ԹՈՒՐՔԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԵՊ ԽՐԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում հայերի վրա հարձակվել էին վրացիներ, որի հետեւանքով տեղի էր ունեցել ծեծկռտուք: Շատերի բնորոշմամբ` այն ծրագրված հարձակում էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր դասի, թեմի հավատացյալների վրա: Միջադեպը շարունակվում է քննարկվել հայ-վրացական հարաբերությունների համատեքստում, թեեւ հայ ու վրացի որոշ փորձագետներ կարծում են, որ միջադեպը կենցաղային, ոչ թե էթնիկ բնույթ ունի: Այս հարցերի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ: -Պրն Մելիքյան, թեեւ վրացի որոշ փորձագետներ հավաստիացնում են, թե կան վրացիներ, որոնք իրենց ագրեսիվ են պահում այն անձանց նկատմամբ, որոնք ազգությամբ վրացի չեն, բայց ազգային խտրականության դրսեւորումներ Վրաստանում հիմնականում հայերի հանդեպ են լինում:
Ինչով է սա պայմանավորված: - Պայմանավորված է նրանով, որ մեր համայնքը միասնական չէ: Բացի այդ, մեր համայնքը լինելով քրիստոնյա` հանդես է գալիս իր իրավունքների պաշտպանության համար: Ուզում եմ հիշեցնել, որ Վրաստանի կողմից ստորագրված եվրաասոցացման պայմանագիրը ազգային փոքրամասնություններին մեծ իրավունքներ է շնորհում: Վրաստանի բնակչությունը, սակայն, դեռ չի գիտակցում` ինչ փաստաթուղթ է ասոցացման համաձայնագիրը: - Վրաստանի հայկական համայնքը տեղյակ է, որ ասոցացման համաձայնագիրը մեծ իրավունքներ է ընձեռում իրեն`որպես ազգային փոքրամասնության: - Այո, գիտեն եւ հնարավորություն ունեն գալիք ընտրություններում ավելի ակտիվ լինել եւ իրենց շահերը պաշտպանող ներկայացուցիչներ ունենալ: - Վրաստանում գտնվող փորձագետ, ՙՔաղաքացիական պայմանագրի՚ խորհրդի անդամ Արսեն Խառատյանի խոսքով` հայերն ու վրացիները պետք է զգույշ լինեն սադրանքներից, քանի որ դրանք կարող են օգտագործվել այլ ուժերի կողմից: Ում մասին է խոսքը, եւ ո±ւմ է ձեռնտու սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում: - Որոշ փորձագետների կարծիքով` այս ամենը ձեռնտու է թուրք-ադրբեջանական, իսկ ոմանց խոսքով էլ` ռուսական կողմին: Տարիներ շարունակ թուրք-ադրբեջանական որոշ շրջանակների կողմից փորձում են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում: