ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲԱՅՐԸ ՄԻԱՅՆ ՍԻՐԱՀԵՏԵԼ Է ՌՈ-Ի ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԿՆՈՋԸ
Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության պատճառների վարկածների ցանկում, կարծես թե, հիմնական է դառնում խանդի հողի վրա կատարված սպանության տարբերակը:
Բայց ահա այս գործով ձերբակալված Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի փաստաբան ԵՐՎԱՆԴ ՎԱՐՈՍՅԱՆԸ մի փոքր այլ կերպ է նայում այս վարկածին, թե սպանությունը եղել է ոչ թե խանդի, այլ Կատունյանի կնոջը սիրահետելու պատճառով: -Իմ պաշտպանյալի կնոջ եւ սպանվածի միջեւ որեւէ սիրային կապ չի եղել: Սակայն Հարություն Գրիգորյանի կողմից տեւական ժամանակ Արման Կատունյանի կնոջը սիրահետելու փորձեր են կատարվել, որոնք արժանացել են ամուսինների դիմադրությանը, նրանք բազմիցս փորձել են սաստել Հ. Գրիգորյանին, որպեսզի վերջինս դադարեցնի նման փորձերը: - Դեպքի օրը եւս սիրահետման փորձեր են եղել: - Դեպքի օրվա կապակցությամբ, մենք այս պահի դրությամբ ամբողջ ծավալով տեղեկատվություն տրմադրել չենք կարող: Միայն կարող եմ հայտնել հետեւյալը. դեպքի օրը Հ. Գրիգորյանն ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել եւ անհասկանալի արտահայտություններով ինչ-որ խոսակցություններ տարել: Նշենք, որ ըստ տարածված լուրերի` սպանության կասկածանքով ձերբակալված Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի աներն իր դստերը եւ երկու թոռնիկներին հեռացրել է երկրից: