ՎԱՐԴԱՎԱՌԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ
Արխիվ 12-16ՎԱՐԴԱՎԱՌԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ
Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը ՀՀ մշակույթի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու, Կոտայքի մարզպետարանի և մի շարք այլ գերատեսչությունների, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպեց «ՎԱՐԴԱՎԱՌ» միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում խրախուսել ազգային սովորույթների պահպանումը, ինչպես նաև դրանք ներկայացնել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Փառատոնը Գեղարդից մինչեւ Գառնի ձգվող մի ամբողջ տոնակատարությունների շարք էր, որին մասնակցեց նաեւ «Իրավունքը»:
Մեզ հետ զրույցում «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնի համակարգող ՀԱՅԱՍԱ ԹԱՀՄԱԶՅԱՆԸ նշեց. «Փառատոնի մասնակիցների ցանկում էին 120 օտարերկրացի երիտասարդ, ովքեր միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի շրջանակներում եկել էին Հայաստան ու ներկա գտնվեցին այստեղ: Ավելին`
նրանք իրենց փոքրիկ ներկայացումներն ունեցան Գառնու տաճարում»: Անդրադառնալով փառատոնի արդեն կայացած ծրագրին` Հ. Թահմազյամը ասաց. « Ծրագիրը սկսվեց Գեղարդից` եկեղեցական ծեսով, ապա Սուրբ Պատարագից հետո Գեղարդի վանքի ետնամասում տեղի ունեցավ երիտասարդության օրհնության ու մատաղի օրհնության կարգեր, այնուհետեւ ելույթ ունեցան «Վան» ազգագրական համույթն ու «Վահագն» դհոլահարների անսամբլը: Ի դեպ, «Վան» ազգագրական համույթը պատրաստել էր նաեւ Վարդավառին նվիրված երգերի մի ամբողջ շարք: Այնուհետեւ արդեն Գառնու տաճարում մարզերն ու մի շարք հասարակական կազմակերպություններ կառույցներ, ինչպիսիք են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացան ծրագրերով, բեմադրություններով , հնչեց ազգային երգ-երաժշտություն: Իսկ Վարդավառ փառատոնի փակումը եղավ Գառնու տաճարում, որտեղ «Ակունք» ազգագրական համույթը եւ տոնին մասնակից դերասանները բեմադրությամբ ներկայացրեցին Վարդավառի զուտ ազգային
ավանդույթները (գեղ. ղեկավար Արմեն Սարգսյան)»: Ըստ մեր զրուցակցի, փառատոնի կազմակերպման գաղափարը մեծ ոգեւորվածությամբ ընդունվեց բոլորի կողմից, քանի որ. «Ներկա դրությամբ շատ քիչ միջոցառումներ, փառատոններ են իրականացվում երիտասարդության շրջանակում, որոնք խրախուսում են ազգային արժեքների պահպանմանը»: Իսկ թե արդյոք օտարերկրացի երիտասարդ մասնակիցները վարդավառյան տոնակատարությունը հայկական ազգային տարօրինակություն չհամարեցին, Հ. Թահմազյանը պնդեց հակառակ տեսակետը. «Ոչ, քանի որ ջուր ցողման արարողակարգեր, որոշակի տոնակատարությունների շրջանակում նրանք ունեն: Համենայն դեպս, զվարճալի է նրանց համար ու հետաքրքիր, քանի որ նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր ազգային երգ-երաժշտությանը, սովորույթներին ու նաեւ արդեն գիտեն Վարդավառի բուն էությունը»:
Հավելենք, որ փառատոնի կազմակերպիչների մտահորիզոնում կա այս փառատոնը դարձնել ամենամյա ու էլ ավելի ընդլայնել տոնին մասնակից դարձողների շրջանակները:






Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐՖՅԱՆԻ
Հ.Գ. – Շարունակելի…

