով էլ Հայրենիքը կպաշտպանեն:
Հայ զինվորին տված փոխգնդապետի բնութագրից հետո մնում էր միայն գլուխս բարձր գուրս գալ զորամասից` բարին մաղթելով հայ զինվորին ու Հայոց բանակին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

