ԱՆԹԱԼՅԱՆԵՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՎ` ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԶԻՆԱՊԱՀՈՑԸ
Արխիվ 12-16ԱՆԹԱԼՅԱՆԵՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՎ` ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԹՇՆԱՄՈՒ ԶԻՆԱՊԱՀՈՑԸ

Երեւանյան տապն ու ամառվա արձակուրդային տրամադրությունը, չգիտես ինչու, մոռացնել է տալիս մի շարք կարեւոր արժեքներ: Այդ թվում` հայրենասիրություն, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ պահանջատիրության զգացում, թշնամուն ճանաչելու, բայց մահակը երբեք ձեռքից չիջեցնելու պարտադիր զգոնություն: Այն, թե որքան կիսամերկ կարող են շրջել, ասենք, երեւանյան փողոցներում` սկսած երիտասարդներից ու վերջացրած մեծահասակներով, սա քննարկման մեկ այլ թեմա է, այն էլ 18+ ձեւաչափով: Բայց այս անգամ անդրադառնանք թուրքական «փալաս-փուլուսին», որն առկա է հայկական առեւտրի տներում ու ինչը ջանասիրաբար գնում են մեր հայրենակիցները` հարստացնելով թուրքին ու իր փոքր եղբայր Ադրբեջանին:
Էլ չենք ասում Անթալիա մեկնող հայերի ստվար զանգվածի մասին, ովքեր այս օրերին հայրենասիրություն ասվածը հնացած լոզունգ համարելով` մեծ սիրով մեր թրքոտ հարեւանների հետ լողում ու զվարճանում են Անթալիայի լողափերում: Այսքանից հետո, արդյո՞ք իրավունք ունենք, ամեն անգամ աղաղակել ու դժգոհել, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, երբ ինքներս ենք թուրք-ադրբեջանական բյուջեն լցնում` օգտվելով նրանց արտադրանքից ու մի բան էլ հանգիստն անցկացնելով իրենց «դուքյաններում»:
Ինչեւէ, հայտնի թուրքական «Այ Յափիմ» մեդիա ընկերության եւ «Kanal D» հեռուստաընկերության հետ համատեղ պատրաստվող նոր հեռուստասերիալում, որի հիմնական սյուժեն ադրբեջանցու եւ հայուհու սիրավեպն է, իսկը ձեր մասին է, գնացեք ու «քյանդրբազություն» արեք ձեր պապերի խեղված ճակատագրերի ու այդպես էլ գերեզմաններ չունեցած դիերի պատասխանատուների հետ սիրավեպ խաղալով: Թեպետ եւս մեկ անգամ հորդորում ենք` հավատարիմ մնալ ձեր ազգանվան «յան»-ին ու ասում` յան տվեք թուրք-արբեջանական հանգստյան գոտիներն ու ապրանքը պրոպագանդելուց:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում սարկազմով ճիշտ դիտարկում է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. «Թուրքիայի կառավարությունն ի խորոց սրտի շնորհակալություն է հայտնում Անթալիա մեկնող հայ հովեկներին, յուր եւ ադրբեջանական զինապահոցը զինամթերքներով էլ ավելի հարստացնելու համար»:
Հուսանք, որ գոնե այսքանից հետո մեր հայրենակիցներն ուշքի կգան ու չեն զինի թշնամուն` իրենց իսկ զավակների համար մահացու փամփուշտ ապահովելով:
Կույտը մշակեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

