ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ՎԱԽԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արխիվ 12-16ՈՎՔԵՐ ԵՆ ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ՎԱԽԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Այն, որ այժմ ավելի շատ են իրականացնում ՙարտաքին եվրաամայդաններ՚` ադրբեջանական դիվերսիոն խմբերի միջոցով, փաստ է: Սակայն ՙԲրիթիշ Պետրոլիումին՚ կից Ադրբեջան կոչվող քվազիպետության նախագահ աշխատող Իլհամ Արձանիչի հետ ձեռք ձեռքի տված աշխատում են եւ մեր 5-րդ շարասյուները` ձգտելով ամեն մի միջադեպից հետո տարածել վախ, խուճապային տրամադրություններ, որոնց գումարվում է նաեւ վարձու ՙվերլուծաբանների՚ մարազմատիկ արտադրանքը, ուր փորձում են մեզ համոզել, իբր ռուսներն իզութոզով մեր շահերը ծախել են թուրքին, կամ (քանի որ դրան հավատացողներ բավականին քիչ են), որ էսօր-էգուց Ռուսաստանը կփլուզվի, կհեռանա Հարավային Կովկասից, եւ այլն, եւ այլն:
ՙՍԱ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՆ Է, ՈՐՏԵՂ ԳՏՆԵԼՈՒ ԵՔ ՁԵՐ ՎԱԽՃԱՆԸ՚
Տեղեկատվական դաշտում խուճապի եւ դավաճանության տարածման փորձերի ինտենսիվությունն այնքան բարձր է, հատկապես վանյանական մաքուր թուրքական հայտարարությունից հետո` ի սատարումն դիվերսանտների, որ նույնիսկ ոտից գլուխ ՙնարնջագույն՚ Ստյոպիկ Սաֆարյանի նյարդերը չեն դիմացել եւ հրապարակավ ընդվզել է դրա դեմ. ՙՑավոք, բոլորով չհասկացանք, որ խուճապն ու սարսափն այն են, ինչի վրա աշխատում է Ադրբեջանը` որպես հետեւանք ունենալու համար: Ես չեմ ասում, թե լուրը կեղծեք, նվազեցրեք տեղի ունեցողի մասշտաբները: Պարզապես, լուրը գոնե ճիշտ կառուցեք, որ անզոր ու անօգնական վիճակ չստեղծի, խուճապ չառաջացնի...՚: Էլ չենք խոսում այն բանի մասին, որ սպառիչ տեղեկատվությունը` միջադեպերի վերաբերյալ, պաշտոնապես տրամադրվում է շատ օպերատիվ, գումարած դրան ոչ քիչ թվով հայրենասեր երիտասարդներ, իրենց ամառային հանգստի ժամանակը զոհելով, համացանցում բավականին ջանքեր են գործադրում խուճապային եւ դավաճանական լրահոսերի դեմն առնելու համար:
Եվ քանի որ ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու վերջինիս միջազգային տերերի նպատակը ակնհայտ է` մեր երկրում ցանել անվստահության եւ ապակայունացման սերմերը, պատահական չէր ՀՀ նախագահի ելույթը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի եւ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: Շատ սեղմ անդրադարձ կատարելով ինստիտուտի ուղուն` երկրի ղեկավարը մատնանշեց մեր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ կադրերի որակը. ՙԱյժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով եւ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հայոց բանակի շարքեր հմուտ, բանիմաց, բայց ամենակարեւորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին՚: Իսկ գլխավոր գերագույն հրամանատարի կարեւորագույն ուղերձը, որն ուղղված է նաեւ արտաքին աշխարհին, հետեւյալն է. ՙՎստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Հավաքվելով այս սրբավայրում եւ խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջեւ` մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաեւ հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլեւս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող եւ մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. ՙԶգու°յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը՚: Եվ ես շնորհակալ եմ ձեզ, որ ընտրելով սպայի մասնագիտությունը` գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետեւորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե°ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք՚:
Դա հաստատ ուղերձ էր ե°ւ հակառակորդին, ե°ւ դրա տերերին, որ ձեր ջանքերը զուր են` ՀՀ զինված ուժերը ցանկացած պարագայում համարժեք հակահարված կհասցնեն եւ կապահովեն երկրի հուսալի պաշտպանությունը: Նաեւ այդտեղ կարեւոր էր հենց ապագա սպաներին ուղղված հորդորը` հաճախակիացող միջադեպերի պայմաններում հնարավոր նվազագույնի հասցնել մարտական կորուստները, ինչը ՙսառեցված հակամարտության՚ այսօրվա պայմաններում նաեւ հանրային անդորրին նպաստող կարեւոր հանգամանք է:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԱՍՏԿԱՆՈՒՄ Է
