«ՎԱՐԴԱՎԱՌԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է»
Արխիվ 12-16«ՎԱՐԴԱՎԱՌԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ Է»
Հուլիսի 27-ին ամբողջ հայությունը նշելու է Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը, որը հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոններից մեկն է: Այն նշվում է սրբ. Զատիկից 98 օր հետո: Տոնի խորհուրդի համաձայն այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում, որը ժողովուրդը կոչում է «ջրոցի»: Այս տոնը հայ եկեղեցին սկսում է շաբաթվա պահքով, ուստի տոնը մեկնակում է կիրակնօրյա պատարագով, որի ժամանակ ընթերցվում է ավետարանական այն հատվածը, որտեղ նշվում է, թե ինչպես Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսը պայծառակերպվեց: Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Կարապետ քահանա Կարապետյանի խոսքով`Քրիստոսի պայծառակերպությունը նաեւ ուղղված է հասարակ մահականացուներին, քանի որ նրանք եւս կոչված են անընդհատ պայծառակերպվելու` անընդհատ վերափոխվելով ու բարեփոխվելով քրիստոնեան պետք է քայլի տիրոջ ճանապարհով: «Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը մենք այցելում ենք մեր ննջեցյալների գերեզմաններին, որպեսզի պայծառակերպության լուրը հաղորդենք նաեւ նրանց: Խիստ արգելված է, որպեսզի Վարդավառի օրն այցելեն գերեզմանոց, որովհետեւ այդ օրը տոն է`Հիսուս Քրիստոսի մեծ տոններից մեկը»,-նշեց Տեր ԿԱՐԱՊԵՏ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Ըստ քահանայի` հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է այն մարմինը, որը իր մեջ կրում եւ փոխանցում է ազգային ու ավանդական բոլոր գեղեցիկ արարողությունները: Նրա մեկնաբանմամբ տոնին միմյանց վրա ջուր ցողելն ունի ջրհեղեղի խորհուրդը:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանի բնորոշմամբ էլ` Վարդավառը համարվում է նաեւ սիրո տոն, քանզի տոնի նախօրեին զույգերը նշանադրվում էին եւ սպասում մինչեւ աշուն, որպեսզի ամուսնանան: Նա համաձայն չէ այն կարծիքների հետ, ըստ որոնց Գրիգոր Լուսավորիչը վերացրել է բոլոր նախաքրիստոնեական ծեսերն ու ավանդույթները, ավելին` հեթանոսական շրջանի բոլոր կենսունակ երեւույթները նոր իմաստով շարունակում է Առաքելական եկեղեցին: «Դրա վառ ապացույցը հենց Վարդավառի տոնն է , որը անհիշելի ժամանակներից նշվել է, որպես ջրի եւ պտղաբերության տոն, իսկ քրիստոնեությունից հետո` տոնին ավելացվել է հոգեւոր խորհուրդը: Վարդավառը ոչ միայն ժողովրդական, այլեւ`ազգային տոն է,կան տոններ որոնք միայն ժողվրդական են , օրինակ Համաբարձման տոնը ժողովրդական է»,-շեշետեց ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ:
Վարդավառի արմատները գալիս են հեթանոսական շրջանից, այն դարեր ի վեր պահպանվել է եւ տոնվել, ուստի Վ. Դեւրիկյանը ընդգծեց, որ ինչպես չեն մահանում հին աստվածները, այնպես էլ գեղեցիկ ավանդույթները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

