ԿՐԿԻՆ ՄՈՎՍԵՍԸ. ԳՅՈՒՂԸ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԻՇԵՑՆՈՂ ԿՐԱԿԻ ՏԱԿ Է
Արխիվ 12-16ԿՐԿԻՆ ՄՈՎՍԵՍԸ. ԳՅՈՒՂԸ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԻՇԵՑՆՈՂ ԿՐԱԿԻ ՏԱԿ Է
Երեկ Տավուշի շրջանի ՄՈՎՍԵՍ գյուղը ժամը 21:00-23:45-ը հրավառություն հիշեցնող կրակի տակ է եղել: Մանրամասները պարզելու և առավել ստույգ ինֆորմացիա ունենալու համար «ԻՐԱՎՈՒՆՔԸ» հեռախոսային զրույց ունեցավ գյուղի բնակչուհի 46-ամյա ԹԱԳՈՒՀԻ ԱԴԱՄՅԱՆԻ հետ, ով Մովսեսում ապրում է արդեն 27 տարի:
«Փառք Աստծո՝ զոհեր ու վիրավորներ չեն եղել, բայց խիստ լարված վիճակ էր Մովսեսում: Անգամ ամուսնուս ու տղայիս զանգեցին կանչեցին պոստեր՝ չնայած որ իրենց հերթապահության օրը չէր: Երեկվանն, իսկապես, ահավոր էր, կրակի մի ամբողջ սար էր վառվում, դա ոչ թե կրակոց, այլ ռմբակոծություն էր ու այն էլ ինչ-որ տարօրինակ, երևի թե նոր տեսակի զենքից, երբեք այդպիսի ձայն ու լույս չէր եղել: Կինոներում է միայն այսպիսի բան լինում…Երկնքում «հրավառություն» էր. կրակոցից առաջացած լույսը կարծես այլմոլորակայինի ափսեից շողարձակող լույս լիներ: Ամեն տուն դղրդում էր… Ու եթե իրենց կրակոցի ժամանակ շփոթվի գյուղում մի մեքենայի լույս, մի մարդ երևա, ավելի են կատաղում:Այսօր առավոտյան էլ 2-3 անգամ կրակել են: Իրենք երբեք չեն ալարում ու օրվա ընթացքում հիշեցնում են իրենց մասին, ու եթե մի քանի օր կրակոցներ չեն լինում, սկսում ենք «անհանգստանալ», թե արդյոք դրանց հո բան չի պատահել»,- ասում է տիկին Թագուհին, ով այնքան է վախեցել գիշերվա այդ կրակոցից, որ առավոտյան, երբ հարևանուհու բակում նստած են եղել, երեխայի դուռը փակելու ձայնից վեր է թռել՝ կարծելով, թե դա էլ է կրակոց:
Իսկ երբ տիկին Թագուհին խոսում է իր ցանկությունների մասին. « Իմ ցանկությունը երիտասարդների համար աշխատանք լինելն է, քանի որ մեր գյուղը ոչ մի այլ բանի պակաս չունի՝ դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, մշակույթի տուն, գեղեցիկ աղբյուրներ, միայն խաղաղությունն է պակասում, որ մարդը գոնե հանգիստ իր հողը մշակի, սեփական աշխատանքով ապրի: Երիտասարդներն էլ իրենց գյուղը շատ են սիրում, քաղաքում ապրողներն էլ եթե 1 շաբաթ անգամ արձակուրդ են ունենում ու գրպանները հերիքում է, շտապում են գալ հարազատ Մովսես: Այստեղ իսկական դրախտ է, աստվածային մի տեղ, բայց…Բայց երբ մութն ընկնում է, գյուղի լույսերը կարելի է հաշվել, այդքան մարդիկ քչացել են, չգիտեմ… Ինչ-որ արտոնություններ պետք է տրվեն սահամանմերձ գյուղերի բնակիչներին, շահագրգռող բաներ մտածվեն»:
Տղայի ու ամուսնու անմիջական մասնակցությամբ միջադեպերից տիկին Թագուհին ասելիք չուներ, քանի որ տղամարդիկ, ծառայողական գաղտնիության սկզբունքը խիստ պահպանելով, անգամ տանը ոչինչ չեն պատմում, ու ինչպես փաստեց մեր զրուցակիցը. «Մերոնք նաև թշնամուն կրակելու հարցում են խղճով ու բարոյական և ի տարբերություն դրանց՝ սրբություն ունեն»: Օրերս թշնամին Մովսեսի հացահատիկի արտերն է այրել ու անգամ «Կարմիր խաչի» ներկայությունը հաշվի չառնելով՝ կրակահերթ սկսել:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՔԵԶ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