Խուճապի եւ վախի քարոզչության որոշ տարրերին մենք արդեն անդրադարձել էինք, սակայն դա մեր երկրի ու ազգի դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմի միակ բաղադրիչը չէ: Տարբեր անվանի եւ անանուն վանյաններին միացել են նաեւ գերակտիվացած աղանդավորները, ֆեմինիստուհիները, համասեռամոլության լոբբիստները, ովքեր, ինչպես իրենց քարոզչությունը, այնպես էլ դրան ընդդիմացողների նկատմամբ քաղաքական եւ իրավական ճնշումը սաստկացրել եւ հասցրել են առավելագույնի: Բայց միաժամանակ նկատվում է նաեւ զուգահեռ գործընթացը` ձգտում են նաեւ աստիճանաբար տեղեկատվական դաշտում մաքրել սեփական գործունեության հետքերը, պարզ գիտակցելով, որ պատասխան տալու ժամանակն էլ է գալու:
Ընդհանուր առմամբ, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի բաղադրիչների մեծ մասը գործում են հիմնականում համացանցում, սոցիալական ցանցերում, մասամբ նաեւ` տպագիր մամուլում, իսկ երբեմն, երբ հաջողացնում են, հեռուստաեթեր էլ են խցկվում: Եվ քանի որ գործունեության տարածքը հիմնականում համացանցն է, ապա նրանց հիմնական թիրախը երիտասարդությունն է, որը ժամանակի որոշակի հատված անցկացնում է համացանցում: Առավել մեծահասակների խմբերի վրա ներգործելը, թերեւս, համարում են քիչ արդյունավետ, ինչ վերաբերում է համացանց մտնող երիտասարդությանը, ապա, եթե կարճաժամկետ հզոր արդյունք չստանան (ինչին ձգտում են), գոնե հույս ունեն տարիների ընթացքում արդյունավետ ուղեղալվացում իրականացնել: Ու թեեւ դանդաղ, բայց լվացված ուղեղներով երիտասարդների ինչպես քանակը, այնպես էլ տեսակարար կշիռը, այնուամենայնիվ, աճում է, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքով պետությունը լրջագույն ուշադրություն պետք է դարձնի տեղեկատվական անվտանգության հիմնախնդրին, եւ եթե հարկ լինի, նաեւ ձեռնարկի որոշակի կտրուկ միջոցներ` ուշադրություն չդարձնելով եվրոպաների եւ ամերիկաների վայնասունին:
Ինչ վերաբերում է նոր քարոզչական հեքիաթներին, ապա գերիշխողը արեւմտյան պատժամիջոցների թեման է, որոնցից իբր թե Ռուսաստանը պետք է փլուզվի: Ահա ամենաթարմը. ՙՀաագայի դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի` Ռուսաստանը պարտավոր է ՅՈՒԿՕՍ-ի գործով որպես փոխհատուցում վճարել 50 միլիարդ դոլար: Դա ահռելի գումար է, որը Ռուսաստանը հնարավոր է մտադիր էր ծախսել ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության կազմակերպման համար: Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն պաշտոնապես կոչ է արել Ռուսաստանին զրկել աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարար Շոյբլեն աղմկոտ հայտարարություն է արել` նա ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում առաջնահերթ պետք է լինեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարցերը՚: Թե Հաագայի դատարանը ում շունն է` հատկապես Ռուսաստանի համար, քանի որ այդ դատարանի համաձայնության անդամ չէ, հեքիաթասացներին բացատրելն ավելորդ է: Ընդամենը հիշեցնենք ՙում շունն է՚ կատեգորիայի հայաստանյան ոչ վաղ անցյալի օրինակները` ինչպես էր ՀԱԿ-ը ստորագրություններ հավաքում` Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում դատելու պահանջով, մոռանալով հայտնել ստորագրող քաղաքացիներին, որ մեր երկիրը Հաագայի դատարանի համակարգում ընդգրկված չէ: Ինչ վերաբերում է նրան, իբր եվրոպացիները պիտի մի կողմ դնեն սեփական տնտեսական վնասներն այդ նույն պատժամիջոցներ կոչեցյալից, որպեսզի հակառուսական քաղաքական նպատակներ սպասարկեն, ապա դա նույնն է, որ եվրոպացիներին խելապակասի տեղ դնես: Գենդերացված են, այլասերված, բայց դեռեւս սեփական խելքը հաց ու պանրի հետ չեն կերել, մանավանդ, որ լավ ապրելու սովոր եվրոպական սպառողական հասարակությունները պարզապես կհոշոտեն իրենց կառավարություններին կենսամակարդակի նույնիսկ ոչ մեծ նվազման դեպքում: Էլ չխոսենք այն հանգամանքի մասին, որ եվրոպացիները չեն մոռացել նաեւ ռուսների սիրելի միջազգային փոխադրամիջոցները` ռազմական բարձր տեխնոլոգիաների արտադրանք տեխնիկայի տեսքով...
Ու, իհարկե, Լեւոն Հայրապետյանի կալանավորումը միանգամից հիմք դարձրին բազմաճյուղ դավադրությունների տեսությունների համար: Տանում-բերում են եւ պնդում, իբր դա Արցախն Ադրբեջանին հանձնելու ծրագրի մի մաս է: Անշուշտ, կարելի է լրջորեն կասկածել այդպիսի ՙփորձագիտական՚ եզրակացություններ գրողների հոգեկան առողջության վրա, սակայն այդպիսի աղբ, եթե որեւէ մեկը շատ է կարդում, դա կարող է արդեն սպառնալիք դառնալ կարդացողի հոգեկան առողջության համար: Ինչեւէ, այս ամառային սեզոնին դրականը գոնե այն է, որ երիտասարդությունն ավելի քիչ է կարդում այդ աղբը, գերադասելով զվարճալի, երբեմն չափազանց անմակարդակ բամբասանքները ՙաստղային՚ կյանքից, բայց ինչեւէ, աշնանը ու հատկապես սեպտեմբեր-հոկտեմբերին, թերեւս արդեն հիմնավորապես լուծվի մեր գլոբալ խնդիրը, եւ պետական ապարատի ձեռքերը վերջապես կհասնեն 5-րդ շարասյուներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

