ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԸ ԵՎ 686 ՔՆՆԻՉՆԵՐԸ
Արխիվ 12-16ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻՉԸ ԵՎ 686 ՔՆՆԻՉՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը արդեն հաստատման է ուղարկել կոմիտեի կառուցվածքը: Այդ սուպերքննչական մարմնում (որի համար շենք է վերանորոգվում Մամիկոնեից 46/5 հասցեում) քննվելու են գործերի առավել քան 95 տոկոսը, եւ այդտեղ աշխատելու են 686 քննիչներ, որոնցից 118-ը` ՊՆ քննչական ապարատից, իսկ մնացյալը` ոստիկանության: Իսկ կոմիտեի աշխատակազմը բաղկացած է 90 հաստիքից, Աղվան Հովսեփյանն ունենալու է 4 տեղակալ, ում թեկնածությունները պետք է հաստատի ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է կոնկրետ անուն-ազգանուններին, ապա քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ձեռնպահ է մնում կոնկրետությունից, քանի որ հաստիքացուցակն ու կառուցվածքը դեռ պետք է հաստատվի:
Ինչեւէ, շուտով արդեն կսկսի գործել այդ սուպերահարկու քննչական կոմիտեն, առայժմ ժամանակավորապես տեղավորվելով Ոստիկանության քննչական վարչության տարածքում, իսկ շենքը պատրաստ լինելուն պես թերեւս Մամիկոնեից 46/5 շենքի մասին նույն ձեւի վախվորած կխոսեն, ինչպես ժամանակին վախվորած խոսում էին Նալբանդյան փողոցում գտնվող ԿԳԲ-ի շենքի մասին: ԱԱԾ-ին, ըստ էության, մնում է քննչական գործողությունների շատ համեստ բաժին, ու ամենայն հավանականությամբ, այն կսահմանափակվի միայն սահմանադրական կարգի եւ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին:
ՍԵՓ. ԼՐԱՏԱՎՈՒԹՅՈՒՆ

