ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՕՏԱՐ ՉԵՆ ԶԳՈՒՄ
Արխիվ 12-16ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՕՏԱՐ ՉԵՆ ԶԳՈՒՄ
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները` ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակներում այցելեցին Արարատի մարզի Արարատ գյուղ`տեղի զոհված ազատամարտիկների եւ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այցելության ընթացքում 22 ընտանիք ստացան իրենց հասանելիք գումարը, նրանցից մեկն էլ եզդի համայնքի ներկայացուցիչ Ուզոյանների ընտանիքն էր, որի հինգ զավակները ծառայել ու ծառայում են Հայոց բանակում:
Թենգիզ Ուզոյանը Ուզոյանների ընտանիքի ավագ որդին է, ով մի քանի տարի առաջ է վերադարձել զինվորական ծառայությունից, վերջերս էլ վերադարձավ Թենգիզի մյուս եղբայրը, ով ծառայել է Լեռնային Ղարաբաղում: Այսօր Թ. Ուզոյանի երեք եղբայրները դեռեւս ծառայում են բանակում, ընդ որում նրանցից երկուսը եկվորյակներ են: «Իրավունքի» հետ զրույցում Թենգիզ Ուզոյանը ուրախությամբ փաստեց, որ հպարտ է, քանի որ իր եղբայրները կարողանում են կանգնել իրենց հայ եղբայրների կողքին եւ նրանց հետ միասին պաշտպանել Հայրենիքի սահմանները: «Մի քիչ ծնողներիս համար է դժվար, քանի որ այդքան էլ հեշտ չէ միանգամից երեք որդի ճանապարհել բանակ: Սակայն ինչպես շատ հայ ծնողներ, այնպես էլ իմ ծնողները միշտ հպարտությամբ են պատմում եղբայրներիս ծառայության մասին: Բացի այդ, նրանք տեսել են, թե իչպես ես ու եղբայրս բոլորովին վերափոխված վերդարձանք բանակից, նկատի ունեմ մեր մտածելակերպի փոփոխությունը: Երբ սահմանին կանգնած ես լինում, այն հսկելուց բացի` սկսում ես խորհել կյանքի մասին ու նպատակ ես դնում, երբ վերդառնաս բանակից ամեն ինչ պետք է փոխես, այդպես էլ լինում է»,-ասաց Թ.Ուզոյանը: Ըստ նրա , եթե իրենք ծնվել են Հայաստանում, ապա Հայաստանը իրենց երկիրն է , ուստի այդ երկրի սահմանների ամրության ապահովումը, նաեւ իրենց պարտականությունն է: «Հայաստանում մենք մեզ երբեք օտար չենք զգացել, հայերի ու եզդիների հարաբերությունները միշտ ջերմ բարեկամական են եղել: Ժամանակի ընթացքում շատ եզդիներ հեռացան Հայաստանից, սակայն այն եզդիները, ովքեր այսօր ապրում են Հայաստանում վստահ եմ, ինչ էլ լինի միշտ հայերի կողքին կլինեն, ինչպես եղան Սարդարապատի հերոսամարտի ժամանակ» ,-նշեց Թենգիզը: Որպես եզդի համայնքի երիտասարդ ներկայացուցիչ նա շատ կցանականար, որպեսզի համայնքի ներսում գործեր մի կազմակերպույթուն, որն իր շուրջը կհամախմբեր եզդի երիտասարդներին: «Հույս ունեմ, որ իմ ցանկությունը հայերի աջակցությամբ մի օր իրականություն կդառնա, մնում է միայն մեր զինվորները խաղաղ ծառայեն եւ ամեակարեւորը զգույշ լինեն»,-եզրափակեց Թենգիզ Ուզոյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

