«ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ». ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվ 12-16«ԿՐԱԿՈՑՆԵՐ ՀՆՉԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ 6 ԺԱՄ». ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտապանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Իրավունքի» հետ զրույցում հերքեց այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը 6 ժամ կրակ է բացել սահմանային գոտու գյուղերի`Մովսես, Այգեպար Ներքին կարմիր աղբյուր գյուղերի ուղղությամբ: «Կրակողներ հնչել են, բայց ոչ 6 ժամ: Մենք երբեք այդքան ժամ կրակոցներ չենք ունեցել: Գիտեք, ինչպես է: Մի տեղ կարող է 40 րոպե, մի տեղ10, մի տեղ 30 րոպե են կրակել: Մենք պատասխանել ենք, լռել են, հետո նորից սկսել են: Ընդ որում կրակել են Տավուշի սահմանամերձ հատվածի ուղղությամբ: Որոշ տեղերում պատասխանել ենք, որոշ տեղերում չենք պատասխանել: Հայկական կողմից զոհեր, վիրավորներ չկան: Ադրբեջանական կողմի մասով չեմ կարող ասել, պետք է հետևել նրանց մամուլին»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է նյութական վնասներին, դրանք հաշվառում են տեղական ինքնակառավարման մարմինները, որից հետո համաձայնեցնում պաշտպանության նախարարության հետ:
Մամլո խոսնակի խոսքով`այս սեզոնին հայկական կողմում բերքահավաք է, թշնամին փորձում է մեր գյուղացուն չթողնել բերքը հավաքի. «Երբեմն մեր գյուղացուն հանդի կողքին զինվոր ենք տրամադրում, որ աշխատեն»:
Պրն Հովհաննիսյանի տեղեկացմամբ այսօր ցերեկը կրակոցներ չեն եղել: «Սովորաբար երեկոյան են կրակում, մեկ էլ երբ հանդերում գյուղացիները ակտիվ աշխատում են»,- մանրամասնեց ՊՆ մամլո խոսնակը:
Անդրադառնալով նկուղներում պատսպարվելուն` Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Էդպիսի բան չկա, որ անընդհատ նկուղներում լինեն. «Ուղղակի մարդիկ, որ նկուղ ունեն, շատ ժամանակ իջնում են այնտեղ»:
Մենք կապ հաստատեցինք նաեւ Մովսես և Ներքին Կարմիր աղբյուր համայնքների ղեկավարների`Կամենդատյան Մանվելի և Այդինյան Անդրանիկի հետ: Վերջիններիս խոսքով`բոլոր կրակոցների ժամանակ էլ նյութական վնասներ լինում են: «Ես չգիտեմ` հիմա կարևոր է այդ բնակիչների հոգեվիճակը, թե՞ նյութական վնասները»,-ասաց Կամենդատյան Մանվելը:
Իսկ Մովսես գյուղի գյուղապետ Այդինյան Անդրանիկն էլ մեզ հետ զրույցում ևս հաստատեց` եղել են նյութական վնասներ, իսկ թե կոնկրետ ինչ վնասների մասին է խոսքը, համայնքի ղեկավարը չմանրամասնեց:
Հ. Գ.Նշենք, որ համայնքի ղեկավարները մի տեսակ զգուշավոր էին հարցերին պատասխանում այն հիմնավորմամբ, որ չեն ցանկանում ժողովրդի մեջ անհարկի խուճապ տարածել և ուրախանալու առիթ տալ թշնամուն:
Սոնա Դավթյան

