ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԽԼԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԿՆՈՋ ԲՆԱԿԱՐԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԽԼԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԿՆՈՋ
ԲՆԱԿԱՐԱՆԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրիդա Հարությունյանը մեկն է այն սիրիահայերից, որը 2012-ին լքեց Սիրիան այնտեղ տիրող պատերազմական գործողությունների պատճառով և եկավ Հայաստան: Սակայն այստեղ վերադառնալուց հետո տիկին Ֆրիդային նոր խնդիրներ էին սպասվում: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում ասաց տիկին Հարությունյանը, իր հորից`Գաբրիել Հարությունյանից ստացած Վարդաշեն 8-րդ փողոց, 58-րդ հասցեում գտնվող տունը խլել է իր խորթ եղբայրը`Ռոբերտ Արզումանյանը և այն կեղծիքների միջոցով սեփականաշնորհել. «1991-ից` հորս մահից հետո, ես ընունել եմ ժառանգությունը: 1991-ի փետրվարին ստացել եմ սեփականության իրավունքի վկայականը: Նույն թվականի վերջին ամուսնացա Սիրիա: 1998-ին իմացա, որ եղբայրս դիմել է պատկան մարմիններին`սեփականաշնորհելու իր զբաղեցրած տարածքը: Մեծ եղբորս հետ փորձեցի Արզումանյանի հետ համաձայնության գալ, որպեսզի որոշ գումարի դիմաց հեռանա տանից: Ըստ իր կնոջ ազգականների` ինձ փոխանցած տեղեկության,որպես փոխհատուցում մեծ գումար էին ինձանից պահանջում, որը ես ի վիճակի չէի եւ չէի կարող տալ»:
Տիկնոջ խոսքով`ոչ մի փաստ չկա դատական այս գործում, ոչ մի փաստ արխիվային քննված գործերի նյութերում: «Բոլոր այն փաստերը, փաստաթղթերը, որոնք մենք ներկայացրել ենք դատարան, հաշվի չեն առնվել: Բոլոր բողոքները մինչև վճռաբեկ դատարան, կանխամտածված մերժվել են»,- պնդում է մեր զրուցակիցը:
Ֆ.Հարությունյանը հրապարակեց մի քանի դատավորի անուններ, որոնք իր խոսքերով կեղծիքների հիման վրա են կայացրել վճիռներ: Էրեբունու առաջին ատյանի դատավորներ`Յ.Ռաշիդյան, Ա. Պետրոսյան, Ա.Գաբրիելյան, վերաքննիչ դատարան`Տ. Սահակյան, Դ. Խաչատրյան, Լ. Գրիգորյան, վճռաբեկ դատարան`Հ. Գևորգյան, Է. Հայրիյան: Վերջինիս առնչությամբ տիկին Հարությունյանը մի փաստ նշեց. 2010 թվից սկսած գործով Երեւան եկած նոր հանգամանքները փաստո տարբեր դիմումները Վճռաբեկ դատարանի այդ դատավորը հետ է վերադարձնում:
Դատական գործընթացը տևել է 6 տարի`1998-2004 թթ-ը: Այդ ընթացքում, ինչպես հայտարարեց մեր զրուցակիցը, կայացվել են ապօրինի վճիռներ, որոնց ետևում կանգնած են բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ: Թե ովքեր են նրանք, և ինչ կապ ունեն այս գործի հետ, դիտեք տեսանյութում:
Մեզ հաջողվեց կապ հաստատել նաև մյուս կողմի` Ռոբերտ Արզումանյանի կնոջ`Վարդանյան Ֆլորայի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց Ֆրիդա Հարությունյանի պնդումները: Նրա խոսքով` իրականում Գաբրիել Հարությունյանը տունը տվել է իրենց, ոչ թե Ֆրիդա Հարությունյանին. «Որ մի օր գաք, ես այդ փաստաթուղթը ցույց կտամ: Ափսոս, հիմա մոտս չի: Ես այդ թուղթը հանել եմ արխիվից, որ այդ տունը տրվում է Արզումանյան Ռոբերտին իր երեք երեխաների հետ միասին: Ոչ մի ձևի կտակ չի եղել: Ես տեղյակ չեմ»:
Վարդանյան Ֆլորայի խոսքով` Ֆրիդա Հարությունյանն ամուսնացել-գնացել է, հետո ետ է եկել իր որդու հետ հայրական տուն ու ինչպես ինքն է ասում`սկսել է իր ընդլայնումները. «Նա ուզում է բոլորին տնից վտարել, ձեռքին որ ճար լինի, իր որդուն էլ կվտարի: Ինքն իր բաժինն ունի, մենք` մերը: Ապրի էլի, ինչ ես ուզում էս կյանքից»:
Նշենք, որ տան մյուս հատվածում բնակվում է Ֆրիդա Հարությունյանի որդին, որն իր հերթին ամուսնացած է և ընտանիք ունի: «Տան այն մասը, որտեղ ես ժամանակին ապրել եմ, թողել եմ իմ տղային: Ես պահանջում եմ տան մյուս հատվածը, որպեսզի իմ առանձին անկյունն ունենամ»:
Ֆրիդա Հարությունյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել կեղծիքներ կատարած դատավորներին: «Պայքարելու եմ մինչև վերջ, մինչև արդարության հաստատումը»,-ասաց նա:
Ի պատասխան սրան`Վարդանյան Ֆլորան հակադարձում է.«Ես վախենալու ոչ մի բան չունեմ, ճշմարտությունն իմ կողմն է»:
Մանրամասները` տեսանյութում
Սոնա Դավթյան

